Կայսեր ծննդյան տոնակատարություն Երեւանում

Դեկտեմբերի 13-ին Երեւանում, «Արմենիա-Մարիոթի» «Տիգրան Մեծ» սրահում կազմակերպված էր ընդունելություն Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան կողմից՝ ի պատիվ Ճապոնիայի ազգային տոնի՝ կայսր Ակիհիտոյի ծննդյան օրվա: Դեսպանատնից ուղարկված հրավերի համար երբ շնորհակալություն էի հայտնում, ասացի՝ գիտեք, ես առիթներ ունեցել եմ թագուհիների եւ արքաների ծննդյան օրվա տոնակատարությունների մասնակցելու, բայց չեմ մտաբերում, թե երբեւէ կայսեր ծննդյան առիթով ընդունելության մասնակցած լինեմ:

Իրականում չէի էլ կարող նման ընդունելության մասնակցած լինել, քանի որ երկրագնդի վրա չկա կայսրի տիտղոս կրող այլ միապետ՝ Ճապոնիայի Քրիզանթեմային գահի գահակալից բացի: Քիրզանթեմային գահ անվանումը ծագել է Ճապոնիայի կայսերական կնիքից, որը պատկերում է քրիզանթեմ ծաղիկ (կամ հայերեն թարգմանությամբ՝ ոսկեծաղիկ)՝ 16 թերթիկներով: Համարվում է, որ Քիրզանթեմային գահը կամ Ճապոնիայի կայսերական արքայատունը հիմնադրել է Ջիմմու կայսրը՝ 7-6-րդ դարերում Ք.ծ.ա.։ Նա սերել է արեւի աստվածուհուց, եւ նրանից սկզբնավորված կայսերական ժառանգական գիծը 2600 տարվա ընթացքում չի ընդհատվել:

Այսօր Քիրզանթեմային գահին գտնվում է Ճապոնիայի 125-րդ կայսրը՝ Ակիհիտոն: Համաձայն 1947-ին ընդունված ու գործող սահմանադրության, Ճապոնիայի կայսրն այժմ չի տիրապետում գործադիր իշխանության եւ չի հանդիսանում զինված ուժերի գլխավոր հրամանատար: Սահմանադրորեն նա «պետության եւ ժողովրդի միասնության խորհրդանիշն» է՝ օժտված արարողակարգային գործառույթներով: Վերջապես, Հայաստանում Ճապոնիայի կայսրերին, Քրիզանթեմային գահին, կնիքին, օրդենին եւ մնացյալին առնչվող ամենահայտնի բառը՝ Միկադոն (նույնանուն խմորեղենի շնորհիվ), ճապոնական միապետների տիտղոսի անգլերեն անվանումն է, իսկ ճապոներենում կայսրին կոչում են Տեննո, թարգմանաբար՝ «երկնային սուվերեն» կամ «երկնային միապետ»:

Այսքանից հետո առանձնապես զարմանալի չէ, որ Հայաստանում Ճապոնիայի դեսպանը՝ Ն. Գ. Էյջի Տագուչին, տիկնոջ հետ երեւի ընդունելության ու երեկոյի մեծ մասը «Տիգրան Մեծ» սրահում անցկացրեց՝ հյուրերի չվերջացող լուսանկարվելու խնդրանքներին ընդառաջելով: Շատերին ինչ-որ անսովոր ցանկություն էր պատել դեսպանի ու տիկնոջ հետ լուսանկարվելու կայսր Ակիհիտոյի եւ կայսրուհի Միչիկոյի մեծադիր լուսանկարների խորքին: Ընդունելությունն ընդհանրապես շատ բազմամարդ էր, եւ փոքր-ինչ անսովոր կերպով բազմության մեջ չորս կողմը նկատվում էին զինվորական համազգեստներով անձինք, ենթադրելի է՝ դեսպանատների ռազմական կցորդները: Երեկոյին ներկա էին համարյա բոլոր ազդեցիկ, նաեւ ոչ այնքան ազդեցիկ երկրների դեսպանները՝ ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Ֆրանսիայի, նաեւ Չեխիայի, Ռուսաստանի, Շվեդիայի, Լիտվայի, արաբական երկրների եւ այլն: Ներկա էին նաեւ պատգամավորներ ՀՀ ԱԺ-ից, նախարարություններից պաշտոնյաներ եւ այլք:

Վերջապես, իր ներկայությամբ դեսպանությանը եւ հյուրերին պատվել էր ՀՀ ԱԳ նախարարը՝ պրն. Նալբանդյանը: Նա, հետահայաց գնահատելով Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ հաստատված դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա պատմությունը, գոհունակություն էր հայտնել դրանց զարգացման, վերջին տարիներին Երեւանում եւ Տոկիոյում փոխադարձ դեսպանատների բացման եւ սերտացող համագործակցության ու հարաբերությունների առնչությամբ: Դեսպան Տագուչին իր ողջույնի խոսքում հիշատակել էր նաեւ ընթացիկ տարում արձանագրված երկկողմ շփումների ուշագրավ դրվագները, այդ թվում՝ «Նոհ» թատրոնի հյուրախաղը Երեւանում, ճապոնացի խորհրդարանականների ժամանումը Հայաստան, հանդիպումներն իրենց հայ գործընկերների հետ, սեպտեմբերին կայացած ճապոնական մարտարվեստների փառատոնը:

Երեկոյից տպավորությունն այն էր, որ Հայաստանն էլ, Ճապոնիան էլ գոհ են երկկողմ հարաբերություններում ձեւավորված աշխուժությունից, էլ ավելի մեծ ակնկալություններով նայում են ապագային եւ պրն. Նալբանդյանի առաջարկությամբ բաժակ բարձրացրին Նորին Մեծություն կայսր Ակիհիտոյի քաջառողջության, Ճապոնիայի բարեկեցության եւ մեր երկրների ու ժողովուրդների բարեկամության համար:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X