Ուշ թե շուտ

Ընդդիմությանն ուրիշ լեզու է պետք, մի լեզու, որը նախադեպը մինչ այժմ չի ունեցել։ Սա օրակարգային խնդիր է։ Այն բոլոր ակներեւ եւ քողարկված մեթոդները, բոլոր մտահղացումները, խոսքը, խոսելու կերպը, դիմելաձեւի էությունը, անցյալի, ներկայի, ապագայի տեսլականները չեն աշխատում։

Բավականին հնամաշ ու երկար կյանք ապրած սիստեմները մեր աչքի առաջ փլվել են, հրաժարվել են աշխատել եւ, ամենատխուրը՝ երես են թեքել մտքից:
Վերջապես՝ թարմություն ասվածը մտքի փոխակերպումն է ու դրան մասնակից դարձնելը, մարդկային գիտակցությանն արժանապատվորեն ներս հրավիրելը երկխոսության, այլ ոչ թե արտաքնապես, նյութապես հանդերձանքներ պարզելը, սակայն միայն սեփական հայելուն։

Անվստահության համաճարակին դիմագրավելը գուցե մոտ ապագայում ամենադժվար մարտահրավերը կդառնա այն ընդդիմադիր գործիչների, թեկուզ կուսակցությունների ու ամբողջ դաշտի համար։ Այդ համաճարակի բռնկման գլխավոր մեղավորներին այլ տեղերում փնտրելը, մեղմ ասած, պարապ վախտվա խաղալիք է։ Ընդդիմադիր դաշտի լեզուն այնքան է հնացել ու շունչը փչել, որ անգամ գերզգայուն լսողությունն ի զորու չէ ունկնդրել անվերջանալի զառանցանքին։

«Տեսեք իրար ոնց են քցում». այսօրինակ արտահայտությունների ժամանակներում ենք ապրում: Այսպիսի արտահայտությունը մեր օրերում մարդ է կերտում, կատաղի համաճարակի նման տարածվում ամեն տեղ: Շուրջբոլորն ահելից-ջահել երգում են վերոնշյալ կնճռոտ ու տրաքած մտքերի երգը, կրկնում այն, ինչ մեծ հաշվով շատերին հաճելի է արտաբերել:

Ընդդիմադիր հավակնոտություններ ունեցող ուժերը հակառակը չեն համոզում։ Եթե անգամ հակառակը համոզելու վիթխարի ցանկություն ունենան, եղած լեզուն այդ հնարավորությունը չի ընձեռի։ Նոր եռք է պետք, նոր վիճակ, ներկայանալու բացարձակ նոր տրամադրություն, թեկուզ լրիվ օտար ու անծանոթ, այնքան, որ շփոթմունք առաջացնի, նաեւ անարժանահավատություն: Այլ տարբերակ չկա՝ չի մնացել: Ուշ թե շուտ՝ լինելու է: Ի վերջո, այս գաղափարազուրկ ընդդիմության ներքին խմորումից ու հունձքից քաղաքական ասպարեզ է մտնելու մի բովանդակություն, որի ձայնը երբեւէ չենք լսել: Եվ գուցե պետք չէ հուսահատվել այս դաշտի սրընթաց անկման համար, պետք չէ ճիգ անել՝ կասեցնելու անկման ընթացքը, որը մեծ հաշվով փրկվելու ցանկություն չունի:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X