Թռիչքի սպասումով

Մի տարի էլ գլորեցինք պատմության գիրկը։ Ինչ է բերելու մեզ 2017-ը՝ նոր հիասթափություններ ու դժվարություննե՞ր, թե՞ լույս թունելի վերջում։ Ամեն նոր տարին մենք, հավանաբար, սկսում ենք այս խոհերով, հույս ու հավատով, որ ամենից լավ Ռաֆայել Պատկանյանն է նկարագրել․ «Երնեկ, թե այս նոր տարին վերջ տար հայի ցավերին․․․»: Աշխարհում ոչ մի ժողովուրդ չի ուզում ապրել ծանր, չարքաշ կյանքով, մի կերպ գոյություն քարշ տալով, բայց որոշ ժողովուրդների դա հաջողվում է, մյուսներին՝ ոչ։ Ինչո՞ւ, ո՞րն է լավ երկիր ունենալու, բարեկեցիկ կյանքով ապրելու գաղտնիքը։ Ինչպե՞ս անել, որ Հայաստանը դառնա ծաղկող, ապագա ունեցող, մարդկանց համար գրավիչ երկիր։ Ինչպե՞ս կոտրել «հայի բախտի» անողոք բեռը եւ նախանձով չնայել ժպտացող ու հաջողակ ազգերին։ Զրուցակիցներս քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչներն են՝ բավականին հոռետես եւ չարագուշակ կանխատեսումներով տոգորված։ Նրանք ունեն իրավիճակը փոխելու սեփական բանաձեւը՝ իշխանափոխություն։ Բայց այդ ուղղությամբ քայլերի ու գործողությունների հաջորդականությունը կարծես լավ չեն պատկերացնում եւ շատ էլ ակտիվ չեն։ Միայն վստահ են, որ լուծումն ընդդիմադիր դաշտի համախմբման, բոլոր հակաիշխանական ուժերի համատեղման մեջ է։ Նրանցից մեկն ուշագրավ վերլուծություն է անում՝ այս իրավիճակի հարցում հանրային մեղքի ու մեղավորության մասին։ Նա կարծում է, որ մարդիկ, հասարակությունը մեղավոր չէ, երբ ձայնը տալիս է իշխող ուժին կամ կեղծ ընդդիմադիրներին։ Եվ օրինակներ է բերում պատմությունից, որ ցանկացած ճեղքում, թռիչք ապահովում է տվյալ երկրի էլիտան, վերնախավը, գրագետ հատվածը։ Ժողովուրդը չի կարող օրակարգ ձեւավորել, առաջնորդել, ընդվզել, եթե չունի առաջնորդներ, չունի իր ետեւից մարդկանց տանելու ունակ ուժեր։

Մեկնաբանություն
X