Վերջապես՝ ոչ միայն Ֆրանկոֆոնիայի օրեր

Սեպտեմբերի 14-ին Հայաստանում մեկնարկեց «Գերմաներենի օրեր» միջոցառումների շարքը, որը Հայաստանում Գերմանիայի, Շվեյցարիայի եւ Ավստրիայի դեսպանությունների համատեղ նախաձեռնությունն է: Ի՞նչն է միավորում այդ երեք երկրներին: Այն, որ դրանք բոլորը գերմանախոս են:

Հայաստանում ամենատարածված օտար լեզուն, թերեւս, անգլերենն է՝ հատկապես երիտասարդ սերնդի պարագայում, նաեւ ռուսերենը՝ տարեցների պարագայում: Այդուհանդերձ, ինչ-որ չեմ հիշում, թե Հայաստանում երբեւէ անգլերենի օրեր անցկացված լինեն: Փոխարենը ամեն տարի, գոնե վերջին մի քանի տարիներին, Հայաստանում «Ֆրանկոֆոնիայի օրեր» են անցկացվում, որ երբեմն շաբաթներ են տեւում: Ինձ այդպես էլ չի հաջողվել հասկանալ, թե Ֆրանսիան ինչ առանձնահատկություն ունի, որ Հայաստանում ամենամյա հաճախականությամբ ֆրանսերենի եւ մշակույթի օրեր են անցկացվում, իսկ, դիցուք, իտալերենի, գերմաներենի, հունարենի կամ իսպաներենի օրեր գրեթե չեն անցկացվում:

Այնպես որ, միանգամայն ուրախացա՝ ստանալով Գերմանիայի դեսպանատան հրավերը, որտեղ հայտնվում էր, որ սեպտեմբերի 14-ից հոկտեմբերի 3-ը Հայաստանում կազմակերպվում են «Գերմաներենի օրեր», եւ դրանց մեկնարկի առիթով Գերմանիայի դեսպանատանը կկայանա ԳՖՀ դեսպան Մաթիաս Քիսլերի, Շվեյցարիայի համադաշնության դեսպան Լուկաս Գասսերի եւ Ավստրիայի դեսպանության կողմից Մորիս Լենգլախների ասուլիսը:

Բնականաբար, ասուլիսին ներկայացվեցին միջոցառումները: Պարզվեց՝ դրանք աշխարհագրորեն ընդգրկելու են գրեթե ողջ Հայաստանը: Միջոցառումների մեկնարկը տրվում էր Եղեգնաձոր, Գորիս, Կապան քաղաքներում, եւ եզրափակիչ օրվա՝ հոկտեմբերի 3-ի միջոցառումներից մեկը կայանալու է Ճամբարակում, իսկ գերմանական հանրահայտ տոնը՝ Oktoberfest-ը, կտոնվի սեպտեմբերի 24-ին, Գյումրիում:

Բովանդակության տեսակետից հրաշալի ծրագիր է կազմված, որի մի քանի դրվագները կարող են մշակութային իրադարձություն դառնալ: «Գերմաներենի օրերի» շրջանակում նախատեսված են թե գրական ստեղծագործությունների ընթերցանություններ, թե կինոցուցադրություններ, թե գերմաներենի հետ ծանոթության երեկո, թե ակումբային հավաքույթներ, սպորտային մրցույթներ, կարաոկե, թատերական ներկայացում, թե դասախոսություններ, այդ թվում՝ Վիեննայի Մխիթարյան միաբանության եւ Գուստավ Կլիմթի կյանքի ու ստեղծագործության մասին, եւ, վերջապես, Երեւան ժամանող գերմանական ֆիլհարմոնիկ նվագախմբերից մեկի համերգը հոկտեմբերի 3-ին՝ Գերմանիայի միասնության օրը: Միջոցառումների մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է Գերմանիայի դեսպանատան կայքից:

Այդուհանդերձ, հպանցիկ թվարկումից էլ ակներեւ է, որ «Գերմաներենի օրերը» ոչ միայն եւ ոչ այնքան գերմաներենի, որքան գերմանական, նաեւ շվեյցարական եւ ավստրիական մշակույթի ներկայացման հայտագիր են: Հաշվի առնելով, թե 2016թ. ինչ էական հանգրվան դարձավ հայ-գերմանական հարաբերություններում՝ ի դեմս Բունդեսթագում 1915թ.-ի վերաբերյալ ընդունված բանաձեւի, աններելի կլիներ, եթե գոնե այժմ մշակութային ու լեզվական շփումներն էլ առաջ մղելու համարժեք քայլեր չկատարվեին: Դեսպան Քիսլերն ասաց, որ հետագա տարիներին «Գերմաներենի օրերի» անցկացումը կախված է նրանից, թե ինչ ընդունելություն եւ արձագանք կունենա այս տարվա միջոցառումների շարքը: Իհարկե, դրանց արդյունքները կամփոփվեն ավարտից հետո, բայց մեկնարկին էլ, դատելով հայտագրված ծրագրից, կարելի է հաջողությանը հավատալ:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X