Քաղաքագրություն. Օձահար մարդու մասին

Արարատյան երկիրը բերրի է, առատ ամեն ինչով եւ էժան։ Այդ պատճառով ամեն կողմից գալիս են Երեւան ու գնումներ անում, ինչ որ կամենում են, եւ վերադառնում են իրենց տեղերը։ Նույնպես Թավրիզից եկան բազմաթիվ կարավաններ, գնեցին բրինձ, բամբակ, յուղ, պանիր, ճրագու, ձեթ, կաշի, մորթի եւ այլն, ինչ որ կամեցան, առան եւ գիշերը հովի պատճառով ճանապարհ էին գնում, իսկ ցերեկը շոգի պատճառով հանգստանում էին։ Գնացին մինչեւ Վեդու դաշտը եւ իջան մի տեղ ամբողջ օրը, երեկոյան կամենում էին բառնալ բեռները։ Մեկը նրանցից գնաց ջրի մոտ, ոտքերը մերկացրեց, որ լվանա։ Ահա մի օձ պատահեց եւ ոտքը խայթեց։ Մարդը գոչեց ընկերներին, եկան տեսան նրան, օձը գտան եւ սպանեցին։ Քանզի կարավանը բեռնում էին, որ գնան, իսկ օձահար մարդը լալիս, աղաղակում էր, որ չէր կարող ոտքով գնալ, իսկ դատարկ գրաստ չկար, որ նրան հեծնեին։ Ընկերներն ասացին՝ դու մնա այստեղ, մինչեւ մենք գնանք, բեռները թափենք, քեզ համար գրաստ բերենք, քեզ տանենք գյուղ, թերեւս բուժենք։ Ծնկից ներքեւ պարանով կապեցին եւ քար դրին ոտքի տակ եւ ոտքը պարզեցին վրան, որ ուռուցքը գնա դեպի ոտքը, չանցնի մարմինը։ Մեջքի վրա ընկած, թաշկինակը երեսին քաշած՝ քնեց։ Ահա պիծակները թափվեցին ոտքի վրա եւ այնքան կծեցին, մինչեւ որ օձի թույնը եւ ուռուցքը ծծեցին, եւ մարդը բժշկվեց։ Իսկ այն պիծակները, որոնք կծեցին, սատկեցին։ Իսկ նա հավաքեց թաշկինակի մեջ՝ որպես թե բռում, հագավ տրեխները, վեր կացավ, վազեց կարավանի հետեւից, որպես թե բոլորովին վնասված չի եղել։

Եվ երբ կես ճանապարհը գնաց, ահա նրա ընկերներից մեկը ձի հեծած գալիս էր։ Պատահեցին իրար, իսկ օձահարը պատմեց նրան պատահած հրաշքը։ Եվ, հասնելով կարավանին, ցույց է տալիս նրանց թաշկինակներով պիծակներին։ Նրանք լսելով, փառք տվին Աստծուն, որ չնչին բաներից ցավերի բժշկություն է լինում։ Ինչպես թիրիակը, որ օձից է, օձահարի դեղ է, իսկ արճճաթթուն ձիեր է բժշկում, աղվեսի կուրծքը դեղ է ցավող ականջի։ Ամոթ նրանց, որ ասում են, թե ինչու ստեղծվեցին այդպիսի անարգ կենդանիներ։

Երկնքից լույս իջնելու մասին

Պետք է այս պատմությունն առաջ գրեին 1086 (1697) թվին, բայց մոռացմամբ այստեղ գրվեց։ Քանզի մինչդեռ մանուկ էի ես մեր տանը՝ Քանաքեռում, Խաչվերացի օրն իմ հոր հետ գնացինք մեր այգին, որ մոտ է Կարմիր-Բերդ կոչված գյուղին՝ Հրազդան գետի ափին՝ կամրջի ներքեւը։ Երբ արեգակը մտավ, իմ հայրը երեկոյան ժամին աղոթում էր, դեռեւս չէր մթնել, այլ օրվա լույսը դեռեւս մնում էր։ Հանկարծակի արեւելյան կողմում կապույտ եթերը պատռվեց, եւ սաստիկ լույս իջավ, ահագին լայն էր ու երկար։ Իջավ, մինչեւ մոտեցավ երկրին։ Նրա ճառագայթը լուսավորեց տիեզերքն ավելի պայծառ, քան արեգակը։ Լույսի ծայրը ճախրելով ինչպես անիվ, գնում էր դեպի հյուսիս հանդարտ ու մեղմ։ Լույսը ճառագայթում էր կարմիր ու սպիտակ, իսկ լույսի առջեւից, որպես թե աստղ, Արուսյակի չափ ընթանում էր մի թզաչափ հեռու։ Իմ հայրը թողեց աղոթքի պահը, սկսեց լալով երգել ԳԿ (հայ երաժշտության ութ ձայնեղանակներից մեկը)՝ շարականը՝ լույսդ, որ աստվածության լույսի ներքո է։ Շարականն ավարտեց, դեռ լույսը երեւում էր։ Ապա հեռացավ ու աներեւութացավ։ Լսեցինք, որ մինչեւ Ախալցխա տեսել են աստվածային հրաշափառ լույսը։

Զաքարիա Քանաքեռցի. Պատմագրություն

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X