Արձագանք, որն ուզում է լսել Էրդողանը

Տրապիզոնցիները բացականչում են. «Հայի վիժվածքները մեզ չեն կարող վհատեցնել»: Ուրախութամբ ժպտում է Էրդողանը, երեւում է, որ սիրել է այն, ինչ արձագանքվում է, իր գիտակցության համար նպաստավոր ու համեղ թթվածին, որի հետ ապագայում չգիտես, թե ոնց կվարվի: Այնուհետեւ Թուրքիայի նախագահը կանանց կանացիությունը, տղամարդկանց արականությունն է մեջտեղ բերում, մահն է հիշատակում, որը, ըստ նրա, կարող է միայն արականորեն ընդունվել. «Բայց տղամարդու պես մեռնել կա, մեկ էլ տիկինի պես մեռնել»: Կնատյաց Էրդողանի ու կնատյաց Թրամփի արտահայտությունները ողողել են լրահոսը՝ հախուռն զգացողությունների վեգետատիվ փոթորիկներ են առաջացրել: Հետաքրքիր է՝ այս երկուսի տափակ, կրկնվող, խտրականություն, ռասիզմ քարոզող հայտարարությունները գրեթե միշտ սրերով ու դիմադրությամբ են ընդունում, բայց միայն որոշակի հասարակական կազմակերպությունների, որոշակի միջազգային ընկերությունների եւ, առհասարակ, հանրության միանշանակ ոչ ստվար հատվածների կողմից: Մինչդեռ գերտերությունների ղեկավարները, նրանք, ովքեր ամեն օր հանդուրժողականության, հավասարության ու արդարադատության, մարդու իրավունքների հիմնարար ազատությունների անունից են հանդես գալիս, շարունակում են սերտորեն համագործակցել, աջակցել եւ մերձ փոխհամագործակցություն կառուցել այս մարդկանց հետ:

Օրինակ, եթե Էրդողանը վերստին հայերին ուղղակիորեն ոչնչացնելու, բնաջնջելու կոչերով հանդես գար, ի՞նչ կլիներ այդ դեպքում, ինչպե՞ս կարձագանքեին «դեմոկրատական արժեքների» պահապանները: Մի քանի հորդոր, մի քանի ծռմռած դիմախաղ, եւ վերջ՝ ամեն ինչ կընթանար իր հունով, ասես ոչինչ էլ չի եղել, կամ էլ թե՝ եղածը մի մեծ բան չէ: Հաննա Արենդթը «Էքսպանսիա եւ իշխանության փիլիսոփայությունը» հոդվածում գրում է. «Կայսրական քաղաքական փիլիսոփայության նոր առանձնահատկությունը բնավ էլ այն չէր, որ առաջնային տեղ էր տալիս բռնությանը, եւ ոչ էլ այն, որ հայտնաբերում էր իշխանությունը՝ որպես հիմնական քաղաքական իրականություններից մեկը: Բռնությունը միշտ էլ եղել է քաղաքական գործողության վերջին քայլը, եւ իշխանությունը միշտ էլ եղել է տիրապետության ու կառավարության տեսանելի արտահայտումը: Բայց սրանցից եւ ոչ մեկը երբեւէ չէր եղել քաղաքական մարմնի գիտակցված նպատակը կամ որեւէ հստակ քաղաքականության վերջնանպատակը: Եվ սա այն շատ պարզ պատճառով, որ ինքնահոսի թողնված իշխանությունը կարող է հասնել միայն ավելի մեծ իշխանության, իսկ հանուն իշխանության եւ ոչ թե օրենքի գործադրվող բռնությունն իսկույն վերածվում է կործանիչ սկզբունքի, որը կանգ չի առնի որեւէ խոչընդոտի առաջ, այլ կշարունակվի, քանի դեռ կա մի բան, որին դեռեւս չեն բռնացել» (աղբյուրը՝ http://www.arteria.am, անգլերենից թարգմանությունը համադրել եւ խմբագրել է Շուշան Ավագյանը): Կա մի բան, որին դեռեւս չեն բռնացել… Էրդողանի, նաեւ Թրամփի պարագայում Արենդթի խոսքը կարծես անցյալի մասին է, որին բռնանալով թերեւս մինչեւ վերջ, մինչեւ անսահմանության հանգրվանը, իշխանության այս վերարտադրուկները դեռեւս չեն բռնացել: Հավերժական վերադարձի պարույրը գնալով ընդգծվում է՝ խտրականության, ռասիզմի, ցեղասպանությունների ու ավերի ժամանակները, որպես նոր «կարիք», ամեն-ամեն վայրկյան սահմանվում են Էրդողանի եւ մյուսների կողմից, եւ նրանք արդեն իսկ լսում են գոհունակության ու համաձայնության արձագանքներ:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X