Ոչինչ չի փոխվել

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերջին հրաժեշտի էպիտաֆիայում բավականին հուզառատ երանգներ կան: Այն ավելի շատ ներբող է հիշեցնում, փառաբանում, ձոն սեփական գործին եւ աշխատասիրությանը: Վարչապետն ասես ինքն իրեն վարձատրում է, շնորհակալ ու երախտապարտ լինում այս 29 ամիսների բազմաչարչար աշխատանքի համար:

Մեր պետության կառավարման սիստեմի եւ այլ համակարգերի ողջ փիլիսոփայությունն ու տրամաբանությունն են այդպիսին. «Չկա-չկա՝ գոնե մենք մեզ գովաբանենք, քանի որ մեր փոխարեն դա ոչ ոք չի անելու»: Ինչ խոսք, Հովիկ Աբրահամյանը, ինչպես ասում են, հեռանալուց առաջ հարկ համարեց թվարկել եւ, իհարկե, առաջինը Սերժ Սարգսյանին ու հարակից շրջապատին հիշեցնել պետականաշինությանն ուղղված իր հսկայական ջանքերի ու ձեռքբերումների մասին:

Հետաքրքիր է՝ մի կողմից, հայտնվում է վարչապետի հրաժարականի տեքստը, մյուս կողմից՝ հենց դրա կողքին դրվում է մեկ ուրիշը, որտեղ թվարկված են այն բոլոր խոստումները, որոնք այդպես էլ չեն կատարվել, թվարկված են կորուստները, որ կրել է Հայաստանը հենց այս կառավարության վատ աշխատանքի արդյունքում: Երկրորդ փաստաթուղթը ճշմարտանման է այնքանով, որ դրանում ավելի շատ խոսում են փաստերը, իսկ վարչապետի տեքստում խոսում են ճշմարտության մասին Հովիկ Աբրահամյանի պատկերացումները: Այդպես է: Եթե քո պատկերացման մեջ եղել ես գերազանց վարչապետ, ուրեմն ոչ ոք, ոչ մի բացարձակ ճշմարտություն, նորմատիվ ակտ չեն կարող ծնկի բերել այդ պատկերացման իրավացիությունը: Բայց գուցե այսօրինակ տեքստը Հովիկ Աբրահամյանի համար լոկ հոգու ապավեն է, զորակցություն՝ կյանքի ծանր հարվածներին դիմակայելու լրջագույն ճանապարհ:

Բայց, այնուհանդերձ, որքան էլ ՀՀ վարչապետի մերձավորները ցավում են այս փորձանքի համար, միեւնույն է՝ Հայաստանում որեւէ հիմնարար փոփոխություն չի եղել: Սակայն ի՞նչ տարբերություն՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյա՞նը կլինի, թե՞ Կարեն Կարապետյանը: Միգուցե նրանք սանրվածքներով են տարբեր, տարբեր են դիմախաղով ու ժեստերով, սիրելի զբաղմունքներով, բայց կարգակցությամբ կատարելապես նույնն են: Իշխանության մեջ ներքին տեղաշարժերի հարցը միայն ներքին տեղաշարժերի հարց է եւ, անկասկած, միտված է այն ավելի ամրապնդելուն, ավելի զորեղացնելուն: Վերջիվերջո, իշխանությունը ներկա դրությամբ հազար ու մի գլխացավանքների մեջ է: Խոսքն առաջին հերթին 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների մասին է, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են: Չէ՞ որ սիստեմը ոչ մի վայրկյան իրավունք չունի թուլացնել իր դիրքերը՝ հանկարծ կասկածի տակ դնելով ընտրությունների վերջնարդյունքը:

Միանշանակ, Հովիկ Աբրահամյանը, որպես ընտրակեղծիքներ կազմակերպող հայտնի բրուտագործ, միեւնույն է՝ անաշխատանք չի մնա: Երեւի թե նա կվերադառնա իր հարազատ առաքելությանը՝ կարգի բերելով նախընտրական ծրագրերի, դրանց կազմակերպման ողջ փաթեթը: Միով բանիվ, իշխանությանն այդպիսի ծառայություններ մատուցելն ավելի սրբազան մի առաքելություն է, քան վարչապետի աթոռին նստելը: Եվ նախկին վարչապետն իր ձեռքից այդ շանսը բաց չի թողնի:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X