Ոչ Թուրքիայից սիրուհի ստացվեց, ոչ Իրանի՞ց

Մի քանի շաբաթ առաջ, երբ Մոսկվայում, թե Սանկտ Պետերբուրգում հանդիպեցին Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահները, BBC-ն մի սրամիտ վիկտորինա էր հրապարակել իր ռուսական ծառայության կայքում. վիկտորինայում մեջբերումներ էին արված տարբեր տարիների, տարբեր վայրերում Էրդողանի եւ Պուտինի ունեցած ելույթներից, եւ առաջարկվում էր կռահել, թե ով է մեջբերման հեղինակը: 17 մեջբերումից 14-ի, թե 15-ի դեպքում ճիշտ կռահեցի մեջբերման հեղինակին, այնպես որ, վերջում BBC-ի գնահատականն էր, թե շնորհավորում ենք, BBC-ի փորձագետները նախանձով են նայում Ձեր գրանցած արդյունքին: Ինձ էլ զարմացրել էր այն, թե BBC-ի աշխատակիցներն ինչպես էին կարողացել այդ մեջբերումները գտնել. անհնար էր հավատալ, որ դրանք միեւնույն դատարկախոս անձին չեն պատկանում: Այնուամենայնիվ, ամբողջ վիկտորինայից մի մեջբերում մնաց հիշողությանս մեջ, որի վրա երկար ծիծաղեցի, Պուտինի բառերն էին՝ չգիտեմ երբ, ինչ միջավայրում, ինչ առիթով ասված. «Մենք երբեք Եվրոպային չենք վերաբերվել որպես սիրուհու… Մենք միշտ առաջարկել ենք լուրջ հարաբերություններ…»:

Մարդ որքան պետք է խճճված լինի սեփական սիրային պատմությունների մեջ, որ միջազգային հարաբերություններն էլ դրանց պրիզմայով ընկալի: Ինչ եթերներում պետք է սավառնել, որ մի ամբողջ մայրցամաք, այն էլ այն մայրցամաքը, որի շուրջ պտտվում է երկրագունդը, ընկալես որպես սիրուհի, քեզ ու քո երկիրն էլ, ենթադրելի է՝ որպես սիրեկան: Հենց այդտեղ էլ Պուտինն անուղղելի սայթաքել է, որովհետեւ, ինչպես ժամանակին Լլոյդ Ջորջն էր ասում, թե թուրքը չի կարող լինել ջենթլմեն, այնպես էլ ռուսը չի կարող լինել սիրեկան:

Բայց դե, ինչ անես, եթե Պուտինի տարաբախտ իլյուզիաներից մեկն էլ այն է, թե ինքն ու իր երկիրը սիրեկան են, որոնց ըստ արժանվույն չեն գնահատում: Ընդ որում՝ ոչ միայն Եվրոպայում, այլեւ ընդհանրապես այս աշխարհում: Մի ժամանակ Պուտինն ինչո՞վ էր զբաղված՝ БРИКС ձեւավորելով ու թմբկահարելով, թե BRICS-ը (Brazil, Russia, India, China, South Africa) միջազգային բեւեռ է, G7-ի կամ գոնե G20-ի հակակշիռ: Եվ ո՞ւր հասավ մեր ինքնակոչ սիրեկանը: Նրանից հետո, երբ Ռուսաստանի մարզիկների զգալի մասին արգելեցին Բրազիլիայի օլիմպիական խաղերին մասնակցել, մասնակիցներին էլ դիմավորեցին անտարբերությամբ, ավելի սուլոցներով, քան ծափահարություններով, ինքնակոչ սիրեկանը հարկադրված էր ընդունել, որ ամերիկյան մայրցամաքում ռուսներին ոչ միայն սիրեկան չեն համարում, այլեւ գուցե չեն էլ ճանաչում:

Բայց BRICS-ի վերաբերյալ պատրանքների հօդս ցնդելն իրեն սիրեկան երեւակայող Ռուսաստանի ամենամեծ հիասթափությունը չէր այս ամռանը: Մերձավոր Արեւելքում ստացած հարվածներն ավելի ցավագին էին ու հեռահար հետեւանքներ ունեցող: Այն, որ Պուտինի մտքով անցել է բարձաձայն երազել, թե ինքն ու իր երկիրը կարող են Եվրոպայի համար սիրեկան լինել, միայն ժպիտ է հարուցում, բայց մեծ եղբայր, պաշտպան, գերտերություն, միջազգային բեւեռ եւ նման հասկացություններ ռուսներն իրենց մասին որքան ասես գործածում են: Եվ, իհարկե, արդեն ոչ թե քաղաքական, այլ ֆիզիկական, հոգեկան անհրաժեշտություն դառնում, որպեսզի ինչ-որ մեկն էլ ՌԴ սահմաններից դուրս ռուսների մասին այդպես մտածի:

Քանի որ ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովից հետո պարզ դարձավ, որ Ռուսաստանը Եվրոպայում չի կարող ոտնձգություններ կատարել՝ առանց ամբողջ ՆԱՏՕ-ի հետ ռազմական բախման հայտնվելու, եւ Եվրոպայում ՌԴ-ի համար նույնիսկ դրական ընկալվելն է խնդիր, այժմ էլ Մոսկվայում սկսեցին հորինել ու իրենց համոզել, թե հնարավոր է Մերձավոր Արեւելքում սիրեկանի, պաշտպանի կամ գերտերության կարիք ունենան եւ Պուտինին ու Ռուսաստանին այդ դերում ընկալեն: Այս նոր միրաժի տրամաբանությամբ էլ սկսեցին դատարկախոսել, թե իբր Ռուսաստան-Իրան-Թուրքիա առանցք են ձեւավորում:

Այն էլ, դեռ այս նոր քարոզչական նախագիծը ողջ ներուժով չծավալած, հիասթափություններն սկսվեցին: Առաջինը՝ Էրդողանը, որը հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո կատաղության գագաթնակետից չէր իջնում եւ Արեւմուտքի դեմ էր ճառում ու դրանով Ռուսաստանին մոլորության մեջ էր գցել, թե բավական է իրենք բարեկամություն առաջարկեն, եւ Թուրքիան իրենց շնորհակալությամբ, որպես սիրեկան, պաշտպան ու գերտերություն կընդունի, խորտակեց Ռուսաստանի հույսերը հենց Պուտինի հետ հանդիպմանը: Պուտին-Էրդողան օգոստոսյան հանդիպումից եւ ասուլիսից բոլորի մեջ տպավորվել էր այն, թե Թուրքիայի նախագահը քանի անգամ էր ասել. «Իմ սիրելի ընկեր Պուտինը»: Այլ կերպ ասած՝ քանի անգամ էր ընդգծել, թե իրեն դիտում է Պուտինին ընկեր եւ հավասար մեկը: Դրանից հետո պե՞տք է արդյոք զարմանալ, որ Պուտինը Թուրքիա չի մեկնում, թերեւս, նույնիսկ G20-ի՝ շաբաթավերջին Չինաստանում գումարվող գագաթնաժողովում էլ Էրդողանին չհանդիպի:

Եթե Էրդողանը Ռուսաստանի մեծապետական ինքնահամարմանն ու հավակնություններին հագուրդ չի տալիս, այլեւս հանդիպելու իմաստը ո՞րն է: Այժմ էլ Թուրքիայի՝ Սիրիայի տարածք մտնելը եւ Ասադի դեմ մարտնչող հիմնական ուժին՝ Սիրիայի ազատ բանակին բացահայտ աջակցություն ցուցաբերելը կծառայեցվի որպես պատրվակ ռուս-թուրքական սիրախաղի ընթացքը դանդաղեցնելու կամ մարելու համար: Էրդողանի կողմից հրապարակավ Ռուսաստանին իբրեւ հավասար ռեգիոնալ պետության վերաբերվելը չէր կարող Պուտինի եւ Կրեմլի ինքնասիրությունը չխոցել:

Նույնկերպ էլ բավական էր ռուսները պարծենային, թե իբր իսլամական հեղափոխությունից հետո իրենք առաջին օտար տերությունն են, որին Իրանը տրամադրել է իր օդանավակայանը՝ ռազմական թռիչքների համար, որպեսզի Թեհրանը նախ ռուս զինվորականներին իրենց տեխնիկայով հանդերձ դուրս հրավիրեր Իրանից, հետո էլ պաշտոնյաներից մեկի շուրթերով հայտարարեր, թե ռուսները գաղտնի համագործակցությունը դարձրել են հրապարակային, իբր ցույց տալու համար, թե իրենք գերտերություն են եւ Իրանում նման համարում ունեն: Իրանի պատասխանը Ռուսաստանի հավակնություններին, ինչպես տեսանք, հաշված ժամերի ընթացքում շատ առարկայորեն հետեւեց՝ ռուս զինվորականներին Իրանից դուրս հրավիրելու տեսքով: Արդյունքում Կրեմլի երկու ամառային սիրավեպերն էլ ձախողվեցին՝ ոչ Թուրքիայից սիրուհի ստացվեց, ոչ Իրանից…

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X