Լրագրողներին այսօր դժվար է գցել մանիպուլյացիաների «սարդոստայնը»

Ավագ սերնդի լրագրողները դժգոհում են, որ Հայաստանի անկախության առաջին տարիներին մամուլն ավելի ազատ էր, գրագետ, մեծ տեղ էր տալիս հրապարակախոսական եւ վերլուծական հոդվածներին, լրագրողներն ավելի կարդացած էին։ Այսօրվա մամուլից դժգոհողները նշում են, որ հիմա այն դարձել է մակերեսային, իր էջերում տեղ է տալիս հասարակության մեջ ոչ ամենեւին հարգանքի արժանի հանրային դեմքերին, ուղղակի մեջբերում է գռեհիկ արտահայտություններով հագեցած նրանց խոսքը, որը ոչ թե քննարկելու, վերլուծելու թեմա է դառնում, այլ՝ զավեշտի։ Մարդիկ թերթը գնում են՝ իրենց հուզող հարցերի պատասխաններն ստանալու, հասարակական հնչեղություն ունեցող հարցերին ծանոթանալու նպատակով, սակայն ավելի շատ նրանց հրամցվում են ներկուսակցական գզվռտոցների մասին պատմություններ, ինտրիգային միջադեպեր։ Նրանք ստիպված են կարդալ ԱԺ պատգամավորների կրկնվող հարցազրույցները, նախընտրական ծեծված խոստումները եւ այլն։ Չհամաձայնել այս մտքերին՝ դժվար է։ Սակայն հետադարձ հայացք նետենք հենց 90-ականների մամուլի էջերին, որոնք խնամքով արխիվացվել եւ պահվում են Ազգային գրադարանում։

Խոստովանենք, որ այդ մամուլի մեծ մասը կուսակցական է, ներկայացնում է միակողմանի տեսակետներ՝ սպասարկելով այս կամ այն կուսակցության շահը։ Ովքեր ժամանակին հետեւել են այդ մամուլին, կհիշեն, անշուշտ, թե ինչպես էին այսօրվա ֆեյսբուքյան «կռիվների» մակարդակի հոդվածներ տպագրվում դաշնակցական, ՀՀՇ-ական, ԱԺՄ-ական մամուլի էջերում, ինչպիսի փոխադարձ հաշիվներ էին միմյանց հետ պարզում կուսակցական «բոսերը» մամուլի եւ կուսակցական ֆանատ լրագրողների միջոցով։
Ժամանակի հետ, բարեբախտաբար, զգացմունքային, կուսակցական նախապատվություններին եւ կոնյունկտուրային տրվող ժուռնալիստիկան նահանջ ապրեց՝ տեղը զիջելով փաստական, վավերագրական լրագրությանը։ Միգուցե այսօրվա մամուլն ավելի շատ կարիք ունի վերլուծական, հրապարակախոսական, սոցիալական եւ հասարակական խորքային խնդիրներ արծարծող հոդվածների, պատմական եւ համեմատական վերլուծությունների, որոնք ժամանակին պահանջված էին եւ տեղ էին գտնում մամուլի էջերում։ Միգուցե ընձեռնված ազատությունը ոչ բոլորին է հաջողվում լիարժեք օգտագործել, ոմանք անգամ չարաշահում են այդ ազատությունը։ Ինչպես նշում է ռուս հայտնի գրող Սերգեյ Դովլաթովը՝ «Ազատությունը հավասար չափով բարեհաճ է բոլորի նկատմամբ։ Նրա ճառագայթների տակ աճում են թե՛ թրաշուշանը, թե՛ մարիխուանան»։ Սակայն, կարող ենք ասել, որ ժամանակին բեւեռացված, «կացնային» քարոզչությունն այսօր ունի լուսանցքային կարգավիճակ եւ չի վայելում մեծ պահանջարկ։

Պահանջարկ չեն վայելում նաեւ այս կամ այն քաղաքական ուժին կուրորեն, անվերապահ սպասարկող թերթերը (հեռուստատեսության պարագան այլ է), ֆանատ լրագրողները, որոնք խեղաթյուրում են հասարակության եւ քաղաքական ուժերի պատկերացումները լրագրության մասին, առաջնորդվում երկակի ստանդարտներով։ Իսկ այն փաստը, որ այսօր նույնիսկ նոր սերնդի լրագրողներին դժվար է գցել քաղաքական գործիչների հմտորեն հյուսած մանիպուլյացիաների «սարդոստայնը», դժվար է անտեսելը։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանություն
X