Էպիֆանցեւը բոլորովի՞ն հիմար է

Երեկ, թե նախորդ օրն ուշադրությունս գրավեց Էպիֆանցեւ ազգանունով ինչ-որ ռուս քաղաքագետից հայաստանյան կայքերից մեկի՝ Tert.am-ի վերցրած հարցազրույցը: Ինքս կայքերի հետեւողական ընթերցող չեմ, այնպես որ, ուշադրությունս գրավողը հրապարակման վերնագիրն էր. «ԼՂ հարակից 5 շրջանները կվերադարձվեն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Հայաստանի սահմանների բացման դիմաց. Էպիֆանցեւ»։

Զարմացնողը «տեղեկացվածության մակարդակն էր». եթե Էպիֆանցեւ կոչվածը դիվանագետ է, ինչպե՞ս կարող է իրեն թույլ տալ նման գաղտնազերծումներ, եթե դիվանագետ չէ, ապա իրեն որտեղի՞ց տեղեկություններ: Ի վերջո, բացեցի նյութը, մասամբ կարդացի՝ շարքային ռուսի դատարկախոսություն, չասելու համար՝ վայրահաչոց: Ինչո՞ւ: Հակատրամաբանական լինելու պատճառով:

Ճիշտ է, որ Հայաստանին ԼՂ խնդրի լուծումը հարկավոր է երկու պատճառով, որպեսզի չլինեն զոհեր հայկական կողմից, եւ որպեսզի բացվեն կոմունիկացիաները: Բայց ի՞նչ կոմունիկացիաների մասին է խոսքը: Հայաստանին հարկավո՞ր է Ադրբեջանի հետ սահմանի բացում, հազիվ թե: Վրաստանի եւ Իրանի հետ սահմանները բաց են: Մնում է Թուրքիայի սահմանը: Բայց նույնիսկ Թուրքիայի հետ սահմանի հարցում Հայաստանի համար կենսական նշանակություն ունի միայն եւ միայն Արեւմտյան Հայաստանի տարածով ելքը դեպի Միջերկրական ծով: Ինչո՞ւ. որովհետեւ Թուրքիայի սեւծովյան նավահանգիստների, ներառյալ Տրապիզոնի բաց կամ փակ լինելը մեծ բան չի փոխում Հայաստանի համար: Ի՞նչ տարբերություն՝ Բաթումի-Փոթիով ես ապրանք տեղափոխում, թե՞ Տրապիզոնով: Տրապիզոնը նույնքան դուրս է համաշխարհային նավագնացության մայրուղիներից, որքան Բաթումին կամ Փոթին:

Համաշխարհային նավային փոխադրողները, համարյա դրանցից յուրաքանչյուրը՝ HamburgSud-ից ու Maersk-ից մինչեւ որը կուզեք, շաբաթական առնվազն երկու նավարկություն են իրականացնում Միջերկրականում՝ դուրս գալով Հյուսիսային Եվրոպայի նավահանգիստներից, անցնելով Միջերկրական ծովի համարյա բոլոր երկրների նավահանգիստներով, ներառյալ Թուրքիայի Մերսինով, եւ յոթ-ութ օրում նավարկությունն ավարտելով Իտալիայում: Մինչդեռ բոլոր այդ ընկերություններն ամբողջ ամսում հազիվ մեկ անգամ են Բոսֆորն ու Դարդանելն հատում եւ մտնում Սեւ ծով: Ուր ութ նավարկությունը, ուր մի նավարկությունը:

Դրա համար էլ Հայաստանի համար Սեւ ծովի ափին գտնվող Տրապիզոնը մեծ առավելություն չէ վրացական նավահանգիստների համեմատ, քանի որ դա չի տալիս ելք դեպի ծովային մայրուղիներ: Նուբար փաշան եթե հարյուր տարի առաջ ասում էր, որ Կիլիկիան ու Միջերկրականի ելքը Հայաստանի թոքերն են, առանց դրանց Հայաստան ապրել չի կարող, զուր չէր ասում:

Սակայն արի ու տես, որ այժմ Արեւմտյան Հայաստանի տարածքում ամենաիսկական պատերազմ է ընթանում թուրքերի եւ քրդերի միջեւ, վերացնելով անվտանգության ամեն երաշխիք։ Հետեւաբար, եթե Թուրքիայի հետ սահմանն այսօր բաց էլ լիներ, միեւնույն է՝ հնարավոր չէր լինի Միջերկրական ծովի հետ հաղորդակցություն պահպանել: Եվ այդ հաղորդակցությունը հնարավոր չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ թուրքերն ու քրդերը մինչեւ վերջ իրար չեն կոտորել եւ զինադադարի չեն հանգել: Իսկ դա դժվար մեկ-երկու տարուց նվազ ժամանակ պահանջի: Ճիշտ այդքան ժամանակ էլ Հայաստանի համար Թուրքիայի հետ սահմանի բացել-չբացելը որեւէ նշանակություն չունի, որպեսզի Հայաստանը կոմունիկացիաներ բացելու համար զիջում անի:

Չգիտեմ՝ Հայաստանը ճիշտ վարվեց, թե սխալ, որ 2009-ին, երբ Թուրքիան խնդրում էր թեկուզ մի խորհրդանշական շրջան վերադարձնել Ադրբեջանին, որպեսզի Անկարան արդարացում եւ դյուրություն ունենա Թուրքիա-Հայաստան սահմանը բացելու, Հայաստանը չհամաձայնեց: Եթե 2009-ին, երբ Թուրքիան շատ ավելի բարվոք վիճակում էր, եւ Միջերկրականի ելքն էլ երաշխավորված էր, Հայաստանը չի համաձայնել ԼՂՀ թեկուզ մեկ շրջանի վերադարձի, հիմա՞ պիտի համաձայնի, երբ Թուրքիայի սահմանը ֆորսմաժորային ուժով՝ թուրք-քրդական պատերազմով փակված է: Միայն Էպիֆանցեւի կարգի բոլորովին հիմարը կարող է այդքանը չհասկանալ:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X