Փոխել կոռուպցիոն սխեմաները եվ պատասխանատվության ենթարկել պետական պաշտոնյաներին

Դեկտեմբերի 9-ին նշվող Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա նախօրեին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բրոնֆիլդը, ով Պետդեպում վերահսկում է Միջազգային թմրամիջոցների շրջանառության եւ իրավապահ համակարգերի հարցերը (INL), Բրյուսելի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում պատասխանել է նաեւ «Հրապարակի» հարցերին:

Վարող. Հաջորդը մենք գնանք մի հարցի, որը նախապես է ուղարկվել Հայաստանից, Լուսինե Պետրոսյանի կողմից: Իր հարցն է.

Հարց. Պրն. Բրոնֆիլդ, Հայաստանը, բարեբախտաբար, ֆանտաստիկ կոռումպացված երկրների թվում չէ, ինչպես Բրիտանիայի նախկին վարչապետ Դեյվիդ Քամերոնն էր որոշ երկրների բնութագրել, բայց այստեղ էլ կոռուպցիան առանցքային խնդիր է, եւ վերջերս երկրում նոր կառավարություն է ձեւավորվել, որը երդվում է, թե պայքարելու է կոռուպցիայի դեմ: Ես կցանկանայի Ձեր կարծիքը լսել, թե ինչը կարող է համարվել բավարար պայքար կոռուպցիայի դեմ: Դա այն է, երբ երկրում կազմաքանդում են հիմնական կոռուպցիոն մեխանիզմնե՞րը: Թե՞ երբ նաեւ կոռուպցիայի մեջ կասկածվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն են պատասխանատվության ենթարկվում կամ կանգնեցվում արդարադատության առաջ:

Դեսպան Բրոնֆիլդ. Շնորհակալություն, Քեթրին, եւ շնորհակալություն Ձեզ, տիկ. Պետրոսյան:

Սա շատ լավ հարց է, եւ իմիջիայլոց, ես կասեի՝ հարց է, որն ուղղված չէ հատկապես Հայաստանին կամ չի վերաբերում միայն Հայաստանին: Համոզված եմ՝ սա հարց է, որ կարելի է տալ աշխարհի ցանկացած կառավարության առնչությամբ, ցանկացած երկրում, որը փորձում է կոռուպցիայի դեմ պայքարել:

Հարցին իմ պատասխանն է՝ երկու հանգամանքներն էլ կարեւոր են, բարձրագույն առաջնահերթություն են եւ էական են կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության համար:

Առաջինը, մարտավարական նկատառումներով, ցանկացած երկրում կա այդ ցանկությունը՝ տեսնելու նախկին կոռումպացված պետական պաշտոնյային պատասխանատվության ենթարկված: Եվ վերջնահաշվում պատասխանատվության ենթարկվելը սովորաբար նշանակում է հետաքննության ինչ-որ ընթացք, դատական կարգով հետապնդում եւ մեղավորության ճանաչում: Երբ դա պատահում է, հասարակությունները, համայնքները, մարդիկ ընդունում են, որ կոռուպցիայի դեմ պայքարելու ջանքերը լուրջ են:

Այս թեմայի բազմաթիվ վարիացիաներ կան: Տարբերություն կա այն պաշտոնյային դատական կարգով հետապնդելու միջեւ, որը գործող կառավարության անդամ է, եւ այն պաշտոնյային, որը նախորդ կառավարության կազմում է եղել եւ այլեւս չի պաշտոնավարում: Տարբերություն կա, երբ պաշտոնյան դատական կարգով հետապնդվում է անցյալ տարվա ընթացքում կատարած արարքների համար եւ երբ պաշտոնյան հետապնդվում է 25 կամ 30 տարի առաջվա արարքների համար:
Ես չեմ ժխտում, որ տարբերություններ կան, թե ինչպես, ում կողմից, երբ եւ որտեղ է պաշտոնյան կանգնեցվում արդարադատության առաջ, բայց ես որոշակի համոզվածությամբ հայտարարում եմ, որ երբ կոռումպացված պաշտոնյան հրապարակավ պատախանատվության է ենթարկվում պատշաճ դատական գործընթացով, դա քաջալերում է եւ հասարակությանը, եւ հակակոռուպցիոն պայքարի համար պատասխանատու կազմակերպություններին ու հաստատություններին:

Դա էլ պետք է նշել, Ձեր մյուս դիտարկման կապակցությամբ, թե որքանով կարելի է հաջողություն համարել, արդյոք դա նույնպե՞ս հաջողություն է, երբ ցանցերը կամ կոռուպցիոն սխեմաները երկրում կազմաքանդվում են։ Իհարկե, պատասխանն է՝ այո, հաջողություն է:

Այս հարցում իրականությունն այն է, որ մարդիկ տեղյակ են լինում։ Երբեմն մենք արժանին չենք մատուցում նրանց գիտակցությանն ու տեղեկացվածությանը, բայց երբ մաքսային տեսուչները դադարեն կաշառք պահանջել, երբ տեղական ոստիկանությունը դադարի փողոցներում հասկացնել, որ մի փոքր հատուցման դիմաց կարող են տուգանքիդ ծանուցումը մի կողմ գցել, երբ գործարարները դադարեն հավատալ, որ պետական պաշտոնյային հավելյալ 25 տոկոս առաջարկելով կարող են պայմանագիր ստանալ կամ իրենց ապրանքը վաճառել, եթե անգամ որեւէ մեկը բանտ չգնա, եթե որեւէ հրապարակային դատաքննություն էլ չլինի, մարդիկ իրականում այդ տեղաշարժերը կգիտակցեն:

Եվ դա ցույց տալու համար ընդամենը մեկ օրինակ բերեմ, եւ այս օրինակը բերում եմ, քանի որ դրա հետ ես անձնապես առնչություն ունեմ արդեն 4 տարի: Ես եւս մեկ անգամ վերադառնամ Ուկրաինայի Հանրապետությանը: 4, գուցե 5 տարի առաջ Ուկրաինայում ամենավարկաբեկված կառույցը երեւի ազգային ոստիկանությունն էր: Նրանք ընկալվում էին որպես պրոբլեմի մաս: Գրեթե համատարած ընկալում կար, որ նրանք կոռումպացված են: Ես չեմ ասում, թե նրանք այդպիսին էին, տիկնայք եւ պարոնայք, ես ասում եմ, որ այն ժամանակվա հարցումների տվյալները, ուսումնասիրությունները ցույց էին տալիս, որ Ուկրաինայի ժողովուրդն իր ոստիկանության մասին այդ ընկալումն ունի:

Մոտ 3 տարի առաջ ձեռնարկված շատ խիզախ քայլի արդյունքում Ուկրաինայի կառավարությունը որոշեց, որ իրենք պարեկային ոստիկանության անձնակազմն ամբողջովին կփոխեն: Ավելի քան 100 հազար, կարծեմ՝ 140 հազար ոստիկան ազատվեց աշխատանքից: Բոլորովին այլ փորձառություն ունեցող նոր ոստիկաններ բերվեցին ասպարեզ եւ ընդունվեցին աշխատանքի:

Այժմ, տիկնայք եւ պարոնայք, ազատված հազարավոր ոստիկանների հանդեպ դատական հետապնդում չսկսվեց: Չեղան հրապարակային դատաքննության տեսարաններ: Եղավ միայն այն, որ կատարելապես նոր ոստիկանական անձնակազմ եկավ ասպարեզ, եւ մարդիկ անմիջապես ընկալեցին, որ այս նոր ոստիկանները կաշառք չեն պահանջում: Այս նոր ոստիկանները փողոցում դրամաշորթությամբ չեն զբաղվում: Եվ ոստիկանությունը, հանրային ընկալման առումով, ամենաքիչ հարգանք վայելող հաստատությունների գրեթե վերջին տեղից բարձրացավ եւ հասավ մինչեւ առավելագույն հարգանք վայելող հաստատությունների համարյա առաջին հորիզոնական՝ ամբողջ երկրում:

Հետեւաբար, ես Ձեզ կասեմ, որ Ձեր երկու դիտարկումներն էլ՝ կոռուպցիոն սխեմաների փոփոխումը եւ պետական պաշտոնյաներին հանրային պատասխանատվության ենթարկելը կարեւոր են: Վերջին հաշվով, դուք պետք է երկու ուղղությամբ էլ արդյունքներ արձանագրեք՝ հակակոռուպցիոն պայքարում հաջողության հասնելու համար:

Վարող. Շնորհակալություն, դեսպան Բրոնֆիլդ: Թվում է՝ «24 Վեստիի» հետ կապ հաստատեցինք, բայց այն նորից ընդհատվեց, հետեւաբար, կշարունակենք փորձել իրենց հետ կապը վերականգնել:

Դեսպան Բրոնֆիլդ. Երեւում է՝ ինչ-որ մեկը չի ցանկանում, որ նա ինձ հետ խոսի, այո…

Վարող․ Հեռախոսային գծերի հետ խնդիր ունենք:

Բայց այդ դեպքում ես արագ՝ շարունակություն հանդիսացող մի հարց տամ, որ դարձյալ մեր հայաստանցի լրագրողից է, բայց կարծում եմ՝ ավելի լայն լսարանի է վերաբերում: Հարցը դարձյալ Լուսինե Պետրոսյանից է․

Հարց. Հայաստանի իշխանություններն ի՞նչ ակնկալություն կարող են ունենալ միջազգային աջակցության եւ ներդրումների առումով կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասնելու դեպքում: Եվ ի՞նչ պետք է ակնկալեն, եթե ձախողվեն:

Դեսպան Բրոնֆիլդ․ Արդարացի հարց է, եւ ես իմ պատասխանը երկու մասի կբաժանեմ:
Առաջին մասում այն մասին, թե ինչ կարող է անել որեւէ ժողովուրդ, որովհետեւ, այո, թեեւ ես գիտակցում եմ, որ հարցը մասնավորապես Հայաստանի մասին է տրված, բայց նույն հարցը կիրառելի է աշխարհի ցանկացած պետության առնչությամբ, որը պայքարում է կոռուպցիայի դեմ:

Նախ, երբ կառավարությունը ներգրավված է կոռուպցիայի դեմ ջանքերում, միջազգային զորակցությունը, որ այն կարող է եւ պետք է ակնկալի, ներառում է թե ֆինանսական աջակցություն, թե վերապատրաստում, կարողությունների ստեղծում, թե տեխնոլոգիաների տրամադրում, թե կոռուպցիային առնչվող ապացույցների տրամադրում, փոխանակում աշխարհի բոլոր կառավարությունների միջեւ:

Այլ կերպ ասած, եթե կառավարությունն արտահայտում է ցանկություն, դրսեւորում է քաղաքական կամք՝ գրոհելու եւ հետամուտ լինելու կոռուպցիայի դրսեւորումներին, նման կառավարությունում իրավամբ կարող են ակնկալել, որ միջազգային հանրությունը, հաստատությունները, ինչպեսեւ այն երկրների կառավարությունները, որոնք միջոցներ եւ փորձառություն ունեն նման ջանքերին սատարելու, աջակցեն իրենց: Եվ ես կասեմ. նշանակություն չունի՝ դուք Հայաստանն եք, թե աշխարհի մեկ այլ երկիր ու կառավարություն, դա ողջամիտ ակնկալություն է:

Այժմ տրամաբանական միջամտություն հարցի երկրորդ մասից, ինչ է պատահում, երբ կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության եք հասնում: Այդ աջակցությունը դադարո՞ւմ է: Պատասխանն է՝ հակակոռուպցիոն ջանքերին ցուցաբերվող աջակցության առումով, թերեւս՝ այո: Բայց այն, ինչ հետեւում է դրան, եւ սա հաստատող անվերջ վկայություններ կան, տիկնայք եւ պարոնայք, դրան հետեւում է երկրի տնտեսական օգուտը եւ շահառումը վերացված կամ էականորեն կրճատված կոռուպցիայից: Ինչո՞ւ: Որովհետեւ միջազգային տնտեսական համակարգը շատ ավելի հակված է գործունեություն սկսել, առեւտուր ծավալել, ներդրումներ կատարել, ենթակառուցվածքներ ստեղծել եւ երկարատեւ ներգրավվածություն ունենալ այն երկրում կամ տնտեսությունում, որտեղ կա վստահություն համակարգի հանդեպ, վստահություն առ այն, որ հաստատությունները հիմնականում կոռուպցիայից զերծ են, կայուն եւ կանխատեսելի:

Սա, տիկնայք եւ պարոնայք, այն երկարաժամկետ օգուտը եւ շահն է, որ ստացվում է կոռուպցիայի վերացումից: Դա հպարտորեն կանգնել եւ հայտարարելը չէ, թե մենք կոռուպցիայից զերծ հասարակություն ենք: Դա նույնիսկ հպարտորեն մատնացույց անելը եւ հայտարարելը չէ, թե Transparency International-ի տարեկան զեկույցում 165-րդ հորիզոնականից բարձրացել ենք, դիցուք, 35-րդ հորիզոնական: Ես նկատի ունեմ՝ դա ցուցիչ է: Սակայն դա չէ իրական արժեքը եւ օգուտը: Օգուտը եւ շահն այն միլիարդավոր ու միլիարդավոր դոլարների հոսքն է, որ գալիս է երկրի տնտեսություն, քանի որ մասնավոր սեկտորն ամբողջ աշխարհում այդ երկրում տեսնում է գործարարությամբ զբաղվելու լուրջ եւ ազնիվ հնարավորություններ:

Սա է իմ առաջարկը Հայաստանից հարգարժան տիկ. Պետրոսյանին եւ, անկեղծորեն ասած՝ աշխարհում ցանկացած այլ մարդու: Մտածեք երկու փուլով գործընթացի մասին: Առաջին փուլը կոռուպցիան գրոհելը կամ հետապնդելն է, եւ որեւէ կառավարություն, որի ջանքերն այդ ուղղությամբ լուրջ են, իրավամբ կարող է միջազգային հանրությունից աջակցություն ակնկալել: Իսկ երկրորդ փուլում, երբ պայքարը հաջողվել է, երբ գոնե հստակ տեսանելի է դրական ներգործություն, արդեն գալիս է երկարաժամկետ ձեռքբերումը՝ զորեղ տնտեսությունը, որը հենվում է ավելի մեծ ներդրումների եւ ժողովուրդների միջեւ ավելի լայն առեւտրի վրա։ Հենց դա է վերջնահաշվում մարդկանց ամենուր բերում այն ըմբռնման, թե ինչու պետք է իրենք այսօր զոհողությունների դիմեն կոռուպցիան հաղթահարելու համար, որպեսզի վաղն իրենց երեխաները վայելեն կոռուպցիայից հարաբերականորեն ազատ հասարակության եւ համակարգի առավելությունը:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X