Ինչո՞ւ Վիգեն Սարգսյանը

Իշխանության նոր խաղատախտակը կարծես թե պատրաստ է, տեղերն զբաղեցված են, կան անակնկալներ, կան հին, սակայն նոր դիրքերում հայտնված խաղացողներ։ Կուզեք անունը շախմատ դրեք կամ ֆուտբոլ, հոլանդական տոտալ ֆուտբոլ, որն ազատ տեղաշարժերի մարտավարություն է ենթադրում։ Թերեւս, որոշակիորեն իշխանության ներսում վերջին տեղաշարժերից ամենաանսպասելին Վիգեն Սարգսյանի նշանակումն է, այն էլ որ դիրքում՝ պաշտպանության նախարարի։ Նախագահն իր աշխատակազմի ղեկավարին տեսավ պետության համար գուցե թե ռազմավարական առումով ամենակարեւոր, պատասխանատու պաշտոնում։ Իսկ, ահա, Արմեն Գեւորգյանը կփոխարինի Վիգեն Սարգսյանին։ Իսկ Զինված ուժերի շտաբի պետ նշանակվեց Մովսես Հակոբյանը։

Իհարկե, տարակուսանք կա՝ ինչպե՞ս կարող է ռազմական կրթություն չստացած, ռազմական գործի մեջ բոլորովին անեփ մարդն ստանձնել ու ղեկավարել այդ պաշտոնը: Բայց եկեք չմոռանանք, որ այսպիսի դեպքերն էլ շատ են: Կան երկրներ, որտեղ պաշտպանության նախարարությունները ղեկավարում են ռազմական գործի հետ առնչություններ չունեցող անձինք: Եվ քիչ չեն դեպքերը, երբ նրանք ավելի լավ են ղեկավարում, քան դեգրադացված գեներալիտետը կամ ավելի երիտասարդ, դատարկամիտ ու կարիերիստ մայորները: Այնուհանդերձ ակնհայտ է, որ Վիգեն Սարգսյանը կարիք չունի քաջատեղյակ լինելու ռազմարվեստի նրբություններից՝ իմանալու շփման գծում առկա մարտական բոլոր հենակետերի կենսագրությունը, դրանց ներկա վիճակը: Այդ ամենի համար նրա տրամադրության տակ են քիչ թե շատ բանիմաց, պաշտպանության նախարարությունում երկարուձիգ տարիներ աշխատանքային փորձ ունեցող մարդիկ՝ տեղակալներ, խորհրդականներ, փորձագետ-մասնագետներ եւ այլոք: Մարդիկ, որոնք հարկ եղած դեպքում կարող են ուղղություն ցույց տալ, ճիշտ գծի վրա դնել նորանշանակ նախարարին:

Ահա, Սերժ Սարգսյանն ինքը վերահաստատեց, որ այս փոփոխությունը միտված չէ բանակի ռազմական, տեխնիկատակտիկական կողմն ակտիվացնելուն, ավելի շուտ՝ Վիգեն Սարգսյանը փորձ է անելու ապակոդավորել ՊՆ-ի ներքին վիճակը, ուսումնասիրելով՝ պարզել տարատեսակ բացթողումների, կոռուպցիայի բուն պատճառները, չեզոքացնել դրանք:

Ուրեմն այս տրամաբանությամբ առաջիկայում միգուցե սպասվում են նոր քրեական գործեր, պաշտոնանկություններ, ձերբակալություններ, տույժեր: Սակայն նորից հարց է ծագում՝ ինչո՞ւ ընտրությունը կանգնեց հենց Վիգեն Սարգսյանի եւ ոչ, ասենք, Արմեն Գեւորգյանի վրա, որը նույնպես տեսականորեն կարող էր ստանձնել պաշտպանության նախարարի պաշտոնը:

Երեսանց այնպիսի տպավորություն է, թե իբր նախագահն իր մարդուն է բերել ՊՆ, որպեսզի յուր աչքով տեսնի ու պատժի անօրենությունները, քանի որ այլ կերպ կամ այլ անձի միջոցով անհնար էր դա անել: Բացի վերոնշյալ վարկածներից եւ իշխանական վերնախավի դիրքորոշումից, հավանաբար, մենք 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախօրեին ականատես ենք լինում իշխանության վերադասավորման արմատական, բուռն գործընթացին:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X