ԵԱՀԿ գրասենյակի corruption, թե ինչ...

ԵԱՀԿ-ն եվրոպական մայրցամաքի ամենահեղինակավոր կառույցներից մեկն է, Երեւանում ունի գրասենյակ, որը ղեկավարվում է դեսպանի կողմից եւ զբաղվում է մարդկային թրաֆիքինգի դեմ պայքարի, հակաահաբեկչության, կրթության, ընտրությունների, շրջակա միջավայրի, գենդերային հավասարության, հանդուրժողականության եւ մի շարք նմանատիպ հարցերով: Գրասենյակի կայքում գլխավոր նյութը, սակայն, 2014-ին թվագրված մի լուսանկար է՝ դպրոցահասակ երեխաների համար Ծաղկաձորում կազմակերպված հակակոռուպցիոն սեմինարից:

Այդ լուսանկարն ուշադրությունս գրավեց, որովհետեւ, իմ տպավորությամբ, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակում ուրիշի աչքի շյուղից են քարոզում՝ առանց սեփական աչքի գերանը տեսնելու: Դժվար է հովանավորչություն կամ կոռուպցիա չկոչել մի դրվածք, երբ ԵԱՀԿ գրասենյակի միջոցներով անվանապես հայաստանցի լրագրողներ են գործուղվում ԵԱՀԿ գագաթնաժողովներ լուսաբանելու, մինչդեռ իրականում լրագրողի անվան ներքո գործուղում են ում ասես՝ լրագրության հետ կապ ունեցող, թե չունեցող: Ինքս ինչպե՞ս դրան տեղեկացա… պատահաբար:

Հոկտեմբերի վերջերին մամլո հաղորդագրություն էի ստացել դեկտեմբերի ԵԱՀԿ նախարարական ժողովին լրագրողների հավատարմագրման կարգի մասին: Գերմանական նախագահությունը լրագրողներին Համբուրգ հրավիրելու դրամաշնորհներ չէր հատկացրել, Գերմանիայի դեսպանատանն էլ չկային նախատեսված միջոցներ, հետեւաբար, ծանուցումը մի կողմ պետք է դնեի: Բայց մինչ այդ զանգեցի ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ, որտեղից հաստատեցին, որ իրենք լրագրողներ տանում են ԵԱՀԿ-ի գագաթնաժողովներին, բայց նաեւ նշեցին, որ որոշված է, թե դեկտեմբերին ում են տանելու:

Դե, ում տանում են՝ տանեն, գագաթնաժողով է՝ ամեն տարի գումարվող… Եվ հետո՝ ինքս որքան էլ շատ եմ արտերկրում եղել, երբեք չի պատահել, որ մեկնեմ մեկ-երկու օրով՝այց, հանդիպում, համաժողով լուսաբանելու: ԱՄՆ-ից մինչեւ Իրան քանի տասնյակ երկրներ էլ որ այցելել եմ, նվազագույնը մեկ-երկու շաբաթ տեւող ծրագրերով եմ այցելել՝ լրագրողական շրջագայություններ, միջազգային կուրսեր, ֆորումների, փառատոներ: Բայց արի ու տես, որ նոյեմբերի 8-ի ԱՄՆ ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո, ԵԱՀԿ Համբուրգի նախարարական ժողովն իմ աչքում դարձավ առանձնահատուկ, գրեթե պատմական՝ ի տես նրա, թե ողջ նախընտրական արշավի ընթացքում Թրամփն ինչեր է ասել Եվրոպայում անվտանգության համակարգի մասին:

Այժմ, իրոք, ցանկացա մեկնել Համբուրգ:

Առաջին քայլերից մեկը՝ ցանկությունս իրականություն դարձնելու ուղղությամբ, ինքնաբերաբար հետաքրքրվելն էր, թե լրագրողն ինչ ընթացակարգով, ում պետք է դիմի, որպեսզի նրա թեկնածութունը քննարկվի գործուղման համար: Այստեղից էլ սկսվեց հետաքրքրականը: Պարզվեց, թե ում գործուղել ԵԱՀԿ գագաթնաժողով, որոշում է երեւանյան գրասենյակը, բայց դրա համար գոյություն չունի ոչ մի ընթացակարգ: Ավելին, գոյություն չունի ընդհանրապես ոչ մի նիշ, պահանջ, չափանիշ, թե ում են գործուղում: Լրագրողի անվան ներքո գործուղում են՝ ում ուզում են: Համբուրգ են տանում՝ մեկը, օրինակ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանին: Հարց. Սամվել Մարտիրոսյանը երբեւէ իր կյանքում լրագրությամբ զբաղվե՞լ է, որեւէ առնչություն ունի՞ լրագրության հետ: Նա բլոգեր չէ՞, որը նաեւ կիբեր անվտանգության հարցերով է զբաղվում… Հետեւաբար, ԵԱՀԿ գագաթնաժողովում Մարտիրոսյանն ի՞նչ պետք է անի, տեղեկությունների՞ հետեւի, ասուլիսի՞ մասնակցի, հարցազրո՞ւյց վերցնի…

Հավատա՞նք, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի լրատվության պատասխանատուն social networking կամ blogging ասվածը չի կարողանում տարբերել լրագրությունից, այդ դեպքում ինչպե՞ս է լրատվության պատասխանատվություն ստանձնել: Թե՞ ենթադրության հանգենք, որ գագաթնաժողովների գործուղման համար թեկնածուներն ընտրվում են շահագրգռությամբ կամ մեկի ընկերը լինելու հանգամանքով, կամ ՀՀ նախագահականից են խորհուրդ տալիս… Ամեն պարագայում, ի տես լրագրողի անվան ներքո ոչլրագրողներին գործուղելու ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի արատավոր ու արմատացած պրակտիկայի (որը դժվար է չբնութագրել որպես հովանավորչություն կամ կոռուպցիա), ծառանում է մի կենտրոնական հարց. կա՞ որակավորման պահանջ, նիշ (eligibility requirement), որոնց պետք է համապատասխանի անձը, որպեսզի, իբրեւ լրագրող, ԵԱՀԿ ֆինանսավորում ստանա եւ մեկնի գագաթնաժողով՝ լուսաբանելու, եթե այո, ապա որո՞նք են:

Այս հարցադրումն արդեն երկու շաբաթ ուղարկել ենք ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ: Եվ չկա պատասխան: Խոսուն փաստ է: Ուրիշի աչքի շյուղից խոսելը կամ դպրոցականներին կոռուպցիայից քարոզելը դյուրին է, բարդը սեփական աչքի գերանի հարցն է:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X