Քաղաքագրություն. առեւտրային ճանապարհները

Երեւանի արտաքին առեւտրի համար կարեւոր նշանակություն ունեին Ռուսաստանի եւ Պարսկաստանի միջեւ կնքված պայմանագրերը, թեպետեւ դրանց մեծ մասը վերաբերում էր Անդրկովկասի արեւելյան շրջաններին ու Կասպից ծովի վրայով Պարսկաստանի եւ Հնդկաստանի հետ կատարվող առեւտրին, որում մեծ դեր էին խաղում հայ վաճառականները։ Ռուսաստանի եւ Պարսկաստանի միջեւ կնքված՝ մեզ հետաքրքրող ժամանակաշրջանի առեւտրական պայմանագրերից առանձնապես ուշադրության արժանի է Ռեշտի 1729 թվականի փետրվարի 13-ի պայմանագիրը։ Այդ պայմանագրով նախատեսվում է սովորական մաքսի վճարումով թույլատրել երկու կողմերի քաղաքացիներին ու վաճառականներին ազատ առեւտուր կատարել պայմանադիր կողմերի ցանկացած շրջանում ու քաղաքում։ Կողմերը դրանով պայմանավորվում են ապահովել եկվոր վաճառականների ունեցվածքը, խանութներն ու կրպակները, տները, պահեստներն ու քարավանատները։ Այդ բոլորի հետ միասին, պարսկական կողմը պարտավորվում էր պայմաններ ստեղծել եւ ազատ թույլատրել ռուսահպատակ վաճառականներին Պարսկաստանի վրայով Հնդկաստանի հետ առեւտուր կատարելու համար: Միանգամայն հասկանալի է, որ երկու երկրների միջեւ ծավալված այդ առեւտուրն իր ոլորտի մեջ էր առնում նաեւ Երեւանի խանությունն ու նրա կենտրոնը։

Երեւանի արտաքին ու տարանցիկ առեւտրի զարգացման համար կարեւոր նշանակություն ունեին քաղաքից դեպի տարբեր կողմեր ձգվող ճանապարհները։ Այդ ճանապարհներից քաղաքի համար ամենակարեւորը Թավրիզ-Ջուղա-Երեւան-Էջմիածին-Կարս-Էրզրում ճանապարհն էր, որն Էրզրումից շարունակվում էր դեպի արեւմուտք եւ հասնում Միջերկրական ծովի ափերը, իսկ արեւելքում Թավրիզից ձգվում էր դեպի Պարսկաստանի խորքերը եւ հասնում Հնդկաստան ու Միջին Ասիա։ Պատմական աղբյուրների վկայություններից ակնհայտ է դառնում, որ այդ ճանապարհն ամենից բարեկարգն էր եւ բանուկը։ Այս ճանապարհի միայն Ջուղայից մինչեւ Կարս ընկած հատվածում 17-18-րդ դարերում, չհաշված Ջուղայի հայտնի կամուրջը, կառուցել էին մոտ 8 կամուրջներ, որոնք ձգվում էին Նախիջեւանի, Արփայի, Վեդիի, Ազատի, Հրազդանի, Քասախի եւ այլ գետերի վրայով։ Դրանցից մեզ համար առանձին հետաքրքրություն են ներկայացնում Հրազդանի եւ Քասախի կամուրջները։ Հրազդանի վրա եղել են մի քանի կամուրջներ, որոնք փլվել են 1679 թվականի կործանիչ երկրաշարժի հետեւանքով։ Փլվել է նաեւ բերդի հյուսիս-արեւմտյան անկյունում գտնվող մեծ կամուրջը, որը գտնվում էր վերը նշված հիմնական ճանապարհի վրա եւ քաղաքը կապում էր Էջմիածնի, Աշտարակի ու այլ վայրերի հետ։ Այս կամուրջը երկրաշարժից հետո շուտափույթ վերականգնվում է եւ շարք մտնում: Մի քանի վերանորոգումներից հետո մինչ օրս կանգուն մնացած քառակամար այդ կամուրջը հին երեւանցիները կոչել են Կարմիր կամուրջ կամ Խոջափլավի կամուրջ: Հրազդանի այս կամուրջը մասնագետները համարում են նախահեղափոխական Հայաստանի ամենամեծ կամուրջներից մեկը։ Դրա ընդհանուր երկարությունն ավելի քան 80 մետր է, բարձրությունը՝ 11 մետր, իսկ լայնությունը՝ 8 մետր:

Քասախի վրա կամուրջներ են եղել նույնպես նախորդ ժամանակներում։ Հայտնի է, օրինակ՝ Քասախի 13-րդ դարի կամուրջը, որի ավերակները գտնվում են Աշտարակում։ Առաքել Դավրիժեցու վկայության համաձայն, այդ կամուրջը 17-րդ դարի 60-ական թվականների սկզբներին կիսակործան վիճակում էր գտնվում, եւ անհնար էր դրա վրայով երթեւեկություն կատարել։ Բայց քանի որ այն գտնվում էր բանուկ ճանապարհի վրա, ուստի անհրաժեշտ էր շուտափույթ վերականգնել կամ կառուցել նորը։ Այդ գործին ձեռնամուխ է լինում երեւանցի խոջա Գրիգորը՝ հին կամրջի մոտ իր միջոցներով քար ու կրով կառուցելով մի նոր կամուրջ (1664թ.,) որը պահպանվել է մինչեւ մեր օրերը։ Թուրքիայի, Հայաստանի եւ Պարսկաստանի վրայով դեպի Հնդկաստան ու Միջին Ասիա ձգվող այդ գլխավոր ճանապարհի Երեւան-Էրզրում եւ Երեւան-Ագուլիս հատվածների մասին բավական որոշակի եւ մանրամասն տեղեկություններ է հաղորդում այդ ճանապարհով բազմաթիվ անգամ երթեւեկած ու քաջատեղյակ Զաքարիա Ագուլեցին։ Զանազան ուրիշ տեղեկությունների հետ միասին Զաքարիա Ագուլեցին հիշատակում է նաեւ նշված ճանապարհահատվածների վրա եղած կայաններն ու դրանց միջեւ եղած հեռավորությունները։

Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X