Կլոունը սարսափելի վտանգավոր գործի մեջ է…

Սերգեյ Դանիելյանի կուսակցությունը՝ «Քաղաքացիական ակտիվ քայլ» մի նպատակով է ստեղծվել՝ ծաղրել ու ոչնչացնել քաղաքացիական յուրաքանչյուր ակտիվ քայլ:

ՔԱՔ հապավումն արդեն արտահայտում է գործիքի ողջ զայրույթը, ծաղրը, սարկազմը՝ քաղաքացիական նախաձեռնությունների հանդեպ:

Ծիծաղելուց, ասույթներ ստեղծելուց, գրառումներ կատարելուց առաջ փորձենք մտածել՝ այս կոմիկ տատիին ո՞վ կթողներ, որ տարիներ շարունակ հեռուստատեսությունում հաղորդումներ վարեր՝ չխոսելով, միայն ռեպլիկ արձակելով, ժյուրիների կազմում ընդգրկվել՝ միայն ծռմռատվելու համար:

Ուշքի եկեք, մարդիկ: Այս կուսակցությունն ամենավտանգավորն է, նման այն բանին, որ մարդկանց սպանում են՝ թույնի երեսը քաղցրապատելով: Ծիծաղը քսելով թունավոր բույսի վրա, մատուցվում է մեզ:

Այս կուսակցության ծաղրին համընթաց կվարկաբեկվեն քաղաքացիական բոլոր նախաձեռնությունները, քաղաքացիական ակտիվիստները: Արդեն հեռուն գնալու քայլեր եմ տեսնում, կոնկրետ քայլեր, վտանգավոր քայլեր:

Պատկերացնու՞մ եք՝ մի քանի քաղաքացիական ակտիվիստ հավաքվի ու ասի՝ չենք ուզում երթուղայինների վճարը բարձրանա կամ մի ուրիշ բան: Հասարակությունը ուշադրություն կդարձնի՞ նրանց վրա: Կամ ասեն՝ չենք ուզում… երկրի համար վտանգավոր այս բանը լինի… Հասարակությունն անգամ ուշադրություն չի դարձնի նրանց վրա, որովհետև Սերգեյ Դանիելյան կոչվող անվնաս թվացող էակն արդեն ամեն ինչ իր իսկ բառով պատած կլինի:

Նա բաց քարոզչություն է տանում՝ ցանկացած քաղաքացիական նախաձեռնություն վարկաբեկելու համար:

…Իսկ մենք խնդում ենք՝ կլոունի վրա, որին չկանգնեցնելու դեպքում հասարակությանը կթաղի ճահճի, խավարի մեջ:

Սերգեյ Դանիելյանի գործունեությունը՝ կուսակցություն ստեղծելու քողի տակ, կխոչընդոտի հասարակության հետագա՝ անգամ աննշան զարգացումը, առաջխաղացումը: Կասեք՝ ի՜նչ երկիր, ի՜նչ զարգացում: Վերջին հենասյուներից մեկն էլ Սերգեյն է հանում՝ հարթեցնելով թացն ու չորը: Կլոունին հասարակական պարսավանքի մակարդակով պետք է հեռացնել քաղաքական դաշտից:

Իր երկիրը սիրող ցանկացած քաղաքացի չպետք է հանդուժի այս վտանգավոր խաղը: Կլոունը սարսափելի վտանգավոր գործի մեջ է…

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X