Վանաձորի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները այսօր կդիմեն Կառավարությանը

Վանաձորի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները այսօր, ամենայն հավանականությամբ, կդիմեն կառավարությանը Վանաձորում նոր ընտրություններ անցկացնելու համար։ Նախաձեռնության հեղինակը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է, որին միանալու մասին երեկ հայտարարել են նաեւ ԲՀԿ-ն ու «Հայկական վերածնունդը»․ «Մհեր Շահգելդյանն արդեն ստորագրել է, սպասում ենք՝ ԲՀԿ-ն էլ ստորագրի, որպեսզի դիմենք»,- քիչ առաջ մեզ փոխանցեց «Լուսավոր Հայաստան»
կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք, որ անցած տարի՝ հոկտեմբերի 2-ին, Վանաձորում կայացած ավագանու ընտրությունների արդյունքում ԼՀ-ն 10 մանդատ ստացավ եւ դաշինք կազմեց «Հայկական վերածնունդ»-ի ու «Բարգավաճ Հայաստան»-ի հետ, արդյունքում ոչ իշխանականները 17 մանդատ ստացան, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին՝ 15։ Բայց փակ ընտրությունների ժամանակ Մամիկոն Ասլանյանի օգտին 19 մարդ քվեարկեց։ Երեք ամիս է, սակայն, ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին չի հաջողվում ավագանու նիստեր անցկացնել եւ որոշումներ ընդունել, քանի որ «Լուսավոր Հայաստանն» ու նրա կոալիցիոն գործընկերները բոյկոտում են նիստերը: Ավագանու ընտրություններից հետո գումարվել է ընդամենը ավագանու մեկ նիստ՝ հոկտեմբերի 10-ին, որի ընթացքում ընտրվել է քաղաքապետ։ «Լուսավոր Հայաստանը» Կառավարությանը ներկայացվելիք հայտարարության հիմք է համարում ՏԻՄ օրենքի 69-րդ հոդվածը, որը սահմանում է՝ եթե հերթական նստաշրջանի ժամանակ ավագանու նիստերը 3 ամսից ավելի չեն գումարվում, քաղաքի բյուջեի վերաբերյալ որոշում չի կայացվում, ավագանու լիազորությունները Կառավարության որոշմամբ կարող են կրճատվել:

Մեկնաբանություն
X