Քաղաքագրություն. Մեխլուի շարժումը

Մեխլուի անվան հետ կապված այդ շարժումը տեղի է ունեցել Շահ-Աբաս I-ի նշանակած Ամիրգունա խանի ժամանակներում (1604-1625 թթ.)։ Ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը գտնում է, որ «Մեխլուի մասին պատմական անցքերը պիտի դրվեն 1606-1620 թվականների արանքում»։ Մեխլուի ղեկավարած շարժման մասին հիշատակություններ ունեն մեր պատմագիրներից Զաքարիա Սարկավագը եւ Գրիգոր Դարանաղցին, բայց նրանք, լինելով քրիստոնեական եկեղեցու սպասարկուներ, գույների որոշակի խտացմամբ են նկարագրել այդ շարժումը եւ նրա ղեկավարին ներկայացրել են իբրեւ մի խումբ «թոփուզավորների» գլուխ անցած բախտախնդիր գուշակ եւ կախարդ։ Հարցի գիտական ուսումնասիրությունը դժվարանում է նաեւ նրանով, որ մեզ հայտնի չէ շարժման կողմնակից որեւէ հեղինակ, որի վկայությունները համադրելով նշված պատմագիրների հիշատակությունների հետ՝ հնարավոր լիներ մոտավորապես ճիշտ եզրակացություններ անել։

Այնուամենայնիվ հայտնի է, որ Մեխլուն ուտիացի հայ աբեղա էր։ Նա Ուտիքի, Գեղամա երկրի, Կոտայք գավառի եւ այլ կողմերում ուներ հարյուրավոր կողմնակիցներ, որոնցից 500 հոգի անմիջապես գտնվում էին նրա հետ եւ մասնակցում նրա քարոզչական թափառումներին։ Դրանցից 12 հոգի նա առանձնացրել էր որպես մի հատուկ ջոկատ, որը զինված էր մահակներով ու սրերով։ Մեխլուի հետեւորդների թվում կային ե՛ւ հայեր, ե՛ւ ադրբեջանցիներ: Դեռեւս լրիվ պարզաբանված չի կարելի համարել Մեխլուի շարժման կազմակերպչական եւ գաղափարախոսական հարցերը։ Դժվար է կռահել, թե իրեն ենթակա համայնքի ներսում Մեխլուն ինչպիսի կարգեր էր սահմանել, ինչ իրավունքներից էին օգտվում նրա համայնքի անդամները, եւ իրավական տեսակետից ինչ տարբերություններ կային շարժման մասնակիցների միջեւ։ Հայագիտության մեջ այդ առթիվ արտահայտվել են իրարամերժ կարծիքներ։ Ոմանք Մեխլուին համարել են մի ձախողակ եւ հետամնաց հոգեւորական, որը, «թոփուզավորների» գլուխ անցած, կատարում էր արկածախնդրային թափառումներ։ Նրանք, համենայնդեպս, հակված չեն Մեխլուին համարելու լուրջ սոցիալական շարժման ղեկավար, իսկ մյուսները, ընդհակառակը՝ Մեխլուի շարժումը համարում են մեծ տարածում ստացած սոցիալական շարժում, որը, նրանց կարծիքով, ուղղված էր ֆեոդալիզմի, առաջին հերթին՝ ֆեոդալականացած եկեղեցու, մանավանդ՝ վանական հողատիրության դեմ։ Օրինակ, ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանն այդ շարժումը համարում է թոնդրակյան շարժմանը համարժեք երեւույթ։ Մինչդեռ Մեխլուի շարժումն իր ծավալով անչափ փոքր էր, կազմակերպչական կազմով՝ համեստ, իսկ գաղափարախոսությամբ՝ խղճուկ։ Այդ շարժումն այնքան «անվտանգ» է եղել ու քիչ արմատներ ձգած, որ նրա ղեկավարի արտաքսմամբ, փաստորեն, դադարում է գոյություն ունենալուց։ Տարակուսելի է նաեւ Ա. Հովհաննիսյանի առարկություն չհանդուրժող այն եզրակացությունը, թե «Մեխլուի հետեւորդներն ապրում էին համայնքային տրադիցիաներով նվիրագործված իրավահավասար եղբայրության սկզբունքներով»։

Մենք նպատակ չունենք այդ շարժման գաղափարախոսության հարցերին անդրադառնալ ըստ էության։ Մեխլուի շարժումը մեզ հետաքրքրում է միայն այնքանով, որ այն որոշ չափով առնչվել է նաեւ Երեւանի հետ։ Մեխլուն, ինչպես հաղորդում է Զաքարիա Սարկավագը, իր հետեւորդներով Ուտիքից, Գեղարքունիքի վրայով, գալիս է Կոտայք, այստեղից էլ նախ գալիս է Նորք, ապա՝ Երեւան: Պատմագրի հիշատակության համաձայն, Ամիրգունա խանը, տեսնելով նրա շուրջը համախմբված մեծ բազմությունը, ահաբեկված հարցրել է, թե այդ ինչ բանակ է հավաքված: Այնուհետեւ պատմագիրը նշում է, որ Մեխլուն եւս իր հետեւորդների հետ միասին մտնում է բերդը եւ գնում Ամիրգունա խանի մոտ, որտեղ գտնվում էր նաեւ հայոց կաթողիկոսը՝ երկու եպիսկոպոսների հետ միասին՝ նկարագրելով խանի, կաթողիկոսի եւ Մեխլուի միջեւ տեղի ունեցած կարճատեւ հարցուպատասխանը եւ խանի կարգադրությամբ վերջինիս պատժելը։ Դեպքերի հետագա նկարագրություններից հայտնի է դառնում նաեւ, որ հայոց կաթողիկոսական աթոռը Մեխլուին Երեւանի խանության սահմաններից հեռացնելուց հետո դարձյալ շարունակում է Էրզրումում ու այլ տեղերում եղած բարձրաստիճան հոգեւորականների միջոցով հետապնդել նրան։

Թ. Հակոբյան. «Երեւան քաղաքի պատմությունը»

Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X