Ալ Պաչինո, Մարտա Քելլեր․ Այսպիսի սեր․․․

>

«Լավ, ինչո՞ւ այդպես էլ չամուսնացաք»,-հարցնում է լրագրողը Ալ Պաչինոյի այն միակ սիրուն, ում հետ դերասանն անգամ այս ծերունական օրերում պահպանում է ընկերական ու ջերմ հարաբերություններ։ Հոլիվուդի սրտակերը 76 տարեկան է, նրա բազում սիրավեպերը կարճատեւ կյանք են ունենում, եւ նա շարունակում է մնալ 76-ամյա ամուրի։

Բայց նրա հետ ամեն ինչ ուրիշ էր։ Նա՝․․․Մարտա Քելլերը։ Արդեն սպիտակահեր Մարտան հիշում է․ «Մենք Ալի հետ ապրեցինք 7 տարի։ Դրանք ե՛ւ ուրախ, եւ դժվար տարիներ էին։ Ես ինքս նրան թողեցի։ Շատ պատճառներ կային։ Առաջին հերթին հասկացա, որ այն ինչ զգում եմ Ալիի հանդեպ, սիրահարվածություն էր, ոչ թե սեր։ Երկրորդ հերթին՝ նա ինձ հոգնեցրել էր հիստերիկությամբ ու վայրի խանդով։

Օրինակ, ես պետք է գնայի նկարահանումների, հավաքում եմ իրերս նրա կասկածամիտ ու զայրացած հայացքի ներքո, մի կերպ դուրս էի թռչում տնից, նստում տաքսի, հասնում օդանավակայան, բայց չէի էլ կարող անգամ կասկածել, որ Ալը մեքենայով հետեւում է ինձ, հետո՝ մեկ այլ ինքնաթիռով ուղիղ հետեւիցս։ Ես անգամ միայնակ փողոց չէի կարող դուրս գալ, նա պետք է հարցներ․ «Իսկ ինչո՞ւ, իսկ ո՞ւմ հետ»։ Այդ ամենը դառնում էր արդեն անտանելի ու հոգնեցուցիչ։ Դա մի շրջան էր, երբ Ալը թողեց խմիչքը, իսկ նա այնպե՜ս էր խմում։

Ես սպառնացի՝ ասելով կամ ես, կամ՝ շիշը։ Հանուն ինձ նա թողեց մի բան, որն արդեն դարձել էր նրա երկրորդ Ես-ը։ Նա տանջվում էր, դարձել էր նյարդային, խոցելի, վեճեր էր սարքում չնչին պատճառներով։ Մի խոսքով իսկական «լոմկայի» մեջ էր։ Հետաքրքիր է, որ իր դեպքում ալկոհոլը ոչ թե կործանարար, այլ նորոգիչ ուժ ուներ։ Ահա այսպիսի պարադոքս։ Խմիչքը օգնում էր նրան լիցքաթափվել, մեղմել բնավորությունն ու էմոցիաները, օգնում էր հասնել ներդաշնակության ու հանգստի։ Առանց խմիչքի նա իրեն զգում էր անպաշտպան մարդկանց եւ կյանքի առաջ։

Մի օր մի փոքր ուշ եկա տուն, Ալը իրեն պատեպատ էր տալիս վայրի գազանի պես, ու սկսեց բղավել վրաս։ Ես տանել չեմ կարողանում վեճերն ու սկանդալները, իմ ծնողները երբեք ձայն չեն բարձրացրել իրար վրա․․․իսկ այստեղ սիրածս տղամարդն իրեն կորցրած բղավում է։ Լուռ պառկեցի գետնին, փակեցի ականջներս ու սկսեցի լաց լինել։ Նա հանգսացավ։ Բայց ես այլեւս ուժ չունեի այդ ամենը տանելու։ Նյարդերս շուտով տեղի տվեցին։ Ես հեռացա նրանից։ Հիմա հասկանում եմ, գուցե կորցրել եմ իմ ամբողջ կյանքի սերը, գուցե մի փոքր էլ էր ժամանակ պետք, պետք էր համբերել։ Բայց հենց այդ «մի փոքր» ուժն այլեւս չկար։

Մենք ամբողջ կյանքում պահեցինք կապը, մշտապես հանդիպում ենք, հիմա արդեն զանգահարում միմյանց (ես Փարիզում եմ ապրում, նա՝ Լոս Անջելեսում)։ Հենց երեկ զանգել էր ու խնդրում էր, որ տեղափոխվեմ իր մոտ։ Հիմա նրա համար ծանր շրջան է, նախկին երիտասարդ կինը անընդհատ ֆինանսական պահանջներ ունի երկու երեխաների համար, անդադար հոգնեցնում է նրան, փոխում երեխաների հետ ժամադրության օրերը եւ այլն։ Բայց ես այլեւս երբեք չեմ վերադառնա Լոս Անջելես։ Էլ ի՞նչ։ Ես արդեն 60 տարեկան եմ, տղաս թոռնիկներս, տունը, բակը, սովորությունները։ Ամեն ինչ այստեղ Փարիզում հարազատ է ու թանկ։ Այս տարիքում հեշտ չէ ամեն ինչ թողնել ու նոր կյանք սկսել»:

Ալ Պաչինոն շարունակում է ապրել ԱՄՆ-ում, Կալիֆորնիա նահանգում, երեխաներին մոտ լինելու պատճառով նա ստիպված էր լքել իր սիրելի Նյու-Յորքը։ Այսօր նա 76 տարեկան է, շարունակում է գրեթե ամեն օր զանգել Մարտային եւ կանչել նրան իր մոտ։ Մարտան նախընտրում է ծերությունն անցկացնել սիրելի Փարիզում, որդու եւ թոռների կողքին։

Աշխեն Քեշիշյան

Մեկնաբանություն
X