Թնջուկը Պոլսո Աթոռը պետք է լուծեր, եվ դա արվեց

Պոլսո հայոց պատրիարքությունն իր կշռով եւ նշանակությամբ ավելին է, քան կրոնական-ազգային կառույցը: Համարյա, ինչպես քրիստոնեական պատկանելությունն ինքնաներշնչումից վերածվում է ռեալության եւ գիտակցության Երուսաղեմում, Սուրբ Հարության տաճարում, այնպես էլ արեւմտահայ միջավայրին՝ լեզվին, պատմությանը, մշակույթին, խոհանոցին, սովորույթներին պատկանելու զգացումները, մտքերը վերածվում են ռեալության եւ գիտակցության Պոլիս այցելելիս: Ինչպես Երուսաղեմի հարափոփոխ իշխանավորները ոչինչ չեն փոխել Տերունական սրբավայրերի նշանակության եւ ընկալման մեջ, այնպես էլ Պոլիսում թուրքական իշխանությունը մեծ բան չի փոխում հունաց եւ հայոց ժառանգության եւ արժեքի մեջ: Ում իշխանությունն էլ լինի Պոլիսում, Հայոց պատրիարքարանը, Կեդրոնական վարժարանը, Շիշլիի գերեզմանատունը, Մարմարա ծովը, Hagia Sophia տաճարը բավական են, որպեսզի Պոլիսում արեւմտահայ աուրան զգաս իբրեւ ռեալություն, ու այն դառնա ինքնագիտակցություն:

Հետեւաբար, պոլսահայ կյանքի կենտրոնական հաստատության՝ պատրիարքությանն առնչվող իրադարձությունների հանդեպ հետաքրքրությունը մեծ է աշխարհասփյուռ հայության շրջանում, ինչն էլ պատճառ է դառնում, որ հաճախ Հայաստանում թուրքահայ աշխարհիկ անհատներից, անգամ շատ ավելի անտեղյակ հայաստանյան թուրքագետներից հարցազրույցներ վերցվեն եւ շրջանառվեն Պոլսո հայոց պատրիարքի ընտրության առնչությամբ:

Հուսանք՝ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հետ ստորեւ ներկայացվող հարցազրույցը հայաստանյան թերի տեղեկատվության, անպտուղ քարոզչության ընթացքը կընդհատի: Մաշալյան Սրբազանին հայաստանցիները գիտեն «Շողակաթի» Սուրբ Գրքի մեկնության հեռուստաշարքից, բայց Սրբազանը ոչ միայն քրիստոնեության գիտակ ու քարոզիչ է, այլեւ երեւելի հոգեւորական, ով ծնվել է Պոլիսում, կրթություն է ստացել Ստամբուլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում, զուգահեռաբար ծառայության է անցել Պոլսո հայոց պատրիարքարանում, այնուհետ աստվածաբանություն է ուսանել Լոնդոնի եւ Դուբլինի համալսարաններում, ղեկավարել է Երուսաղեմի հայոց Ժառանգավորաց վարժարանը եւ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանը: Մաշալյան Սրբազանը եպիսկոպոս է ձեռնադրվել Էջմիածնում՝ 2008-ին, եւ 2010-ից կրոնական ծառայության է վերադարձել Պոլիս, ներկայիս Եկեղեցական ժողովի ատենապետն է։

- Սրբազան, Պոլսո հայոց պատրիարքարանի հոկտեմբերի 26-ի հաղորդագրության մեջ ասվում էր, որ Եկեղեցական համագումար ժողովը որոշում է առել այսուհետ Մեսրոպ պատրիարքին նկատել «հանգստեան կոչուած»: Նախկինում Պոլսո Աթոռի պատմության մեջ նախադեպ եղե՞լ էր, որ պատրիարքը ճանաչվի «Պատրիարք ի հանգստեան», թե՞ կանոնադրական այդ կարգավորումն առաջին անգամ կիրառվեց:

  • Կոստանդնապոլսոյ ութսունուչորս պատրիարքներէն հազիւ տասն եւ երկուքը ցկեանս պաշտօնավարած են: Մնացեալը կա՛մ հրաժարած են կա՛մ ալ պաշտօնանկ եղած: Քանի որ Օսմանական շրջանին պատրիարքները նաեւ պետական պաշտօնեաներ էին, հազար ու մէկ պատճառներով կրնային աթոռէն հեռանալ: Ժամանակ եղած էր որ ներկայ պատրիարքի կողքին նախքին պատրիարքները՝ երկու կամ երեքը, տակաւին կ'ապրէին եւ կը կրէին «նախքին պատրիարք» տիտղոսը: Մենք մեր աթոռի եկեղեցական օրացոյցին մէջ ունինք հանգստեան կոչուած եկեղեցականներու անուանացանկը: Նոյն տրամաբանութեամբ Մեսրոպ պատրիարք հայրը, եկեղեցական ու պետական օրէնքներու համաձայն կը նկատուի «հանգստեան կոչուած»:

- Եթե ես ճիշտ գիտեմ, Ընդհանուր ժողովի որոշումից հետո պատրիարքությունը պետք է համապատասխան դիմում ներկայացներ Թուրքիո իշխանություններին՝ նոր պատրիարքական ընտրության արտոնություն ստանալու եւ այն կազմակերպելու համար: Այդ գործընթացն այժմ ո՞ւր է հասել՝ դիմում տրվե՞լ է, արձագանք եղե՞լ է, կամ ե՞րբ է ակնկալվում, որ այդ քայլերը լինեն:

  • Թուրքիան աշխարհիկ պետութիւն մըն է: Ուստի ուղղակիօրէն միջամուխ չըլլար կրօնական հարցերուն: Պատրիարք ընտրել կամ չընտրել եկեղեցական խնդիր մըն է, որուն մե՛նք կ'որոշենք: Ուրեմն իշխանութիւններուն մեր դիմումը, «արդէն մեր աթոռը թափուր է եւ նոր պատրիարք ընտրելու որոշում առեր ու ընտրութիւններուն ձեռնարկած ենք: Այս իրավիճակը ձեր նկատարման կը յանձնենք» տեսակի դիմում մըն է: Իշխանութիւնները «գործընթացի» համար մէկ անգամի յատուկ կանոնագրութեամբ ժողովրդական ընտրութիւն կազմակերպելու արտօնութիւն կու տան: Մինչեւ հիմա պետական արգելքը անոր համար էր որ մեր կողմէ աթոռը թափուր չեր հռչակուած եւ մեր աւանդութեան մէջ չգտնուող «աթոռակից» պատրիարքի ընտրութիւն մը խնդրած էինք պետութենէն: Պետութիւնը պարզապէս այս կրօնական հարցերուն պատասխանել չէր ուզած: Թնճուկը պէտք էր որ մենք լուծէինք, ոչ թէ պետութիւնը եւ մենք ա՛յդ է որ ըրինք: Այժմ Ստանպուլի Կառավարչութենէն ժամադրութիւն կը սպասենք որ մեր դիմումը անձնապէս կատարենք: Ասկէ յետոյ պիտի սպասենք որ գործընթացի արտօնութիւն տրուի:

- Սրբազան, 2011-ին, երբ ինքս Երուսաղեմում էի, այնտեղի խոսակցություններից հիշում եմ, որ Երուսաղեմի հայոց պատրիարքի ընտրությանը կարող էին մասնակցել միայն Սբ. Հակոբյանց միաբանության 4-5 տասնյակ անդամները, աշխարհիկ անձինք ձայն չունեին: Պոլսո պատրիարքի ընտրությանը, որքան հասկացել եմ, աշխարհիկ անձինք էլ ձայն ունեն: Այդ տարբերությունն ի՞նչ հիմք ունի ու ինչպե՞ս է ծագել:

  • Երուսաղէմի պատրիարքներն ալ ժողովուրդի մասնակցութեամբ կ'ընտրուէին ըստ Օսմանեան շրջանի Հայոց Սահմանադրութեան, որ կը պահպանէ մէկ կղերական պատգամաւորի դիմաց եօթը աշխարհիկ պատգամաւորներու համեմատութիւնը ընտրողական ժողովներու կազմութեան մէջ: Նման աւանդութիւն Ս. Էջմիածնի եւ Անթիլիասի Կաթողիկոսներու եւ Պոլսոյ պատրիարքներու ընտրութեան կը շարունակուի: Անգլիացի իշխանութիւններու հրամանով Երուսաղէմի վանական պատրիարքներու ընտրութիւնը կատարուելու սկսաւ զուտ Ս. Յակոբեանց Միաբանութեան անդամ հոգեւորականներու միջեւ եւ կողմէ: Երուսաղէմի ժողովուրդի նուազումը նաեւ այս կիրարութեան պատճառներէն մէկն է, կրնանք ըսել:

- Պոլսո Նվիրապետական Աթոռի դեպքում ինչպե՞ս է կարգը. Աթոռի յուրաքանչյուր եպիսկոպոս համարվում է պատրիարքի թեկնածու, եթե ինքնաբացարկ չի՞ հայտարարել, թե՞ եթե իր թեկնածությունը հաստատել է: Ներկայիս Պոլսո պատրիարքությունը որքա՞ն միաբան ունի, եւ կա՞ն կրոնական աստիճանակարգության, ձեռնադրման վայրի կամ այլ պահանջներ, որոնց միաբանը պետք է համապատասխանի պատրիարքական թեկնածու դիտարկվելու համար:

  • Ըստ ընկալեալ սովորութեանց Պոլսոյ Աթոռի պատկանող նուազագոյն երեսունհինգ տարեկան ամէն եպիսկոպոս բնական թեկնածուներ են: Այս պայմանը լրացնող երեք թեկնածուներ ըստ տարիքի՝ Գարեգին Պէքճեան, Արամ Աթէշեան եւ Սահակ Մաշալեան սրբազաններ են: Եւս առաւել Թուրքիոյ մէջ ծնած եւ կամ իր հայրը Թուրքիոյ հայրենակից եղած Սուրբ Էջմիածնի պատկանող եպիսկոպոսներ նաեւ կրնան թեկնածու հանդիսանալ եթէ թեկնածու ցոյց տրուին եւ իրենք ալ ընդառաջեն: Այս պայմանները կը լրացնեն Երուսաղէմէն Սեւան Ղարիպեան, Ամերիկայէն Խաժակ Պարսամեան, Վիգէն Այքազեան, Հայաստանէն Սեպուհ Չուլճեան սրբազանները: Ուրեմն Պոլսոյ Կրօնական Ժողովը բոլոր ընտրելի եպիսկոպոսներու ցուցակը պատրաստելով կը մատուցանէ Եկեղեցական Ընդհանուր Համագումար Ժողովին (Պոլսոյ Աթոռի բոլոր կրօնականներէն բաղկացեալ ժողով մը), որպէսզի գաղտնի գուէարկութեամբ հինգ հոգինոց թեկնածուներու ցուցակ մը պատրաստուի: Այս միջոցին կազմուելիք Ընտրութեան Նախաձեռնարկ Մարմին մը այս թեկնածուներուն նամակներ գրելով կը ստուգէ անոնց մասնակցութիւնը: Թեկնածութիւնը ընդունող եպիսկոպոսներ կը սկսին ընտրարշաւին: Սակայն վերոյիշեալ գործընթացը դժբախտաբար ստոյգ օրինաւոր հանգամանգ չունի, այլ աւանդաբար գործադրուող Հայոց Սահմադրութեան տրամադրութիւններ են, որ այլեւս Թուրքիայում ի զօրու չէ: Զոր օրինակ, Համագումար Ժողովը եթէ ուզէ թեկնածուներու թիւը կրնայ երեքով սահմանափակել:

- Թուրքիայում եւ Թուրքիայի շուրջ այժմ անհանգիստ դրություն է, ենթադրությունները տարբեր են, թե ապագան ինչ կլինի: Այս պահին, որքանով հնարավոր է ապագայի մասին դատել, նորընտիր պատրիարքն ի՞նչ առաջնահերթ խնդիր կդիմագրավի՝ հայության անվտանգությա՞ն, հայկական նյութական ժառանգության պահպանությա՞ն, վարժարանների, լեզվի ուսուցմա՞ն, թե՞ այլ:

  • Իրապէս ամբողջ երկիրը քաղաքական, տնտեսական եւ ընկերային նեղուցէ մը կ'անցնի: Այս օրերուս ոչ միայն հայերս, այլ երկրի ամբողջ բնակչութիւնը իր առջեւը այլեւս չի տեսներ: Հետեւաբար ապագայի ուղղեալ ծրագիրներ մշակել շատ դիւրին չէ, եւ նաեւ ոչ իրապաշտ: Նախ պէտք է թափուր մնացած մեր աթոռը ազգընտիր արժանի պատրիարքով մը լեցնենք: Նոր պատրիարքի ամենադժուար գործը, իր նախորդներու նման աշխատիլ պիտի լինի առանց ոեւէ օրինաւոր գետնի եւ գրեթէ ոչինչ եկամուտներով: Պոլսոյ պատրիարքները հանրապետական շրջանին պետական քաղաքականութեամբ մերկացուած են համայնքի վրայ իրենց ունեցած նախկին բոլոր օրինաւոր իշխանութենէն եւ նոյնիսկ ոչ մէկ խօսքի տէր են եկեղեցիներու եկամուտներու եւ կալուածներու վրայ ու այլեւս միմիայն կղերականին վրայ իշխանութիւն ունեցող առաջնորդներու են վերածուած: Պատրիարքին թողուած է միայն բարոյական իշխանութիւն մը որ չի բաւէր բազմախնդիր եւ բազմակառոյց համայնքի մը խնդիրները լուծելու: Այս վիճակը որքան կարելի է բարեփոխուի՝ կախեալ է պետութեան բարեացակամութենէն, որուն նշանները միշտ յոյս կը ներշնչէ մեզի: Եւ գիտէք որ «յոյսը» Քրիստոնէական հիմնական առաքինութիւններէն մէկն է որ երբեք պէտք չէ կորսնցնենք:

- Հիշում եմ, անցյալ տարի, երբ ինքս Պոլիսում էի, Աթեշյան Սրբազանը հույս ուներ, որ Թուրքիայի նոր սահմանադրությամբ Հայոց եւ Հունաց պատրիարքություններին իրավաբանական անձի կարգավիճակ կշնորհվի, ինչով նրանք կկարողանան եկեղեցապատկան սեփականության հանդեպ անմիջական իրավունքներ ձեռք բերել եւ գործադրել: Այդ հեռանկարը դեռ կա՞:

  • Այս շատ բարդ խնդիր մըն է, որ զուտ կրօնական կամ իրաւական բնոյթ չունի: Պետութեան վախը այն է որ եթէ Քրիստոնեայ համայնքները իրաւաբանական բնոյթ ստանան, կրնան դատ բանալ իրենցմէ իւրացուած միլիառտներ արժող սեփականութիւններուն եւ կալուածներուն համար: Այս մղձաւանջը իր մտքին ետին՝ պետութիւնը շատ դժուար կ'երեւի նման քայլ մը առնէ:

- Սրբազան, իմ վերջին հարցը. հուսով եմ՝ Ձեր թեկնածությունը լինելու է պատրիարքական ընտրությանը, ճի՞շտ հույս է, թե՞ սխալ:

  • Ես սկզբունք դարձուցի թէ մինչեւ որ չսկսի ընտրութեան գործընթացը ես միայն «բնական թեկնածու» եմ ըսելու: Որովհետեւ չենք կրնար նախատեսել երբ պիտի սկսի ընտրարշաւը եւ շատ կանուխ յայտարարուած թեկնածութիւնները եպիսկոպոսներու միջեւ անտեղի եւ անժամանակ մրցակցութեան եւ պրկումներուն տեղի կու տայ, որ շատ անառողջ մթնոլորտ կը ստեղծէ եկեղեցական կեանքին մէջ: Քիչ մը համբերութիւն, խնդրեմ:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X