Գեներալ Քասեմ Սոլեյմանիի հաղթանակը Հալեպում

>

Հալեպում խառնակ դրություն է: Թեեւ շաբաթվա սկզբին հայտարարվեց, թե Ասադին հավատարիմ զորամիավորումները (ըստ այլոց՝ շիա աշխարհազորայինները) մուտք են գործել Արեւելյան Հալեպ, որը չորս տարի գտնվում էր սուննի ապստամբների հսկողության ներքո, իսկ վերջին երկու տարիներին՝ նաեւ պաշարման մեջ, հասկանալիորեն դրանից ոչ կողմերի միջեւ թշնամանքն է թուլացել, ոչ էլ որեւէ կողմ հաղթանակի է հասել:

Հալեպում կկանխվի՞ ցեղասպանությունը

Անկախ նրանից թե ռուսական քարոզչամեքենան ինչ է դատարակախոսում իբր Հալեպը ազատագրելու մասին, իրականում, ոչ մի ազատագրում էլ չկա, պարզապես ռուսները Թուրքիայի միջնորդությամբ եւ Թուրքիայի տարածքում հանդիպել են Հալեպում ամրացած ապստամբների հետ եւ բավականին երկար տեւած բանակցությունների արդյունքում հասել համաձայնության, որ արեւելյան Հալեպի թե խաղաղ բնակչությունը, թե ապստամբ գրոհայինները թողնեն Հալեպը եւ հեռանան դեպի արեւմուտք՝ կես օրվա հեռավորության վրա գտնվող մեկ այլ քաղաք, որտեղ իշխում են ապստամբները:

Խաղաղ բնակիչների եւ գրոհայինների անվտանգ հեռանալու համար իրենց երաշխավորությունն էին տվել Ռուսաստանը եւ Թուրքիան, սակայն քանի որ դրանցից ոչ մեկը չունի սեփական խոսքի հանդեպ հարգանք, ոչ մեկին աշխարհում չզարմացրեց, որ բնակիչների դուրսբերումը ապահովող հրադադարը խախտվում է օրը մի քանի անգամ, որ առայժմ չնչին թվով՝ հազիվ վեց հազար մարդ է հեռացել Հալեպի արեւելյան շրջաններից, այն դեպքում երբ այնտեղ նվազագույնը 50 հազար սիրիացի կա, եւ ինչը հատկապես մտահոգիչ է, Սիրիայից արտերկիր հաղորդումներ են փոխանցվում, թե Ասադի զորքերի հետ կամ հենց Ասադի զորքերի համազգեստով արեւելյան Հալեպ մուտք գործած շիա ջիհադականները վայրագություններ ու սպանդներ են գործում քաղաքի սուննի ազգաբնակչության հանդեպ: Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ արեւելայն Հալեպի տասնյակ հազարավոր բնակիչների վրա կախվել է ցեղասպանության նույնպիսի վտանգ, ինչպիսին վերջին տասնամյակներում վիճակվեց Սերեբրենիցայի, Ռուանդայի եւ Դարֆուրի բնակիչներին: ՄԱԿ-ում Անվտանգության խորհրդի նիստ հրավիրվեց, իսկ Լոնդոնում Ռուսաստանի եւ Իրանի դեսպաններն էին ԱԳՆ կանչվել նախազգուշացվելու, որ սիրիացիների հանդեպ ցեղասպանությունը չի կարող հանդուրժվել:

Հուսանք համաշխարհային ճնշումը դեր կկատարի եւ առանց այն էլ անլուր տառապանքի եւ կորուստների զոհ դարձած Հալեպի բնակիչները այժմ էլ ցեղասպանության զոհերի չվերջացող շարքերը չեն համալրի: Իսկ նրանից հետո, երբ խաղաղ բնակիչները հեռանան քաղաքից, հավանաբար որոշ դադար կլինի մինչեւ ապստամբների վերախմբավորումը, նոր սպառազինումը եւ մարտերի վերսկսումը: Այլ ճանապարհ չկա, քանի որ եթե մինչեւ Հալեպի գրոհումը ապստամբները գոնե բանակցում էին, այժմ առհասարակ հրաժարվել են որեւէ բանակցությունից եւ Ծոցի երկրների միապետություններից էլ ռազմամթերք են սպասում: Անգամ ԱՄՆ տարիներ ձգձգելուց հետո կողմորոշվեց, որ իմաստ չուներ ապստամբներին անզեն թողնել Ասադի զորքերի, ռուսական օդուժի եւ մնացյալ հրոսակների դեմ:

Իրականության մեջ, անշուշտ, այնպես չէ, թե ապստամբներն էլ քաղաքակիրթ մարդիկ են՝ նրանք էլ վայրագ ահաբեկիչներ են եւ ճիշտն ասած կողմերից մեկը մյուսին վայրագությամբ չի զիջում: Ուղղակի անարդար է, որ կողմերից մեկը երկնքից ռումբեր տեղա, մյուսը գոնե ռումբերը նետող ինքնաթիռները ոչնչացնելու հնարավորություն չունենա: Պարզ է, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմը փոխակերպվում է պարտիզանականի, ինչպես ժամանակին Աֆղանստանում, եւ այդ պատերազմի մեջ ավելի ու ավելի թաղվող Մոսկվայի դիմաց կանգնած սուննի ապստամբներին չարժե անզեն թողնել: Երեւի հենց այդ հաշվարկով էլ նախագահ Օբաման ըստ էության վերացրեց Սիրիայի ընդդիմությանը զինելու արգելքը եւ Պետդեպին հանձնարարեց համապատասխան նախագիծ ներկայացնել Կոնգրես՝ մասնավորեցնելով, թե ինչ զինատեսակներ, ինչպես եւ ում կարող է մատակարարվել:

Ո՞ւմ համար է Հալեպը հաղթանակ

Անկախ հանգամանքից, թե պարտիզանական պատերազմի փուլը Սիրիայում որքան կտեւի այդ պատերազմում ամենշահագրգիռ անձը եւ կողմը արդեն կարող է հաղթանակ տոնել: Այդ անձը Իրանի հեղափոխության պահապանների զորախմբի al-Quds ուժերի հրամատար գեներալ մայոր Քասեմ Սուլեյմանին է: Նա սովորություն ունի ասելու, թե ISIS-ը ստեղծվել էր Իրանի դեմ, ոչ թե Իրաքի կամ Սիրիայի եւ Իրանի հզորության ապացույցն է այն, որ al-Quds-ին հաջողվեց ISIS-ին ներփակել Իրաքում ու Սիրիայում: Ի վերջո բազմաթիվ պնդումներով հենց գեներալ Սուլեյմանին է ռուսներին համոզել խառնվել սիրիական հակամարտությունը փաստարկելով, որ այլապես Ասադը կընկնի եւ այդ դեպքում ռուսները Միջերկրականի ավազանի իրենց միակ՝ Տարտուսի ռազմաբազայից էլ կզրկվեն:

Իսկ ինչու էին գեներալ Սոլեյմանիին՝ մարդուն, ում բարեկամներից մինչեւ թշնամիներ բոլորը ճանաչում են որպես Մերձավոր Արեւելքի ամենահզոր անձը, ում ենթարկվող զորախմբերը՝ ի դեմս շիա աշխարհազորայինների, սփռված են ամբողջ Մերձավոր ու Միջին արեւելքում՝ Եմենից, Իրաքից ու Լիբանանից մինչեւ Սիրիա, Աֆղանստան ու անդին, եւ կազմում են ամենապատրաստ ու օպերատիվ զինուժը տարածաշրջանում, ով վերջապես շուրջ երկու տասնամյակ ղեկավարում է ըստ տարբեր գնահատումների 15-50 հազար մարտիկ ունեցող al-Quds-ը, հարկավոր ռուսները Սիրիայում: Պարզ բացատրությամբ. Իրանը չէր կարող բացեիբաց մուտք գործել Սիրիայի օդային տարածք եւ այնտեղ ռազմական գործողություններ ծավալել առանց սադրելու նույնը Սաուդյան Արաբիայի ու նույնիսկ Թուրքիայի կողմից: Իսկ ցամաքում գործող ուժերի դեպքում Թեհրանը ճիշտ այնպես է ժխտում իր ներկայությունը, ինչպես Սաուդյան Արաբիան: Իրականում էլ գեներալ Սուլեյմանիին ենթարկվող շիա զորամիավորումները սիրիացիներից կազմված զինուժ են, ուղղակի նրանց մարզում, զինում եւ հրամայում են al-Quds-ի ու Basij-ի հրամանատարները: Երկուսն էլ Իրանի հեղափոխության պահապանների գնդի ստորաբաժանումներ են:

Իսկ ինչու էր գեներալ Սոլեյմանիին հարկավոր Հալեպը. որպեսզի իր ազդեցության աղեղը Իրանից մինչեւ Միջերկրական ծով հաստատվի եւ գործի՝ ցամաքային կապ հաստատելով Լիբանանի "Հեզբոլլայի" հետ: Իրանի հեղափոխությունից ի վեր եւ հատկապես 1980-ականների Իրան-Իրաքյան պատերազմից հետո, Թեհրանում որոշել են, որ ողջ աշխարհը դավեր է նյութում իրենց դեմ եւ դրանցից պաշտպանվելու լավագույն ռազմավարությունը ասիմետրիկ պատերազմն է, ինչի տեսությունը Իրանի համար մշակել է Իրանի հեղափոխության պահապանների զորախմբի հրամանատար Մուհամեդ Ալի Ջավադին: Ըստ գեներալ Ջավադիի՝ Իրանը պետք է իր տարածքից դուրս ձեւավորեր իրեն ենթարկվող ռազմական միավորումներ, որոնց միջոցով որեւէ ագրեսիա Իրանի դեմ կանխվեր Իրանի սահմաներից դուրս՝ ռազմադաշտի վերածելով հարեւան երկրները:

Հենց այդ տրամաբանությամբ էլ մեկուկես տասնամյակում Իրանի արտաքին հետախուզության եւ ռազմական գործողությունների համար պատասխանտու al-Quds-ը իր անգերազանցելի գեներալ Քասեմ Սոլեյմանիի հրամատարությամբ ամբողջ Մերձավոր արեւելքում ստեղծեց շիա զորամիավորումների ցանց՝ al-Quds-ի փաստական հրամատարության ներքո: Իսկ Հալեպը թերեւս բոլոր ջանքերի դափնեպսակն է գեներալ Սոլեյմանիի համար, քանի որ վերջապես ցամաքային կապ է հաստատում Հեզբոլլահի հետ: Պետք չէ մոռանալ, որ al-Quds հենց նշանակում է Երուսաղեմ, եւ Երուսաղեմի հարեւանությամբ ստեղծված Հեզբոլլահը ամենակարեւոր ճյուղավորումն է al-Quds-ի՝ Երուսաղեմը նվաճելու վերջնանպատակում:

Գուցե քսան դար առաջ

Ողբերգականը այն է սակայն, որ ինչ մեծություն էլ լինի գեներալ Քասեմ Սոլեյմանին, նրա հաղթանակները դեռ խաղաղություն չեն բերել ոչ մի երկրի, այլ միայն չվերջացող քաղաքացիական պատերազմներ՝ լինի դա Եմենում, Իրաքում, Լիբանանում, թե Սիրիայում: Գուցե խաղաղությունը գեներալ Սոլեյմանիի հաշվարկներում առհասարակ տեղ էլ չունի, իր մտահոգությունը լոկ al-Quds-ի ազդեցությունը եւ ներկայությունը տարածելն է: Ի դեպ իբրեւ մարդ էլ գեներալ Սոլյմանիի արտառոց ու հայտնի մտքերից մեկն այն է, թե «Մարդկանց թվում է դրախտը կանաչ բնությունն է, երկինքը, գետերը, կանայք, մնացյալ ռոմատիկան, հնարավոր է այդպիսի դրախտ էլ կա: Բայց մեկ այլ դրախտ էլ կա, որը ռազմադաշտն է, կրակը, ծուխը, պայթյունը, մահվան ու կյանքի միջեւ տարուբերվելը»: Մարդուն ով սիրում է պատերազմ, ով անձամբ առաջնագծի ամենաթեժ կետերն է գնում ու ղեկավարում մարտերը, ի՞նչը պիտի ետ պահի իր սիրած պատերազմները նույնիսկ հրահրելուց ու դրանցում փայլելուց, մանավանդ որ դա անում է իսլամական հեղափոխության լուսավորությունը տարածելու անվան ներքո:

Սոլեյմանիին ճանաչող բարձրաստճան մի զինվորական այն հարցին, թե իրո՞ք Սոլեյմանին այդքան կրոնական անձնավորություն է եւ նվիրված այաթոլաների ուսմունքին, պատասխանել էր. «Ոչ, նրան հավատի նվիրյալ չես անվանի, նա ավելի շուտ պարսիկ ազգայանական է եւ սիրում է պատերազմ»: Գուցե, քսան դար առաջ գեներալ Սոլեյմանին խոնարհման ու մեծարանքի արժանի զորավար կհամարվեր (ի դեպ հիմա էլ Իրանում հոծ բազմությունները նրան հենց այդպես էլ ընկալում են, նրա դիմանկարների առջեւ երգում ու երդվում են, եւ վերջապես հորդորում են 2017-ի Իրանի նախագահական ընտրություններում առաջադրվել), բայց մեր օրերում մարդիկ մեծարում ու գնահատում են նրանց, ովքեր խաղաղություն են բերում, ոչ թե պատերազմ:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X