Իմ աշխարհը ներկայացնելով մերկանում եմ, ինձ դուր է գալիս մերկանալ (ֆոտոշարք)

>

Ասում են՝ արվեստը սահմաններ չի ճանաչում: Արտահայտություն, որն ամբողջական իմաստ է ստանում, երբ մուտք ես գործում նկարչի կամ քանդակագործի բազմագույն աշխարհ: Գույներ, պատկերներ, որոնք իրար հերթ չտալով, կլանում են հոգիդ, հափշտակում՝ միտքդ: Մուտք գործելիս առաջին հայացքից նմանվում ես կանգառում գնացքին սպասող մեկին, ով մոտավորապես երկու ժամ անձրեւի հետ կռվելուց հետո վերջապես գտնվում է գնացքի մասամբ ապահով խցիկում: Նախ ամեն ինչ քեզ հարազատ է, կանչող, ապա մաս առ մաս բոլորը դառնում են հետաքրքիր, գերող, երբեմն նաեւ վտանգավոր: Այսպիսին էին զգացողությունները, երբ մուտք գործեցի քանդակագործ Անժելա Մարտիրոսյանի եւ նկարչուհի Արուս Սիրադեղյանի ցուցասրահ:

- Ստեղծագործությունն արվեստագետի հոգուց է բխում, արդյոք չե՞ք վախենում հանրության առաջ բացել Ձեր հոգին:

Արուս Սիրադեղյան (նկարչուհի) - Իմ աշխարհը ներկայացնելով մերկանում եմ, ինձ դուր է գալիս մերկանալ: Եթե ես հոգուցս բխեցնում եմ ինչ-որ գործ, ուրեմն ուզում եմ հասանելի դարձնել հանրությանը, հակառակ դեպքում թղթին չէի հանձնի իմ հույզերն ու ապրումները:

Անժելա Մարտիրոսյան (քանդակագործ) - Եթե ստեղծագործում ես, ու դա քեզ մոտ ստացվում է ապա ինչու՞ չներկայացնել հանրությանը: Պետք է ազատվել բոլոր վախերից:

- Ե՞րբ եք զգում, որ նորը ստեղծելու պահն է:

Արուս Սիրադեղյան (նկարչուհի) - Սստեղծագործելը ժամանակ չի ճանաչում: Այն մարդու հոգուց դուրս է գալիս այնպես, ինչպես երեխան մոր արգանդից: Երբ գալիս է ծնվելու պահը, երեխան չի սպասում:

Անժելա Մարտիրոսյան (քանդակագործ) -Ստեղծագործում ես այն պահին, երբ ստեղծագործելու բուռն ցանկություն ես ունենում, երբ հոգիդ պոռթկում է:

-Լինո՞ւմ են պահեր, երբ ինքներդ չեք հավանում Ձեր գործերը:

Արուս Սիրադեղյան (նկարչուհի) -Ես նկարիչ չեմ, այլ կարծես գրիչ եմ մեկի ձեռքին, ով ոնց ուզում, շարժում է ինձ: Եվ երբ պատահում է, որ ինքս եմ դառնում նկարիչը, սկսում եմ չհավանել իմ գործերը:

Անժելա Մարտիրոսյան (քանդակագործ) -Երբ ստեղծագործում ես սիրով, դու գոհ ես մնում քո կատարած գործից, որքան էլ այն տարբերվում է իրականությունից: Օրինակ՝ ես երբեմն քանդակում եմ կոնկրետ մարդկանց պատկերներ, որոնք նման չեն իրենց բնորդներին, բայց միեւնույն է, ես քանդակի մեջ տեսնում եմ տվյալ մարդուն:

-Ունե՞ք այնպիսի գործ, որը երբեք որեւէ մեկին չեք վստահի:

Արուս Սիրադեղյան (նկարչուհի) - Մենք ստեղծվել ենք, որ տանք, մեզնից յուրաքանչյուրը պետք է տա, քանի որ ինչ-որ մեկը դրան է սպասում: Այնուամենայնիվ, կան գործեր, որոնք հավանավար երբեք չեմ տա որևէ մեկին, օրինակ՝ հորս պատկերը:

Անժելա Մարտիրոսյան (քանդակագործ) - Պետք է գործերը ստեղծել, բաց թողնել, ապա նորից ստեղծել:

Զրուցեց Նարե Գեւորգյանը

Մեկնաբանություն
X