Որտե՞ղ կթրմփա Թրամփը

Թե Դոնալդ Թրամփը որքանով հաջողված կամ անհաջող նախագահ կլինի, ժամանակը ցույց կտա, բայց ամերիկյան քաղաքականության կատակերգուի տիտղոսը նա իրավամբ նվաճել է: Որքան էլ Թրամփի շրջապատից համոզում էին, թե ընտրարշավում մարդիկ տեսնում են շոումեն Թրամփին, մինչդեռ կա ավելի լուրջ, ինտելեկտուալ եւ նախագահական պաշտոնին համապատասխանող Թրամփ, որը հասարակությանը կներկայանա նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում, առայժմ տեսանելին նույն շոումեն Թրամփն է, որը որոշ նախագահական քայլեր է կատարում: Բայց զարմանալիորեն ողջ շոումենի անլուրջ պահվածքի մեջ նախագահական քայլերը պրիմիտիվ չեն, նույնիսկ մտածված են եւ հեռահար:

Մասնավորապես, Թրամփը զգալի տպավորություն գործեց պետքարտուղարի եւ պաշտպանության քարտուղարի համար իր դիտարկած թեկնածուներով: Թեեւ երկու պաշտոնների դեպքում էլ ողջ շաբաթվա ընթացքում վերջնական անուններ չտրվեցին, բայց պաշտպանության քարտուղարի պաշտոնում գեներալ Ջեյմս Մատիսի թեկնածությունը թվում է գրեթե հաստատ։ Ոչ միայն որովհետեւ Թրամփը նրա մասին տպավորիչ կերպով ասել էր «Գեներալների գեներալ», այլեւ որովհետեւ Մատիսի թեկնածությամբ ԱՄՆ-ում հիացած են կարծես բոլորը: Նա չորս աստղ կրող գեներալ է, ինչը շատ բարձր կարգավիճակ է ամերիկյան զինվորական աստիճանակարգության մեջ: Դրանից բարձր միայն հինգ աստղ կրող գեներալներն են, իսկ հինգ աստղ ԱՄՆ-ի ողջ պատմության մեջ միայն հինգ անձի է շնորհվել, որոնցից երեքի անունն անգամ Հայաստանում շատ շատերը լսած կլինեն՝ Ջորջ Մարշալ, Դուգլաս ՄաքԱրտուր եւ Դուիթ Էյզենհաուեր, բոլորն էլ՝ Երկրորդ համաշխարհայինին մասնակցած զորավարներ:
Հետեւաբար, չորս աստղ կրող պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մատիսն իր կենսագրությամբ եւ ծառայությամբ արդեն հարգանք է ներշնչում, սակայն նրա թեկնածությանը համարյա բոլորը կողմ են արտահայտվում, որովհետեւ նրան համարում են ոչ միայն պատերազմներում հաղթած տաղանդավոր ռազմական տակտիկ, այլեւ ստրատեգիական աշխարհընկալում եւ մտածողություն ունեցող անհատ եւ գործիչ: Միով բանիվ, 66-ամյա պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մատիսը, որը կարծես ավելի շատ գրքեր է սիրում, քան կանանց (ամեն դեպքում, ասում են, նա իր անձնական գրադարանում յոթ հազար, թե տասնյոթ հազար գիրք ունի, բայց ոչ մի կին ամուսնական կյանքում, քանի որ երբեւէ ամուսնացած չի եղել եւ չունի երեխաներ), հունվարի 20-ից հետո, թվում է, կստանձնի Պենտագոնի ղեկավարումը:

Թրամփի հաջորդ եւ ավելի ուշագրավ ընտրությունն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի համար 2012-ի նախագահական թեկնածու Միթ Ռոմնիի դիտարկումն է: Ալեք Բոլդուինի պարոդիան, թե Թրամփի եւ Ռոմնիի միջեւ մի քանի րոպե ձգված ձեռքսեղմումն է եղել ողջ հանդիպումը՝ միմյանց աչքերի մեջ նայելով եւ առանց բառ արտասանելու, ոչ միայն հաջողված սատիրա էր, այլեւ խորը հոգեբանական դիտարկում: Ռոմնին եւ Թրամփը միմյանց հասցեին վիրավորանք չի մնացել, որ ասած չլինեն ողջ ընտրարշավի ընթացքում, ամիսներ շարունակ: Եվ այն, որ Թրամփը կարող էր իրեն հասցված այնքան անձնական վիրավորանքները՝ ստախոս, տգետ, խարդախ, ցուցամոլ եւ այլն, մի կողմ թողնել եւ Ռոմնիին առաջարկել պետքարտուղարի պաշտոնը՝ գնահատելով նրա փորձը, գիտելիքները եւ հեղինակությունը ԱՄՆ Հանրապետական կուսակցությունում, խոսում է այն մասին, որ Թրամփը կարող է իրոք լուրջ լինել: Ռոմնին էլ չի բացառվում, որ ընդունի առաջարկը՝ մի կողմ թողնելով Թրամփի հետ անձնական խնդիրները, քանի որ իր ծառայությունը հարկավոր է ԱՄՆ-ին:

Այս լուրջ քայլերն այնուամենայնիվ չխանգարեցին, որ ողջ անցյալ շաբաթ Թրամփը նյուսմեյքեր մնար Tweet-ներով, էպոտաժային պահվածքով եւ Նայջել Ֆարաջին ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան նշանակելու առաջարկով: Այնպես որ, ի վերջո, որտե՞ղ կթրմփա Թրամփը՝ նախագահի լրջությա՞ն հարթությունում, թե՞ շոումենի անլրջության, մնում է հարցական:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X