Քաղաքագրություն. Առաջին հակածխախոտային նյութերը

Դեռ 1884 թվականին «Երեւանի հայտարարություններ» շաբաթաթերթում լույս են տեսնում հակածխախոտային նյութեր, երգիծական պամֆլետներ, անգամ ծխախոտի վնասակարության վերաբերյալ զավեշտալի բանաստեղծություններ: Հեղինակները երեւանցիներին կոչ են անում քիչ ծխել եւ չհարստացնել ծխախոտի բիզնեսով զբաղվող ընկերություններին:

Ստորեւ ներկայացնում եմ այդ նյութերից մեկը:

Մեր կյանքը նմանվում է ծխվող սիգարի այրվելուն: Երեխա ժամանակ մենք անհամբերությունից այրվում ենք՝ կամենալով հասակավոր լինել: Երիտասարդության ժամանակ մենք այրվում ենք սիրուց մի որեւէ «հրեշտականմանի» համար: Հասակ առած ժամանակներս մեզանում վառվում է պատվասիրությունը կամ դրամասիրությունը, իսկ ծերության միջոցներում բուռն ցանկության սերը հանգչում է մեր մեջ, եւ մենք սառչում ենք, դառնում ենք ինչպես ծխված, հանգած սիգարի մի կտոր:

Սերը նմանվում է ծխախոտի, նրան շատ հեշտ է վառել եւ առաջին անգամ վառածը – սերն է, եւ այդ ծխախոտը (սերը) պետք է վառվի մինչեւ վերջ. ընդհատված ու հետո նորից սկսված սերը, ինչպես եւ հանգած, նորից կպցրած ծխախոտը, արդեն ոչ մի համ չունի:
Շատ մարդիկ չեն սիրում, որ իրենց մոտ ծխախոտ ծխեն, բայց սիրում են, որ իրենց առաջ խունկ ծխեն:

Նայելով ծխող մարդու վրա, դժվար չէ գուշակել նրա բնավորությունը: Մռայլ մարդը միշտ ահագին քանակությամբ ծուխ է թողնում բերնից, այնպես, որ ինքը ծխի մեջ չի երեւում: Երգիծաբանները, առհասարակ, թողնում են ծխի ամենաբարակ հոսանքներ, խոլերիկները քթով են ծխում եւ այլն:

Մաքսադրոշ (բանդերոլը) ծխախոտի համար նույնն է, ինչպես եւ անցաթուղթը (պասպորտ) բնակչի համար: Երկուսն էլ իրավունք չունեն գոյություն ունենալ առանց մաքսադրոշի եւ անցաթղթի:

…Իսկապես ամեն մարդ ծխում է, որովհետեւ ամեն ոք աշխատում է ծուխ թողնել մյուսի աչքերին…

…Ծխելը, ինչպես բժիշկները հայտնում են, նարկոտիկական բնավորություն ունի, այսինքն՝ թրմեցնող եւ քնեցնող միջոց է: Երեւի հենց դրա համար է, որ մինչեւ այսօր ամբողջ Եվրոպայում ոչ մի պոլիցիական աստիճանավոր չի փորձել վերջ տալ ծխելուն…

«Երեւանի հայտարարություններ», 1884 թվական, 24 նոյեմբեր

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X