Քաղաքագրություն. Մահարի

Այնտեղ, ուր Լենինի հրապարակն է…

Շատ բան կար: «Պտի շան» ամառային ռեստորանն էր, հետո՝ կողք կողքի մրգի դուքաններ, էլի ինչ-որ մասնավոր խանութներ, հետո՝ դեղատունը: Նրա վերին հարկը որբանոց էր, աղջիկների որբանոց, ապա վերածվեց հանրակացարանի, իսկ սենյակներից մեկում հաստատվեց Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիան:
Դեղատնից մի կոոպերատիվ խանութ կար, որը հուսահատական պայքար էր մղում սանձարձակ մասնավորի դեմ, իսկ նրա տակը, Ամիրյանի եւ Աբովյանի անկյունում, ներքնահարկային «Արաքս» ռեստորանն էր:

Հետո գալիս էր կաֆե «Նաիրին»՝ բարձր ինտելիգենցիայի ժամադրավայրը: Անշո՛ւք:
Այստեղ կարելի էր տեսնել լայնաթիկունք եւ առնական Մարտիրոս Սարյանին, Թոթովենցի ծիծաղը կարելի էր լսել կես կիլոմետր հեռավորության վրա, իսկ Չարենցը սիրում էր աղմկահույզ գիշերներից հետո կիտրոնով մուգ թեյ խմել, մեծ կարեւորություն տալով ամեն կումին:

Հետո «Պետհրատի գրախանութն» էր, որն աչքի էր ընկնում իր զարմանալի ցուցանակով, չեմ հիշում, թե ով էր գրել այդ: Բայց հիշում եմ, որ հայագետն անգամ մեծ դժվարությամբ կկարողանար տառ առ տառ կարդալ՝ «Պետհրատի գրախանութ»:
Այժմ գոյություն ունեցող պուրակի բուլվարի ճիշտ դեմ դիմաց քաղաքի միակ փոքրիկ կինո-թատրոնն էր: Նրա վրա էր քաղաքային զառամած ժամացույցը, զրնգալուց առաջ խռխռում էր, խզխզում: Հետո գալիս էր «մեքենագրուհիների բյուրո»-ն:

Թեքվում ենք Նալբանդյան փողոց, այս անգամ քայլում վարից վեր: Սեւացրած տախտակի վրա սպիտակ տառերով առաջին ցուցանակը հայերեն եւ ռուսերեն՝ «Բեդնի Սաշա»: Պարզապես ամենահասարակ կարգի փոքրիկ ճաշարան էր, բայց ինչո՞ւ «բեդնի» եւ ինչո՞ւ «Սաշա»…

Մյուս թեւի վրա երկհարկանի, սեւաքար փոստն էր, հետո՝ բնակելի տներ, որսորդական ճաշարանը, նրա դիմաց «Ֆանտազիա» բաղնիքը, ուր ֆանտաստիկ ոչինչ չկար: Իսկ Ամիրյան փողոցի հատվածի վրա՝ սափրչանոցները, լուսանկարչատուն, մի բնակելի տուն՝ փոքրիկ բակով, էլի ինչ-որ խանութ…

Այս էր այսօրվա լայնաշունչ, էպիքական Լենինյան հրապարակը երեսունհինգ տարի առաջ:

Այդ օրերին ծնված մանուկները հիմա երեսունհինգ տարեկան են:
1958թ.

Գուրգեն Մահարի. «Քանդակներ»

Պատրաստեց Արամ
ՊԱՉՅԱՆԸ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X