Ռուսաստանը 8,7 միլիարդ ռուբլի է հատկացրել ճանապարհային տնտեսության համար

Ինչպես հայտնում է Regnum լրատվական գործակալությունը, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հրամանագիր է ստորագրել, որով երկրի 83 ռեգիոններին ճանապարհային տնտեսության պահպանության եւ զարգացման համար հատկացվել է 8,7 միլիարդ ռուբլի: Ըստ ՌԴ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի՝ գումարը կտրամադրվի միջբյուջետային փոխանցումների միջոցով: Նշվում է նաեւ, որ հատկացված գումարը նախատեսված է եղել նաեւ երկրի պետական դաշնային բյուջեով վերջին եռամսյակի ծախսերի շրջանակում: Այն, ըստ փորձագետների, հնարավորություն կտա բավական լուրջ ֆինանսական խնդիրներ ունեցող ռեգիոնալ բյուջեներին ծածկել եկամտային պակասորդը եւ իրականացնել ոլորտային սպասարկման, պահպանության եւ զարգացման իրենց գործառույթները: Հիշեցնենք, որ Ռուսաստանում ռեգիոնները սկսել են զգալ ֆինանսական դժվարություններ եւ ավելի մեծ ֆինանսական կախվածության մեջ են հայտնվել Մոսկվայի կենտրոնական իշխանություններից:

Մեկնաբանություն
X