Ջեյմս Մատիսի նշանակումը լավատեսություն է ներշնչում

Հարցազրույց Մեթյու Բրայզայի հետ

Սկիզբը՝ դեկտեմբերի 6-ի համարում

- Մեթյու, իսկ ի՞նչ եք մտածում Մերձավոր Արեւելքում Թուրքիայի ներգրավվածության մասին: Որքանո՞վ է իրական քաղաքացիական պատերազմների հավանականությունը Թուրքիայում՝ թուրքերի ու քրդերի, էրդողանականների ու գյուլենականների, աշխարհիկների ու իսլամիստների միջեւ, եւ հնարավո՞ր է դրանցից խուսափել:

  • Քաղաքացիական բախումներ գյուլենականների եւ նախագահ Էրդողանի ու նրա կողմնակիցների միջեւ ներկայում անհավանական են: Մեծ բախումն արդեն պատահեց այս տարվա հուլիսի 15-ին, երբ գյուլենականների՝ պետական հեղաշրջում իրականացնելու փորձը տապալվեց, ընդսմին, ոչ միայն թուրքական զինվորականության ու ոստիկանության ջանքերով, այլեւ առավելապես շարքային թուրք քաղաքացիների, որոնք ստվար զանգվածներով դուրս եկան փողոց՝ պաշտպանելու ժողովրդավարորեն ընտրված իրենց իշխանությանը: Այդ շարքային թուրք քաղաքացիներից շատերն ամենեւին էլ չեն աջակցում Էրդողանին, նույնիսկ խորշում են նրանից: Բայց իրենց մոտ ժողովրդավարական համակարգի արժեւորումը՝ դրա բոլոր թերություններով հանդերձ, պարզվեց՝ շատ ավելի զորեղ է, քան ատելությունն Էրդողանի եւ նրա AK կուսակցության հանդեպ: Սա դրական զարգացում էր եւ արտացոլվեց ազգային միասնության ալիքում, որ բարձրացավ հուլիսի 15-ին ու դրանից հետո:

Իհարկե, այդ միասնությունից հիմա հետք չի մնացել թուրքական իշխանությունների լայնամասշտաբ հետապնդումների պատճառով, որ հետեւեցին հեղաշրջման փորձին: Բայց քաղաքացիական հակամարտությունը Թուրքիայում ավելի քաղաքական եւ իրավական բնույթ ունի, քան բռնությունների: Մանավանդ՝ թուրքերի գերակշիռ մեծամասնությունն այժմ եզրակացրել է, որ նախագահ Էրդողանը մոտ է եւ կհասնի նրան, ինչն իր քաղաքական օրակարգի առաջնահերթությունն է եղել 2007-ից ի վեր՝ Թուրքիայի իշխանական համակարգը խորհրդարանականից վերածել նախագահականի:

- Անցյալ տարի ես Թուրքիայում էի՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումները լուսաբանելու առիթով, եւ այնտեղ հանդիպեցի թուրքերի, որոնց շատ համակրեցի ու հարգեցի: Բայց այցը, այդուհանդերձ, շատ չփոխեց երկրի իմ ընկալումը եւ այն համոզմունքը, որ Թուրքիան ընդհանուր ոչինչ չունի Եվրոպայի հետ: Ներկայում ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններն ակնհայտ վատթարացած են. ո՛չ Թուրքիայի ԵՄ անդամակցությունն է այլեւս հնարավոր թվում, ո՛չ էլ Եվրոպայի խորհրդից կամ ԵԱՀԿ-ից Թուրքիայի հեռացումը կզարմացնի, եթե երկրում վերականգնվի մահապատիժը: Այս ամենը Թուրքիային ո՞ւր է տանում:

  • Ըստ էության, Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հայտը գործնական նշանակությունը կորցրել էր դեռ մի քանի տարի առաջ: Թուրքերը քաղաքական դաշտի ողջ սպեկտրով հանգել են համոզման, որ ԵՄ-ն երբեք էլ լրջորեն տրամադրված չի եղել Թուրքիային լիակատար անդամակցություն առաջարկելու, լավագույն դեպքում կարող էր արտոնյալ գործընկերության մի կարգավիճակ առաջարկվել:

Այդպիսով, ԵՄ ընդունվելը Թուրքիայի համար ավելի ազգային հպարտության հարց է դարձել, քան ռազմավարական նպատակ: Դրա համար էլ կարծում եմ, որ նախագահ Էրդողանի եւ իր թիմի համար ամենամեծ խնդիրը կողմնորոշվելն է՝ արդյո՞ք շարունակեն ԵՄ մանդատով պահանջվող բարեփոխումները՝ գիտակցելով հանդերձ, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթացն ավարտին հասցնելու հնարավորությունը ծայրահեղ փոքր է, եթե նույնիսկ ԵՄ-ն պաշտոնապես դուռը չփակի Թուրքիայի համար: Իհարկե, սա էլ պետք է ասել, որ միլիոնավոր թուրքեր իրենց երկրի համար անկեղծորեն երազում են ԵՄ անդամակցություն՝ գոնե երբեւէ ապագայում, շատերը կանոնավոր մեկնում են ԵՄ երկրներ՝ հանգիստ վայելելու, այնտեղ ներդրումներ են կատարում: Բայց նրանք էլ, թվում է, իրականում կորցրել են հույսը, թե Թուրքիան ԵՄ անդամ կդառնա, դա չեն սպասում գոնե իրենց կյանքի ընթացքում:

- Մեթյու, Դուք անձնապես ներգրավված էիք Հարավային Կովկասի հանդեպ ԱՄՆ քաղաքականության մշակման մեջ՝Օբամայի վարչակազմի առաջին տարիներին: Այժմ, ութ տարի անց, թվում է, թե շատ բան չի փոխվել՝ հայ-թուրքական սահմանը մնում է փակ, Ալիեւը՝ նույնքան բռնակալ ու ագրեսիվ, ինչպես միշտ, Վրաստանն առանց հաջողության փորձում է եվրո-ատլանտյան կառույցներին միանալ, Հայաստանն էլ նույնքան անհաջող փորձում է իր անվտանգության ու տնտեսության խնդիրները լուծել՝ մանեւրելով Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ: Կարծում եք՝ Թրամփի նախագահությունն ազդեցություն կունենա՞ այս իրադրության վրա:

  • Ես խորապես հուսահատված էի Օբամայի վարչակազմում ստրատեգիական ընկալման բացակայությունից՝ Հարավային Կովկասի առնչությամբ, եւ ընդհանրապես աշխարհի: Սա հանգուցային պատճառն էր, ինչի համար 2012-ի հունվարին որոշեցի Պետքարտուղարությունից հեռանալ:

Եվ Վաշինգտոնում այդ ստրատեգիական հավակնությունների բացակայությունը Հարավային Կովկասի համար դաժան հետեւանքներ ունեցավ: Նախագահ Օբամայի կողմից իր իսկ սահմանած կարմիր գիծը չհարգելն ու հատելը Սիրիայում (խոսքը վերաբերում է Սիրիայի նախագահ Ասադի հանդեպ ուժ կիրառելու Օբամայի սպառնալիքին, եթե Ասադը Սիրիայի քաղաքացիների դեմ քիմիական զենք գործադրեր) եւ Russia Reset-ի (Ռուսաստանի հետ հարաբերությունների վերբեռնման) քաղաքականությունը ոգեւորեցին նախագահ Պուտինին՝ ցույց տալով, որ Վաշինգտոնի թշնամիների համար գործնականում կարող է որեւէ հետեւանք չունենալ ԱՄՆ նախագահի խիստ նախազգուշացմանը չենթարկվելը: Այն, ինչը հետեւեց դրան, Ռուսաստանի ներխուժումն էր Ուկրաինա եւ Ղրիմի բռնազավթումը, Ռուսաստանի ռազմական արկածախնդրությունը Սիրիայում եւ պատերազմական հանցագործությունները Հալեպում, եւ Ռուսաստանի ռազմաքաղաքական ակտիվության մեծացումը Հարավային Կովկասում:

Մոսկվան հետզհետե սեղմեց օղակը Վրաստանի շուրջ, որի տարածքի զգալի մասը մնում է գրավված ռուսական զինուժի կողմից, եւ որի չընտրված առաջնորդն իր հսկայական հարստությունը կուտակել է Մոսկվայում: Հայաստանում Մոսկվան կլանեց ձեր երկրի օդային տարածքը, կազմակերպեց Հայաստանի ռազմավարական ընտրությունը հօգուտ Եվրասիական տնտեսական միության՝ Եվրոպական Միության փոխարեն, եւ «Իսկանդեր» հրթիռային համակարգեր տեղակայեց ձեր տարածքում: Ադրբեջանում Մոսկվան օգտագործում է «Թուրքական հոսք» գազատարի նախագիծը, որպեսզի խափանի ԵՄ-ի «Հարավային միջանցք» ծրագիրը, հեռացնի Ադրբեջանի գազային ոլորտում մասնավոր ներդրողներին եւ այդպիսով Ադրբեջանին բերի իր ուղեծիր:

Ի հավելումն այդ ամենի, Ռուսաստանը նաեւ ընդլայնեց իր ծովային ու օդային պաշտպանական կարողությունները Սեւ եւ Կասպից ծովերի շրջանում՝ ջանալով բարձրացնել Վրաստանի հանդեպ նոր ռազմական ագրեսիային դիմակայելու գինն ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար: Միեւնույն ժամանակ Ռուսաստանը նոր հյուսիս-հարավ ռազմավարական գործընկերության առանցք է ջանում հաստատել Իրանի, Հարավային Կովկասի երկրների եւ դրանց միջեւ էլ՝ Թուրքիայի հետ:
Եվ Վաշինգտոնի հարաբերություններն Անկարայի հետ այժմ ավելի լարված են, քան երբեւէ:

Ես հույս ունեմ, որ նախագահ Թրամփի վարչակազմը կմշակի ռազմավարական կախատեսումներ, որոնցով կճանաչվի վերը թվարկված զարգացումների վտանգավորությունը, եւ հետո քայլեր կձեռնարկվեն դրանց դիմագրավման ուղղությամբ: Իհարկե, եւ ռազմավարական, եւ հոգեբանական առումով նախագահ Թրամփի համար կարեւոր է վերադառնալ նախագահ Ջորջ Բուշի խորը համոզմունքին, որ Հարավային Կովկասի երկրներն ունեն Ռուսաստանի ճնշումներից զերծ սեփական ճակատագիրն ու ապագան որոշելու իրավունք: Այս պահին դեռ շատ վաղ է կանխատեսել՝ արդյո՞ք այդպես կլինի: Իհարկե, պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մատիսի առաջադրումը որպես պաշտպանության քարտուղարի թեկնածու, խոսում է այն մասին, որ ընտրված նախագահ Թրամփը հակված է նման ռազմավարություն եւ ընկալում որդեգրելու: Ապագայի կռահման հաջորդ մեծ ցուցիչը եւ բանալին կլինի այն, թե պրն. Թրամփն ում կընտրի որպես իր պետքարտուղար:

- Եվ մի վերջին հարց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, չնայած ես այդ թեման չեմ սիրում եւ դրա մասին չեմ հարցնում: Ուղղակի Դուք այնքան իրազեկ ու տեղյակ եք այդ խնդրին, որ չեմ կարող այս մի հարցը չտալ: Ինձ վաղուց թվում է, որ նախագահ Ալիեւի մոտիվացիան ու գերնպատակը Հայաստանին վնասելն է, եւ ԼՂ խնդիրն այդտեղ միայն միջոց է, որը փայլուն սպասարկում է նպատակը: Քանի դեռ այդ միջոցը գործում եւ արդյունք է տալիս՝ ի դեմս Հայաստանի շրջափակման, Թուրքիայի հետ փակ սահմանի եւ այլն, հազիվ թե Ալիեւն այդ միջոցից հրաժարվի: Դուք կհամաձայնե՞ք ինձ հետ: Եթե ոչ՝ ինչո՞ւ:

  • Ես կարծում եմ՝ նախագահ Ալիեւի գերնպատակը Լեռնային Ղարաբաղը եւ շրջակա յոթ շրջաններն Ադրբեջանի կազմ վերադարձնելն է: Հայաստանն Ադրբեջանի կողմից սկզբնապես եւ շատ ավելի այս համատեքստում է դիտվում, քան որպես ինքնուրույն նպատակային թիրախ:

Իմ շփումներից դատելով, նախագահ Ալիեւն այս հակամարտությանն իրատեսական մոտեցում է ցուցաբերում, ինչպեսեւ նախագահ Սարգսյանը: Երկու առաջնորդներն էլ գիտակցում են, որ իրենց առավելագույն նպատակներն անիրագործելի են, եւ նրանք կամք են դրսեւորել փոխզիջում փնտրելու, անգամ ավելի վաղ, քան իրենց երկրների քաղաքացիները պատրաստ կլինեն փոխզիջում ընդունելու: Այդ ճանապարհին երկու նախագահները, գոնե որպես սկզբունք, ակներեւաբար, ընդունեցին նախագահ Պուտինի կառուցողական առաջարկն անցյալ հունիսին, Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովում, այն մասին, որ Հայաստանը հարակից յոթ տարածքներից երկուսը վերադարձնի Ադրբեջանին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ հաղորդակցության ուղիները վերականգնելու դիմաց: Թեեւ վերջին շրջանում ես Հայաստան այցելելու առիթ չեմ ունեցել, բայց Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ անցյալ ամռանը Բաքվում ունեցած անձնական քննարկումներից գիտեմ, որ ադրբեջանական կողմը Պուտինի առաջարկն օգտակար էր համարում:

Այսինքն՝ Հայաստանին վնասելը նախագահ Ալիեւի համար ստրատեգիական նպատակ չէ, դա ավելի մարտավարություն է՝ Լեռնային Ղարաբաղի առնչությամբ Ադրբեջանի ստրատեգիական նպատակներն առաջ մղելու համար:

ՀԳ. Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցը վերջինն էր, որով ավարտվում էին Մեթյու Բրայզային ուղարկած իմ գրավոր հարցերը: Սակայն վերջին պատասխանում հնչած միտքը՝ Պուտինի առաջարկի վերաբերյալ, թելադրեց շարունակություն: Չէի կարող եւս մեկ հարց չտալ. այդ հարցը եւ պատասխանը ներկայացված են «Post Scriptum կամ Պուտինի առաջարկը» վերնագրով հրապարակման մեջ: Հարցեր ուղարկվեցին, եւ պատասխան ստացվեց նաեւ ՀՀ նախագահականից:

Մեթյու Բրայզայի հետ հարցազրույցի անգլերեն բնագիրը կարդացեք հետեւյալ հղումով.

http://hraparak.am/?p=132039&l=am/moscows+policy+driver+is+its+jealousy+of+united+states+power+

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X