Պետության մեղկ պատասխանը

Սիրիայում աշխարհի, գերտերությունների, ողջ քաղաքակրթության «հոգատար» ու «մարդասեր» աչքի առաջ բնաջնջում, ոչնչացնում են խաղաղ բնակչությանը: Միջազգային կառույցներն ահազանգում են, որ տասնամյակներ շարունակ երբեւէ այսքան անպաշտպան չի եղել խաղաղ բնակչությունը, երբեւէ այսքան անպաշտպան չեն եղել երեխաները, որոնք ի զորու չեն ոչ փախչելու, ոչ իրենք իրենց պաշտպանելու:

Ահազանգերը լույս աշխարհ են գալիս, պարզապես որպեսզի լույս աշխարհ գան, փաստեն ահավոր դեպքերի իսկությունը, անցնեն հաջորդներին: Այլեւս չի հասկացվում, թե միջազգային լուրջ կառույցներն ում են ուղղում իրենց ահազանգերը՝ ահաբեկիչների՞ն, ապստամբների՞ն, սիրիական բանակի՞ն… Ամիսներն ու տարիները ցույց տվեցին, որ նրանք խլացել են, անարձագանք են կամ ընդհանրապես հետաքրքրված չեն, մերժում են խաղաղությունը, հաշտությունն ու միաբանությունը: Երբ ասում են, թե չի եղել մի ժամանակ, որ երեխաներն այսչափ տառապեն, չունենան ապավեն, կարծես սա բնավ էլ չի վերաբերում գերտերությունների ղեկավարներին, որոնք, բարձրագույն ամբիոններին կանգնած, կարող են հանգիստ տոնով, նաեւ՝ «տագնապած», նույն բանը կրկնել, հորդորել կողմերին վայր դնել զենքերը եւ այդքանը: Ինչեւէ, սիրիական անվերջանալի թվացող աղետը եւս մեկ անգամ անդրադարձումն է համաշխարհային քաղաքականության ներկա ճգնաժամի, որ ակնհայտ սպառնալիք է դարձել յուրաքանչյուր պետության գոյության, խաղաղ բնակչության համար: Իսկ աշխարհի բնակչության կեսից ավելին սպանդի ու եղեռնի օնլայն ունկնդիր-հետեւողն է դարձել: Մարդկության պատմությունն այսպիսի իրականություն երբեւէ չի ունեցել:

Այս պահին Հալեպում մոտ տասը հազար հայ կա, որոնք գտնվում են ծանրագույն վիճակում, զրկված են կյանքի տարրական պայմաններից, զոհվում են, վիրավորվում, գերեվարվում: Եվ հենց այս պահին Հայաստան պետությունն ի՞նչ գործառույթներ է իրականացնում, որպեսզի մահվան շրջանակից դուրս բերի սիրիահայությանը, նեցուկ լինի, ապահովի մարդկանց դեղորայքով, տանիքով: Նախագահ Սերժ Սարգսյանը եւ պաշտոնական այլ հաստատություններ նշում են, թե բարդ է հենց թեժ կետում որեւէ օժանդակող բան ձեռնարկելը, անչափ բարդ է Հալեպից հայերին դուրս բերելը, իսկ, ահա, այստեղ նրանց աջակցելու ուղղությամբ հնարավոր ամեն բան արվում է: Սակայն կարելի է հարց ուղղել իշխանությանը՝ իսկ երբեւէ ինչ-որ հստակ բան ձեռնարկե՞լ եք այդ ուղղությամբ: Ունեք ազգային անվտանգություն, ունեք ստորաբաժանումներ, միջազգային կապեր, վերջապես՝ փող ունեք, կարող էիք գործադրել եւ փրկել հալեպահայությանը: Կանգնել-ասել, թե բարդ է, տեղում իրավիճակ փոխելու հնարավորություններ չկան, այս ամենը, մեղմ ասած, լացուկոծ ու թուլամորթություն է հիշեցնում: Չկա՝ ուրեմն պիտի ստեղծել: Պետությունը նման պատասխան տալու իրավունք պարզապես չունի, եթե պետություն է:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X