Մեդիախոհանոց. Սիրված եւ չսիրված ԶԼՄ-ներ

Պաշտոնյաների, հանրային, հասարակական-քաղաքական գործիչների հետ ԶԼՄ-ների հարաբերությունները բացահայտում են հետաքրքիր ենթաշերտեր։ Պարզվում է, որ ամեն մի պաշտոնյա, հասարակական, քաղաքական գործիչ, կուսակցություն ունի իր նախընտրելի ԶԼՄ-ները եւ, ըստ այդմ էլ՝ կողմնորոշվում է ԶԼՄ-ների հետ հարաբերություններում։

Եթե ԶԼՄ-ն ժամանակ առ ժամանակ քննադատության է ենթարկել տվյալ քաղաքական գործչին, պաշտոնյային, ապա, վերջինս, որպես կանոն, այդ քննադատությանն արձագանքում է՝ ԶԼՄ-ին «պատժելով». տվյալ լրատվամիջոցին նա եւ իր կուսակից ընկերները հարցազրույց չեն տալիս տեւական ժամանակ, չեն պատասխանում նրա հեռախոսազանգերին, մամուլի ասուլիսներին չեն հրավիրում, եւ միայն իր աղբյուրներից իմանալով է տվյալ ԶԼՄ-ի ներկայացուցիչը ներկայանում մամուլի ասուլիսին։ Եվ այս գործելաոճը բնորոշ է ոչ միայն իշխանության ներկայացուցիչներին, որոնք հաճախ ԶԼՄ-ների հարցերին չպատասխանելը պատճառաբանում են իրենց զբաղվածությամբ, այլեւ՝ գիշեր ու զօր խոսքի, մամուլի ազատությունից, ժողովրդավարությունից ճամարտակող եւ իրենց ընդդիմադիր հռչակած քաղաքական գործիչներին, որոնք իրենց դուր չեկած ԶԼՄ-ներին «ցրելու» յուրահատուկ ոճ ունեն։

Լինում են դեպքեր, երբ զանգահարում ես X քաղաքական գործչին, եւ, նա, որպես քեզ մերժելու տարբերակ, հիշեցնում է, թե քո գործընկերը ժամանակին ինչպես է քննադատել իրեն։ Ավելի խորամանկները, որոնք առաջնորդվում են կուսակցական առաջնորդի ցուցումով եւ հակված չեն որեւէ ինքնուրույն քայլի, լրագրողին մերժելու «քաղաքակիրթ» հնարներ են մտածել. սկզբում խոստանում են, որ անպայման հարցազրույց կտան, հետո այն հետաձգում են ինչ-ինչ պատճառաբանություններով, հետո չեն պատասխանում հեռախոսազանգերին, մինչեւ լրագրողն էլ դադարում է իրենց անհանգստացնել։

Կուսակցական գործիչների այդ տեսակը, առանց ամաչելու, կարող է շրջանցել իրեն անցանկալի լրատվամիջոցին, խուսափել նրա հարցերից եւ հենց նույն օրը հարցազրույց տալ իր համար նախընտրելի մեկ այլ ԶԼՄ-ի, որը միգուցե իրեն անհաճո հարցեր չի տվել, հարցազրույցը կայացել է ջերմ եւ բարեկամական մթնոլորտում։ Հաճախ այդ մանիպուլյացիաների պատճառով տուժում է լրագրողը, նրա աշխատանքը, իսկ կուսակցական գործիչը լրագրողին հերթական անգամ «ցրելուց» հետո չի ամաչի հանդիպելիս նրա աչքերի մեջ ուղիղ նայել։

Իհարկե, երբ պետական կառույցներին, հասարակական-քաղաքական գործիչներին պետք են ԶԼՄ-ները, նրանք անհապաղ, շտապ հիշում են նրանց, կարող են օրվա մեջ մի քանի անգամ զանգել եւ հետաքրքրվել՝ ստացե՞լ ենք, արդյոք, իրենց տարածած հաղորդագրությունը, թե՞ ոչ, լուսաբանելու՞ ենք իրենց հրավիրած մամուլի ասուլիսը, թե՞ ոչ։ Լրատվական կայքերի, թերթերի ամենօրյա եւ ուշադիր ընթերցողները կարող են անվրեպ թվարկել, թե ովքեր են տվյալ կայքի կամ թերթի «մշտական այցելու» համարվող քաղաքական գործիչները, ինչ նախապատվություններից ելնելով, ինչ հարցերի շրջանակներում են նրանք հաճախակի հարցազրույցներ տալիս այդ ԶԼՄ-ներին եւ «անհասանելի» մնում այլոց համար։ Իսկ այդ «կանխատեսելիությունը» անհետաքրքիր է դարձնում ոչ միայն քաղաքական գործիչներին, այլեւ՝ նրանց պարբերաբար ասպարեզ բերող ԶԼՄ-ներին։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X