Արամ Ա-ի տարեսկզբյան հարցազրույցի մեսիջները

Հունվարի 1-ին Լիբանանի Անթիլիասի մայրավանքում իր ավանդական տարեսկզբյան հարցազրույցով է հանդես եկել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Այս տարեսկզբյան հարցազրույցները ավանդական բնույթ են կրում, Արամ Ա-ն, ի հակակշիռ Գարեգին Բ-ի, ով աչքի է ընկնում մամուլի հանդեպ ընդգծված սառը հարաբերություններով, ավելի բաց է մամուլի համար։ Տարեսկզբյան հարցազրույցները մի տեսակ տարվա գործունեության ուղենիշների նման են եւ կրում են նաեւ «հայրական հանձնարարականների» բնույթ:

Այս տարվա հարցազրույցը եւս այդպիսին էր եւ հիմնականում արտացոլում էր տեղական, ռեգիոնալ եւ հայկական միջավայրերի հիմնական օրակարգը, որտեղից կառանձնացնենք հետեւյալ թեմաները՝ սիրիական հակամարտություն, ղարաբաղյան հակամարտություն, հայոց պահանջատիրություն:

Սիրիական հակամարտության կարգավորման մասով Արամ Ա-ն կարեւորել է հատկապես սիրիահայ համայնքի պահպանման եւ վերականգնման հարցերը, կոչ անելով համայն հայությանը՝ նպաստ բերելու սիրիահայ համայնքի վերականգնմանը: Սա ինքնին նշանակում է սփյուռքի կառույցների գործողությունների վեկտորի փոփոխություն, ինչը նաեւ նշանակելու է ֆինանսական եւ այլ ռեսուրսների լրացուցիչ հոսք դեպի Սիրիայի հայկական համայնք: Սա հետաքրքրական մեսիջ է, քանի որ մինչ այս հիմնական վեկտորը ուղղված էր մայր հայրենիքին եւ անցյալ տարվա ապրիլի քառօրյա պատերազմից հետո՝ Ղարաբաղին: Այսպիսով հարցերի ներկապնակը լրացվում է եւս մեկ գույնով, այն է՝ սիրիահայ համայնքի վերականգնումը: Սփյուռքի համար սա թերեւս ավելի կարեւոր ուղղություն է ղարաբաղյան ուղղության հետ միասին, քանի որ, պայմանականորեն ասած, հայաստանյան ուղղությունն, արդեն յոթ-ութ տարի է, որ մղված է երկրորդ պլան, հայաստանյան ներկայիս իշխանությունների հանդեպ սփյուռքի ճնշող մեծամասնության տոտալ անվստահությամբ պայմանավորված: Ի դեպ, Արամ Ա-ի Իրանական հովվապետական այցի ժամանակ, որի ընթացքում նաեւ տոնվեց վերջինիս, որպես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի, գահակալության 20-ամյակը, տոնական միջոցառումներին մասնակցում էր նաեւ Իրանում ռուսական դեսպանը: Ինքնին հասկանալի է, որ Մոսկվան Անթիլիասի հետ, ով ունի գերակա ձայն Սիրիայում, Մերձավոր Արեւելքի ռեգիոնում եւ արաբական աշխարհում, Մայր Աթոռի գահակալ Գարեգին Բ-ի համեմատությամբ, հատուկ հարաբերություններ է սկսել մշակել: Չի բացառվում, որ Հալեպի ազատագրումից հետո, եւ Սիրիական հակամարտության կարգավորման հարցում ռուսական կողմի ընդգծված մասնակցության պայմաններում դեսպանի, ասել է, թե Մոսկվայի եւ Անթիլիասի միջեւ որոշակի քննարկումներ եղել են:

Առավել ուշագրավ է Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Կիլիկիո Կաթողիկոսի հայտարարությունը: Արամ Ա-ի դիրքորոշումն հստակ է՝ Ղարաբաղը պետք է լինի անկախ: Սակայն միեւնույն ժամանակ նա հրաժարվում է մանրամասնորեն հարցի քննարկումից եւ չի խոսում վերջին շրջանում հայ հասարակությանը հուզող հիմնական հարցերից մեկից՝ տարածքների հնարավոր հանձնումից: Անհասկանալի է նրա խոսքում առկա այն ձեւակերպումը, թե՝ պետք չէ քննարկել հակամարտության բանակցային գործընթացը: Գուցե հուլիսին երեւանյան հայտնի դեպքերը, որ կապվում էին տարածքների հանձնման մասին խոսակցությունների հետ, ազդել են կամ գուցե պաշտոնական Երեւանից է նման խնդրանք հնչել:

Տիգրան ՎԱՀԱՆԵ

Մեկնաբանություն
X