Միշտ ցանկացել եմ ղեկավար մարմին լինել. 2017-ին կլինեմ. Նաիրա Մովսիսյան

Մոտենում է Նոր տարին: Ցանկացած մարդ տոնն ընկալում եւ նշում է յուրովի: Շատերի համոզմամբ՝ ինչպես սկսում ես տարին, այդպես էլ այն շարունակվում է:
Դերասանուհի Նարիա Մովսիսյանը Նոր տարին նշում է առանձնահատուկ բարձր տրամադրությամբ: «Սիրում եմ Նոր տարին եւ ընդհանրապես, ամեն նոր բան սիրելի է ինձ համար: Ինչպես դիմավորում, այդպես էլ անցկացնում եմ տարին: Ես այն եզակի մարդկանցից եմ, ում մասնագիտությունը չի ստիպել տարին աշխատանքով սկսել. միշտ տոնը նշում եմ ընտանիքիս հետ: Այս տարին եւս բացառություն չէ. Ամանորին ես լինելու եմ մայրիկիս եւ դստերս հետ: Իսկ թե որտեղ կանցկացնենք օրը, դեռեւս պարզ չէ»:

Նաիրայի համար տոնն ավելի հիշարժան է դառնում, երբ այն անցկացնում է արտերկրում: «Տոնն ավելի հետաքրքիր է անցնում, երբ ընտանիքով արտերկիր ենք մեկնում: Սիրում եմ Ամանորը նշել ուրիշ, անծանոթ վայրում: Այդ դեպքում ողջ տարին լեցուն է լինում հետաքրքիր ճամփորդություններով: Ամենահիշվող նոր տարին անցկացրել եմ Եգիպտոսում մայրիկիս հետ»:

Դերասանուհին Ձմեռ պապիկից նվեր չի խնդրում, փոխարենն անընդհատ մտքում կրկնում է մի քանի երազանք, եւ որը համընկնում է Նոր տարվա գալստյան հետ (ժամը 24.00-ին), տարվա ընթացքում իրականանում է: «Նախորդ տարի Ձմեռ պապիկն ինձ բերեց ամենամեծ նվերը, որը եկավ Նոր տարուց երեք շաբաթ շուտ. դեկտեմբերի տասին ծնվեց աղջիկս: Եվ հիմա, ամեն տարի ցանկանում եմ մի բալիկ ունենալ, քանի որ այն, ինչ ապրում ես բալիկի ծնունդից հետո, աննկարագրելի, հրաշք երեւույթ է: Բացի այդ, այս տարի ես ստացա բիզնես առաջարկ, որի մասին շատ երկար ժամանակ երազում էի: Ինձ ղեկավար մարմնի պաշտոնում միշտ ցանկանում էի տեսնել, եւ 2017-ին կտեսնեմ»:

2016 թվականը դերասանուհու համար այնքան էլ ակտիվ չէր: «Գործնական պասիվություն նկատվեց 2016-ի ընթացքում, որը հուսով եմ կշտկվի եկող տարում: Չնայած եղած խնդիրներին, տարին վատը չեմ համարում: Կարեւորը ամեն ինչ հաղթահարեցի, բոլոր բարդություններն անցան, մնում է ժպիտով դիմավորեմ եկող տարին»:

Նշենք, որ այս տարի Նաիրա Մովսիսյանը առաջին անգամ պատրաստվում է տոնածառ զարդարել: «Մենք տանը տոնական լույսեր ունեցել ենք, սակայն տոնածառ՝ ոչ: Պատճառն այն է, որ հիմնականում դրսում ենք նշել տոնը: Իսկ այս տարի աղջկաս համար պատրաստվում եմ տոնածառ զարդարել»,- եզրափակեց դերասանուհին:

Նարե Գեւորգյան

Մեկնաբանություն
X