Քաղաքագրություն. Մահարի, Քաղաք-Պոեմ

Քաղաքներ կան՝ լավ գրված վեպի նման բարդ ու խորը, անակնկալ հանգույցներով եւ զարմանալի լուծումներով, ներքին կոնֆլիկտներով եւ սյուժետային զուգահեռներով, հոգեբանական նրբանցքներով եւ մեծ հրապարակների ու պողոտաների լայն, համոզիչ ընդհանրացումներով:

Եվ քաղաքներ կան՝ լավ գրված պատմվածքի նման սեղմ ու շեշտված, որ կարդացվում է արագ ու հեշտ, եւ երբ վերջացնում ես, ցավում ես, որ վերջացավ:

Քաղաքներ կան՝ Թումանյանի քառյակների նման խորունկ ու տոգորող, Տերյանի տրիոլետների նման հմայիչ, Թեքեյանի սոնետների նման կառուցիկ ու Սիամանթոյի խոսքի նման շքեղ ու ազդու: Քաղաքներ կան…

Սովետական Միության վիթխարի քարտեզի վրա մի քաղաք էլ կա, քաղաք-պոեմ…
Ո՞ւմ գրչին է պատկանում նա, դժվար է որոշել: Կախարդական խոյակներով ու զարդաքանդակներով շենքեր կան, որոնք նայելիս քեզ թվում է, որ Վարուժան ես կարդում, Չարենցի մեծ շունչն է խաղում Լենինյան հրապարակում, լայն փողոցներ ու պողոտաներ կան՝ Իսահակյանի Աբու-լալա-Մահարու նման օրորուն ու ներդաշնակ, եւ նրա եղնիկներն են նայում նրբատաշ քարերից, սյուներից, կամարներից:
Մեծաշունչ, էպիքական պոեմ, քաղաքամա՛յր Երեւան: Ամեն անգամ, երբ ես անցնում եմ նրա փողոցներով, ինձ թվում է, որ ես կարդում եմ հիասքանչ պոեմ՝ գրված մեր ոճով ու հույզով, ամեն մի տողը ողողված լենինյան լույսով:
1958թ.

Երբ քնած է Երեւանը…

Ինչո՞ւ տուրք տալ կեղծ համեստության, երկուսն էլ հանճարեղ էին բառիս շռայլ իմաստով:
Ճարտարապետն ու բանաստեղծը:

Ճարտարապետը հեռացավ կյանքից, թողնելով ապագա Երեւանի վիթխարի հատակագիծը:

Անմահ տողերով պոետը երգեց անմահ ճարտարապետի մահը:

Հետո ինքն էլ հեռացավ կյանքից, հազիվ տեսած նոր Երեւանի ուրվագծերը:

Եվ ի՞նչ տեսավ նա. կետադրություններ՝ առանց տեքստի:

Եվ նա իր բոցավառ երեւակայությամբ լրացնում էր, ստեղծում, տեսնում էր ու կարդում այդ տեքստը:

…Ամեն գիշեր, երբ քնած է Երեւանը, երկու հոգի երազուն քայլերով շրջում են նրա նոր փողոցներում:

Լուռ են նրանք, ինչպես վայել է անմահների ուրվանկարներին: Նրանք հանդիպում են Հոկտեմբերյան հրապարակում, ապա՝ Աբովյանի վրա, երկար շրջում են Կոմիտասի փողոցում, երեւում են Տերյանի վրա, բարձրանում են Նորք, կանգնում նրա բարձունքին՝ լուսեղեն սյուների նման, ու նայում վար, լույսերի մեջ ծփացող Երեւանին:

Ճարտարապետ Չարենցը եւ բանաստեղծ Թամանյանը:

Կամ ընդհակառակը:

Ինչո՞ւ տուրք տալ կեղծ համեստության, երկուսն էլ հանճարեղ էին բառիս շռայլ իմաստով…

Ամեն գիշեր, երբ քնած է Երեւանը, երկու հոգի երազուն քայլերով շրջում են նրա լուռ փողոցներում…

1958թ.

Գուրգեն Մահարի՝ «Քանդակներ»

Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X