Ոչ թե երբ, այլ` եթե… Թրամփի ընտրարշավի ավարտը

Նոյեմբերի 8-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին դեռ երկու շաբաթ կա, բայց հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը կարծես ավարտեց ընտրարշավը եւ արդեն խաղից դուրս է: Վերջին երկու օրերին ամենքի ուշադրությունը գրավել էր հանգամանքը, որ այժմ Թրամփը խոսում է ոչ թե «Երբ ընտրություններում հաղթեմ…», այլ «Եթե ընտրություններում հաղթեմ…» նախաբանով: Դա նշանակում է, որ Թրամփը գուցե անհուսալի թեթեւսոլիկ է ու ցուցամոլ, կատարյալ շոումեն, որի տեղը եթերն է, ոչ թե քաղաքականությունը, բայց նա անհուսալի հիմար չէ:

Այժմ Թրամփի նախընտրական շոուն ոչ միայն գրեթե ավարտվել է, այլեւ կուլիսային հաշվարկների առումով գրեթե քողազերծվել է: Ակնկալվում է, որ նախագահական ընտրություններից շատ չանցած՝ կհայտարարվի Trump TV-ի թողարկման մասին, որի լսարանը կազմելու են ոչ այլ ոք, քան այն երկրպագուներն ու սատարողները, որոնց Թրամփը ձեռք բերեց եւ որպես հանրային շերտ գեներացրեց նախագահական ընտրարշավի ընթացքում: Թրամփի ընտրարշավի գլխավոր խմբավարը՝ փեսան, շաբաթավերջին Trump TV-ի թողարկման մասին ասեկոսեներն արդեն չէր հերքել: Իհարկե, Թրամփի ընտրապայքարը, որի արդյունքում այսօր նա 12 նիշով զիջում է Հիլարի Քլինթոնին, սկզբից էլ ավելի շոու էր, քան քաղաքական արշավ, այդուհանդերձ, երկու շաբաթ առաջ Access Hollywood-ի տեսանյութի հրապարակումն էր այն պահը, երբ ընտրապայքարին փոխարինող շոուն էլ հայտնվեց ազատ անկման մեջ:

Access Hollywood-ի տեսանյութի արձագանքը, տարակուսանքն ու քննադատությունն այնքան համատարած էին, որ Թրամփը հարկադրված էր ներողություն խնդրել, որքան էլ լեզուն չէր պտտվում «ներողություն» բառն արտասանել: Ալեք Բոլդուինը ֆանտաստիկ էր ծաղրել այդ պահը. «Ոչ, ես նեղություն եմ խնդրում: Ես երբեք ներողություն չեմ խնդրում» (No, I aplogize. I never apologize.): Մեկ-երկու օր անց, նախագահական երկրորդ բանավեճում, Թրամփն այս անգամ էլ հայտարարեց, որ այն, ինչի մասին 2005-ին խոսել է Access Hollywood-ի ձայնագրությունում եւ հետո էլ «նեղություն խնդրել», իրականություն չէ, իրական կյանքում երբեք այդպես չի վարվել: Ստացվում էր՝ Թրամփը կամ մի դեպքում է ստում, կամ՝ մյուս եւ երկու դեպքում էլ կործանում է իր ընտրարշավը:

Այլեւս ի՞նչ էր մնում անել հանրապետականներին: Տեսանյութի հրապարակումից եւ նախագահական երկրորդ հեռուստաբանավեճից հետո, հոկտեմբերի 10-ին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական մեծամասնության ղեկավարը՝ Փոլ Ռայանը (Paul Ryan), որն ամենաբարձր աթոռ զբաղեցնող հանրապետականն է ԱՄՆ-ում եւ երրորդ բարձրագույն պաշտոնյան՝ նախագահ Օբամայից եւ փոխնախագահ Ջո Բայդենից հետո, հայտարարեց, որ ինքն այլեւս չի պաշտպանում Դոնալդ Թրամփին եւ որեւէ մասնակցություն չի բերելու նրա նախընտրական պայքարին: Զուգահեռաբար, մի քանի օրում տարբեր կանայք էլ հայտնվեցին էկրաններին, մամուլի էջերում, որոնք հայտարարեցին, որ այն, ինչի մասին Թրամփը խոսել է Access Hollywood-ի տեսանյութում, ոչ միայն բառեր են, այլեւ եղել են իրականություն եւ գործողություն՝ իրենց հանդեպ. մեկին այստեղ է փորձել համբուրել, մեկին՝ այնտեղ, որոշ դեպքերում՝ ուղղակի անշնորհքություններ:

Ի պատասխան, Թրամփն ավանդական զինանոցին դիմեց՝ նախ Ռայանի դեմ Tweeter-ային կրակահերթ բացեց, հետո կրակը նաեւ մյուս հանրապետականների ու Քլինթոնների դեմ ուղղեց, հետո դերասան Ալեք Բոլդուինին պահանջեց հեռուստաեթերից հեռացնել, ապա իրեն սիրահետումների մեջ մեղադրող կանանց ստախոսներ անվանեց, լրատվամիջոցներին կաշառված ու հանցագործ կոչեց, վերջում ԱՄՆ ընտրական համակարգը խեղված ու կեղծված որակեց, միով բանիվ, ամբողջ 10 օր համարյա փրփրակալած դեմքով ողջ աշխարհի դեմ պատերազմեց: Ճիշտ է՝ անհավասարակշիռ հոգեվիճակը դրական կողմ եւս արձանագրեց. անցնող 10 օրում Թրամփը երեւի իր կյանքի ամենասահուն ելույթներն ունեցավ, քանի որ ալեկոծող զայրույթը կմկմալու կամ նույն բառը հինգ անգամ կրկնելու ժամանակ չէր թողնում: Սակայն վերջնահաշվում, իր հիմար ընթացքով, հարձակումներով եւ հեռակա լեզվակռիվներով, որ շարունակվեցին տասն օր, Թրամփը ոչ միայն կորցրեց անկուսակցական ու չկողմնորոշված ընտրողների ձայները շահելու բոլոր հնարավորությունները, այլեւ անգամ ունեցած ձայները: Ի վերջո, հասավ 30-39% քվեի միջակայքին:

Դե, այդտեղ խաղը գրեթե ավարտված էր, բայց Թրամփը, փոխարեն գոնե այդտեղ վարքը փոխելու, ամենամեծ եւ անպատկերացնելի հիմարությունն արեց. նախագահական երրորդ հեռուստաբանավեճում հայտարարեց, թե ինքը կարող է չընդունել նախագահական ընտրությունների արդյունքը, ինչով վերջնականապես ու բոլորին հանեց իր դեմ: ԱՄՆ-ում ֆիզիկապես հնարավոր չէ նախագահական ընտրություն կեղծել, քանի որ այդ ընտրությունները կազմակերպող ու արդյունքներն ամփոփող միասնական կառույց չկա: Հիսուն նահանգ ընտրություն են անցկացնում, հիսուն ընտրական մարմին վերջնական արդյունք են հայտարարում եւ դրանց հիման վրա գործուղում են իրենց պատվիրակներին, որոնք էլ ընտրում են ԱՄՆ նախագահին: ԱՄՆ-ում ոչ միայն օբյեկտիվորեն, ընտրական գործընթացի կատարյալ ապակենտրոնացվածության շնորհիվ հնարավոր չէ ընտրություն կեղծել, այլեւ ԱՄՆ-ում ընտրության արդյունք չընդունելը համազոր է ամերիկյան իշխանակարգն ու հասարակարգը հիմքից ցնցելուն, ինչի հակազդեցությունը, բնականաբար, բոլորի կողմից էր եւ փակեց նախագահական ընտրապայքարի թեման ամերիկյան ողջ էսթաբլիշմենթի համար:

Երեկվանից արդեն Քլինթոնը, ըստ մամուլ հասած տեղեկությունների, իր վարչակազմի նշանակումների շուրջ է բանակցություններ սկսել, հանրապետականները դեռ շաբաթավերջից ուժերը կենտրոնացրել էին Սենատի ընտրությունների ուղղությամբ: Թրամփն էլ վայրէջք է կատարել անդունդի հատակ: Թվում է՝ վերջնականապես եւ ընտրություններից շաբաթներ առաջ:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X