Վճռականության չափը

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի զարկ տված փոփոխություններն այլընտրանք չունեն, քան ուշ թե շուտ իսկապես ցույց տալ մի հիմնարար ու դրական արդյունք կամ էլ ցավալիորեն կրկնել հին պատմությունը՝ իր հետ տանելով մարդկանց մեջ արթնացած հույսը: Իսկ այն, իհարկե, արթնացել է: Հայաստանում հույս արթնացնելն այդքան էլ դժվար բան չէ: Համապատասխան վայրերում, ատյաններում, պետական կառավարման համակարգերում, կուսակցություններում, քաղաքացիական կազմակերպություններում, նույնպես եւ սոցիալական կայքերում ինչ-ինչ հանրային դեպքերը, հայտարարությունները, արարքները կարող են բեւեռել մարդկանց դեպի իրենց, հայտնվել հասարակության լայն զանգվածների ուշադրության կենտրոնում, հանկարծ հավատ ու համոզմունք ներշնչել, վերջապես՝ բարեփոխումների հետ կապված նոր տեսլականներ արթնացնել: Սակայն ամենադժվարը հույսի տեւականությունը պահպանելն է՝ իրատեսորեն քարը քարի վրա դնելով, ավելացումներով ու առաջնաքայլերով:

Այս պահին սպասումները գնալով ահագնանում են, եւ դրանց ճակատագրի պատասխանատուն այլեւս Կարեն Կարապետյանն է: Չգիտեմ՝ վարչապետը որքանով է սա հասկանում, որքանով է գիտակցում ու վերլուծում իր գործողությունների ընթացքը: Երբ արդեն իսկ կան որոշակի տեսանելի փոփոխություններ, ասենք, թեկուզ, մի հնամյա նախարար իջեցվել է մարմնին կպած աթոռից ու փոխարինվել մեկ այլ անձով, ուրեմն որոշակիորեն «դրական» միտումներ ի հայտ բերող ազդակ է: Այս օրերին վարչապետի ձեռնարկած փոփոխություններն անգամ առօրյա խոսակցությունների կիզակետում են: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում վաղուց տեսանելի եղանակով մարդիկ պաշտոններից չեն հեռացվել, նոր կադրեր, նոր անուններ հրապարակ չեն եկել: Կային նախարարներ, որոնք անձեռնմխելի էին համարվում, իսկ այժմ զրկվել են իրենց պորտֆելներից: Կարեն Կարապետյանը գոնե հիմա շահեկան դիրքերում է, ինչպես ասում են՝ երակը բռնել է, եւ աստված ոչ անի՝ ձեռքից բաց թողնի: Ինչպես տեսնում ենք, եթե ամեն ինչ այս տեմպերով գնա, եւ փոփոխություններն ավելի ռադիկալ բնույթ կրեն, չի բացառվում օլիգարխիայի եւ վարչապետի մոտալուտ առճակատումը: Այլ տարբերակ չկա:

Տեսականորեն, եթե Կարեն Կարապետյանը որոշի օլիգարխիայի «հախից գալ», վերստին տեսականորեն դժվար թե դա նրան հեշտությամբ տրվի: Օլիգարխիա ասելով՝ նկատի ունեմ Սերժ Սարգսյանի հպատակության ներքո գոյությունը փարթամացնող քրեաօլիգարխիկ ողջ համակարգը, որ առաջնորդվում է կրիմինալ վարքուբարքով, իշխանության ներսում հարգանք-պատիվ է վայելում, երեց եղբոր դերակատարում ունի: Բոլորը գիտեն՝ այսօր Հայաստանն ամենահարմար ու պարարտ հողն է դարձել գողերի, դուրսպրծուկների, թաղային խուժանի համար, անգամ տարածաշրջանային մասշտաբով: Կկարողանա՞ (կամ կուզենա՞, կթողնե՞ն) արդյոք վարչապետն իշխանության հետ սերտ հանգույցներով կապված այս կրիմինալ հանրույթի վերջը տալ, խայտառակության, իսպառ մեկուսացնել, չարորակ ուռուցքի քոքը կտրել, դուրս վռնդել պետության մատույցներից: Կապրենք՝ կտեսնենք: Սա կարող է ամենավճռական ու կարեւոր պահը լինել: Միայն այս բախումը թույլ կտա պարզել վարչապետի վճռականության չափը:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X