«Նոյան Տապան» գրատունը նույնպես հեռացվեց

Հիշում եք՝ 2011թվականին փակվեց Հանրապետության հրապարակի՝ Կառավարության տուն 2 հասցեում գտնվող «Անի» գրատունը: Սկզբում ասացին, թե վերանորոգում է, խանութի ներսում շինարարական բուռն աշխատանքներ էին ընթանում: Եվ ահա՝ 2013թվականին այն վերաբացվեց, բայց արդեն որպես կոնյակի հերթական խանութ: «Անի» գրատան հենց կողքը՝ «Նոյան Տապան» գրատունն էր՝ այո արդեն անցյալով, որովհետև «Նոյան Տապանը» նույնպես դուրս մղվեց, հեռացվեց Հանրապետության հրապարակի՝ Կառավարության տուն 2 հասցեից: Գրատունը տեղափոխվում է այլ տարածք: Գրասենյակից ասացին՝ Այս պահին դեռ կոնկրետ պարզ չէ, թե որ հասցեում է վերաբացվելու, գուցե Վաղարշյան փողոցի վրա:

Այսպիսով Հանրապետության հրապարակի Կառավարության տուն 2 հասցեն վերջանականապես «ազատագրվեց» «ոչ պիտանի, անկարևոր ու խեղճուկրակ» երկու ավանդույթ, պատմություն ունեցող գրատներից, որոնց տեղ երևանցիները փակ աչքերով էլ կգտնեին:

Հիշում եք՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքը, կառավարության 2012թվականի որոշման համաձայն, 51 270 840 ԱՄՆ-ի դոլարին համարժեք ՀՀ դրամով վաճառվել էր արգենտինահայ բիզնեսմեն Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ՓԲԸ-ին։ Սպասվում էր, որ ԱԳՆ–ի տեղում կհայտնվի Kempinski խմբի 5 աստղանի հյուրանոցը։ Արտաքին գործերի նախարարության այսպես ասած պատմական շենքը այս տարի ամբողջությամբ փոխանցվեց Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը: Կառավարության որոշման մեջ նշված է, որ գնորդը պարտավորվում է անհրաժեշտ ծավալով ներդրումներ կատարել և նորոգումից հետո ԱԳՆ շենքը վերածել հայտնի միջազգային ապրանքանիշի հնգաստղանի հյուրանոցի՝ պահպանելով շենքի պատմամշակութային տեսքը։

Իր փողերով հանրահռչակ Էռնեկյանը և նրան պատկանող «Տանգո» ընկերությունը գուցե գաղափար անգամ չունի, թե որքան կարևոր, որքան էական էին մեր քաղաքի համար այս երկու գրատները, ոչ միայն որպես գրքի կենտրոններ, այլև որ նրանք գործում էին հենց այս հասցեում՝ Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակում, Կառավարության տանը, որ երկու գրատներն էլ տարիների ընթացքում ձեռք բերած պատմություն և ավանդույթ ունեին՝ ճանաչելի էին, սիրելի: Նմանապես շատ կարևոր էր փաստականությունը, տեսնելը՝ որ հենց Կառավարության տան շենքում կարող են գրախանութներ, գրատներ լինել, որ կառավարության տունը փակ ռեժիմի բանտ չէ, չի պատկանում միայն փողկապավոր պաշտոնյաներին, գործարարներին ու չինովնիկներին: Այնուհանդերձ այս կարևորության գիտակցումը ո՞ւմից պահանջենք Հանրապետության հրապարակի Կառավարության տունը վաճառողների՞ց, թե Արգենտինայում ապրող փողատեր Էռնեկյանից: Անկասկած նրանք, ովքեր վաճառել են շենքը, չեն էլ մտածել, թե նույն հասցեում գործող «Անի» գրատան, «Նոյան Տապանի» լինելությունը մեր կյանքը, քաղաքը ամբողջացնող կենսական ու անհրաժեշտ մասնիկ է: Իսկ Էռնեկյանին ու նրան պատկանող «Տանգո» ընկերության ի՞նչ. կապիտալիստը ամեն տեղ, ամեն ինչում նույն կապիտալիստն է: Գրքերը փող բերեին, բիզնեսը բարգավաճեր՝ հնարավոր է ձեռք չտար:

Կարելի է միջնամատով ողջունել ու գրողի ծոցը ուղարկել փողատեր Էռնեկյանին ու նրա «Տանգո» ընկերությանը՝ «մեծ ձեռք բերում, խորը ձեռք բերում»՝ շուտով հերթական հյուրանոցը միայն՝ «ընտրյալների» համար:

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X