Քաղաքագրություն. տները՝ հին Երեւանում

Կյանքը եռում է տների մեջ, որոնք շինված են ընդարձակ ծաղկանոցներով եւ շատրվաններով զարդարված բակերի մեջ։ Այդ տները գեղեցիկ են, համարյա ամենքն էլ ունեն իրենց առաջ եւ չորս կողմը պարտեզներ՝ դարավոր ընկուզենիներով եւ թթենիներով: Տները շինված են այնպես, որ դրսից, փողոցներից ուշադրություն չգրավեն, նրանք իրենց ճակատով նայում են դեպի բակն ու պարտեզը եւ փողոցների վրա լուսամուտներ կամ բոլորովին չունեն, կամ շատ քիչ ունեն, այն էլ՝ նեղ ու փոքր լուսամուտներով ցածից վեր ու վար քաշվող գույնզգույն ապակիներով զարդարված փեղկերով, որոնք բռնում են տան ամբողջ ճակատի պատը:

Ունեւոր քաղաքացիների սենյակները շատ կոկիկ են, պատերը գաջով ծեփած ու այլեւայլ ծեփարվեստի հորինվածքներով զարդարված: Վառարաններ չկան, այլ՝ բուխարիկներ, որոնք ավելի գեղեցկության համար են, քան տաքացնելու. տաքանում են մանղալների վրա: Հյուրասենյակները շուշաբանդ են, այսինքն՝ պատերի, առաստաղների մեջ, եւ բուխարիկների ճակատին եւ կողքերին հագցրած են ապակու կտորներ եւ հայելիկներ: Կահ-կարասիք չկա. հատակտներին փռված են թանկագին գորգեր, պատերի մեջ հանված են պատուհաններ, որոնց մեջ շարված են արկղիկներ, տուփեր, վարդաջրի սրվակներ եւ այլ բյուրեղյա հախճապակյա գեղեցիկ անոթեղեն ու ամաններ, որոնց մեջ մատուցում են հյուրերին անուշեղեն եւ մրգեղեն: Տների մուտքը բացված է, տան ճակատով 8-10 աստիճաններ տանում են նախասենյակը, որ բռնում է տան ամբողջ լայնությունը։ Դրա միջից աջ ու ձախ բացվում են երկու-երկու դռներ, որոնցից առաջին երկուսը տանում են աջակողմյան եւ ձախակողմյան հյուրասենյակները, որոնք զարդարված են արեւելյան ճարտարապետության եւ նկարազարդության հատուկ ճաշակով՝ երկհարկանի վարագուրածածկ պատուհաններ, թռչունների, ծաղիկների նկարներ՝ դռների, պատուհանների, բուխարիկների եզերքին, ճակատին, կողքին, իսկ մյուս երկուսը տանում են կից սենյակներ, որոնցից մեկը խոհանոցն է, մյուսը՝ մթերանոցը: Դրանք պահվում են անմաքուր եւ հաճախ մինչեւ անգամ գաջած էլ չեն լինում: Երկու հյուրասենյակների ճակատը բակի կողմից բոլորովին պատ չունի, այլ միայն մեծ-մեծ լուսամուտներ՝ երեք բաժանմունքներից բաղկացած, որոնք յուրաքանչյուրն առանձին-առանձին վեր ու վար քաշելու հարմարություն ունեն: Դրանք՝ այդ լուսամուտները, ինչպես ասացինք, շատ գեղեցիկ են իրենց գույնզգույն ապակիներով, բայց ձմեռը չեն պահպանում երբեմն 15-20 աստիճանի հասնող ցրտերից:

Այն դուռը, որ գտնվում է նախասենյակի մուտքի ուղիղ դեմուդեմ, մի անհարմար զառիվեր սանդուղքով տանում է վերնահարկը կամ վերնատունը, որ, գտնվելով նախասենյակի վրա, ավելի ցածր առաստաղ ունի, քան կողքի հյուրասենյակների վրա գտնվածները: Սանդուղքի շարունակությունը հասնում է տան տափարակ հողածածկ տանիքը: Տներն ընդհանրապես շինված են հում աղյուսից, լեռնաքարից կամ քավանգից, միջնապատերը՝ թրծած աղյուսից կրաշաղախ, պատերի մեջ հաճախ դրվում են պատի երկայնությամբ գերաններ, որոնք պահպանում են շինությունը հաճախ կրկնվող երկրաշարժերի ավերումներից: Շինությունների առաջին հարկը սովորաբար արտաքուստ երեսավորում են կոփածո քարերով, երբեմն էլ տան ամբողջ ճակատը ծածկում են թրծած կեսաղյուսիկներով կրաշաղախ: Տներից շատերը, բացի այդ բոլորից, ունեն այվաններ, այսինքն՝ ընդարձակ եւ բարձր ամառային սենյակներ, որոնց մի կողմը կամ երեսը բաց է եւ հենված է նկարազարդ սյուների վրա:

Երվանդ Շահազիզ. «Հին Երեւան»

** Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ**

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X