Սա ամենեւին շոու չէ

Դեռ տարեվերջին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն արձագանքելով մեր թերթում տպագրված հոդվածներից մեկին նշել էր, որ տարեսկզբին նախարարության նախաձեռնությամբ մեկնարկելու է երկամսյա կամ եռամսյա հեռուստատեսային հաղորդաշար, որը նորագույն մոդելը կլինի, թե ինչպես կարելի է բաց եւ թափանցիկ ընտրություն կատարել ժամանակակից որեւէ գրողի գործը պետական աջակցությամբ հրատարակելու համար։ Ըստ այդ մոդելի, հաղորդմանը մասնակցելու են 5 հրատարակիչներ, 15 գրողներ՝ իրենց ստեղծագործություններով, եւ 30 մտավորականներ: Հաղորդման ընթացքում հրատարակիչները պետք է ընտրեն 5 գրողների ստեղծագործություններ՝ հրատարակման իրավունքով: Իրավունքը ձեռք կբերի այն հրատարակիչը, որը գրողին կառաջարկի ավելի շատ հոնորար եւ ավելի մեծ տպաքանակ: Հաղորդման մասնակից երեսուն մտավորականները՝ հաշվի առնելով հեռուստադիտողների քվեարկության արդյունքները, կորոշեն այն հինգ գրողների ստեղծագործությունները, որոնք պետք է հրատարակի պետությունն՝ իր միջոցներով: «Արդյունքում կունենանք հրատարակվող տասը գիրք. հինգը՝ հրատարակիչների, հինգը՝ պետության կողմից, եւ դեռեւս չհրատարակված ստեղծագործությունն ու դրա հեղինակը կդառնան սպասված եւ փնտրված հասարակության կողմից»,-ասել էր նախարարը, որի նախաձեռնությունը միանգամից քննադատության ենթարկվեց հենց գրողների կողմից, ովքեր մտավախություն էին հայտնում, որ դա կլինի յուրատեսակ մի շոու, «բլոտ՝ գրողների , հրատարակիչների, մտավորականների եւ «թղթաղախաղին» կամավոր մասնակցող հեռուստադիտողի միջեւ, իսկ իրականության մեջ՝ անհեթեթ աճուրդ» եւ որ այդ ճանապարհը նվաստացուցիչ է լուրջ գրողի համար:

Արմեն Ամիրյանին փոխանցեցինք գրողների մտահգությունները հեռուստատեսային նոր նախագծի մասին, նա նկատեց, որ ծանոթ է եւ հետեւում է բոլոր արձագանքներին. «Պարզապես ամեն արձագանքի եթե մենք սկսենք արձագանքել, դա իսկապես կդառնա հենց այդ հիշյալ շոուն, որը կխանգարի մեզ լուրջ գործ անելուն։ Ինչի մասին ես ասել եմ, դա խոսում է գրականության բաց, թափանցիկ ընտրության մասին, ինչին տեղյակ պետք է լինի նաեւ մեր հասարակությունը։ Սա ամենեւին շոու չէ, բայց միեւնույն ժամանակ սա շատ լավ հնարավորություն է, որ դեռ չհրատարակված գրքին, ստեղծագործությանը եւ գրողին կարող է ծանոթանալ պոտենցիալ ընթերցողը եւ դրանով իսկ գիրքը դեռ չհրատարակված դառնա պահանջված ընթերցողի կողմից։ Ես կարծում եմ սա լավագույն լուծումներից մեկն է, անշուշտ, մենք ունենք նաեւ այլ լուծումներ, աջակցության այլ ծրագրեր, բայց սա եւս աջակցության ձեւ է եւ միջոց, որովհետեւ նախկին միջոցները, որ կային որակական առումով դրանց արդարացում չկար եւ տարեկան մենք ծախսում էինք մոտ 130-140 մլն. դրամ հրատարակվելիք գրականության վրա, արդյունքում ունեինք այն, ինչ ունենք, մեծ մասը տեխնիկական, գեղարվեստական առումով ոչ պիտանի ընթերցանության համար»,-ասաց Ամիրյանն ու ի պատասխան մեր հարցի նշեց, որ դեռ պարզ չէ, թե այդ հաղորդաշարը որ ալիքով է եթեր գնալու, բանակցում են հեռուստաընկերությունների հետ, թե ով ավելի լավ պայմաններ կառաջարկի։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X