Մեր ժամանակի հերոսը

**Հայկական միջավայրում մեր ժամանակի հերոսը, որպես կանոն, ծնվում-ձեւավորվում-բարձրանում է՝ խտացնելով հանրային աղավաղված ընկալումներն ու ձգտումները: Նա ասպարեզ է գալիս հասարակական զարգացման արատավոր օրինաչափությունների, հանրային հավաքական մտածողության մերժելի առանձնահատկությունների հետեւանքով: Հասարակական նմանօրինակ միջավայրն այժմ պարատ հող է դարձել շատախոսների, մեծախոսների, մեծամիտների համար: Այսօրինակ հանրային վարքագծի հետեւանքով հետադիմությունը շեղում է առաջադիմության հունը՝ առաջ բերելով կեղծ արժեքներ, գաղափարներ, հերոսներ, որոնցից էլ ծնվում է մեր ժամանակի հերոսը: **

Հունվարյան սառնաշունչ այս օրերին Երեւանի սակավամարդ Աբովյան փողոցում ուշադրությունս գրավեցին հատուկենտ անցորդները, ովքեր ակնածանքով եւ ջերմորեն շնորհավորում էին փողոցում 9-10 տարեկան երեխայի հետ քայլող դերասան Վարդան Պետրոսյանի Նոր Տարին:

Հայկական հանրային հավաքական հիշողությունը ինքնապաշտպանական հզոր արգելակներ ունի, որն արագորեն ջնջում է այն ամենը, ինչը կարող է խաթարել հանրային արմատավորված ընկալումների բովանդակությունը եւ ուղղությունը: Այդ ինքնապաշտպանական մեխանիզմն արագորեն արգելակում է այն բոլոր անցանկալի, վատ հիշողությունները, որոնք կարող են պարտադրել հանրությանն ավելի իրատես եւ ողջամիտ լինել դեպքերի եւ դեմքերի, հասարակական երեւույթների գնահատման եւ վերագնահատման, հասարակական միջավայրի մաքրության պահպանման հանդեպ: Հիշողության այսօրինակ արգելակների պատճառով են հասարակական-քաղաքական կյանք վերադառնում նրանք, որոնց հանրությունը ի սկզբանե պետք է մերժեր:

Վերադառնում են՝ դարձյալ ձախողելով հասարակության ձգտումները:

Սակայն քաղաքականության սառը կանոններն արվեստում չեն գործում: Արվեստը նաեւ նրանով է արվեստ, որ հասարակության անդամների զգացական, ենթագիտակցական, հոգեբանական, արժեքային միջավայրն է փոխում կամ աղավաղում: Թերեւս նաեւ այդ պատճառով դերասան Վարդան Պետրոսյանի կերպարի մասին բացասական հիշողություններն արագորեն ջնջվեցին հանրային հիշողությունից: Մանավանդ որ, նրա քաղաքական հումորի հեգնանքի եւ ծաղրի սլաքները միշտ ուղղված են ՀՀ նախկին կամ ներկա իշխանությունների դեմ: Իսկ դա միանգամայն բավական է, որ հանրությունը գնահատի, պաշտպանի եւ հիանա նրանով:

Ճաշակին ընկեր չկա. առավել եւս՝ արվեստում: Վարդան Պետրոսյանի արվեստի երկրպագուն չեմ, չեմ հավատում նրա արվեստի անկեղծությանը, անգամ նրա քաղաքական սատիրան ինձ չի վարակում: Ինձ վանում են նաեւ Վ. Պետրոսյանի Փարիզ-Երեւան «հյուրախաղերը»: Ընդհանրապես, իմ եւ իմ համաքաղաքացիների մշակութային ընտրությունը եւ ընկալումները հաճախ խիստ տարբեր են: Սակայն խնդիրը միայն մշակութային ճաշակի տարբերությունները չեն: Ես, օրինակ, այդպես էլ չհասկացա հանրության այն հատվածին, որը 2013թ. հոկտեմբերին, Եղվարդ-Երեւան մայրուղում վրաերթի պատճառով 17-ամյա երկու երիտասարդների մահվան պատճառ դարձած Վարդան Պետրոսյանին այդ օրերին տենդագին պաշտպանության տակ առավ՝ անտեսելով թե՛ զոհերին, թե՛ նրա սգակիր ընտանիքին: «Բոլորի հետ էլ կարող է պատահել նման դժբախտություն»՝ ի պաշտպանություն Վ. Պետրոսյանի հանդես եկող հանրային ճակատը հիմնականում այս կարգախոսով էր առաջնորդվում: Անշուշտ, բոլորին էլ կարող են վթարի ենթարկել փողոցում անարգել սլացող անպատիժ վարորդները: Նրանց քրեական կամ հանրային դատապարտման չի կարելի ենթարկել. մի դեպքում նրանք բարձրաստիճան պաշտոնյայի զավակներ են կամ մեծահարուստի թիկնապահ, մյուս դեպքում՝ հայտնի արվեստագետ կամ սիրված քաղաքական գործիչ: Իսկ նրանց զոհերը, որպես կանոն, շարքային, անպաշտպան քաղաքացիներն են, որոնք արդարադատության հույս անգամ չեմ կարող ունենալ: Սակայն Վարդան Պետրոսյանի կյանքի այս դրվագն արդեն անցյալում է: Դատարանի որոշմամբ նա այժմ պատիժը կրում է բաց, ազատ ռեժիմով:

Հենց այդ ռեժիմն էլ հնարավորություն տվեց նրան այլ հայ արվեստագետների հետ ղարաբաղյան առաջնագիծ մեկնել: Ապրիլյան պատերազմից հետո Ղարաբաղ այցելելը հայ մշակույթի գործիչների համար նորաձեւ է դարձել, թեպետ դա ավելի շուտ հնաբույր քարոզչություն է հիշեցնում: Ընդհանրապես, Հայաստանում քարոզչությունը սկսել է փոխարինել իրական կառավարմանը եւ քաղաքականությանը: Սակայն սա այլ թեմա է:
Ղարաբաղյան առաջնագծում Վարդան Պետրոսյանի թուրքերեն «ելույթը», դերասանի մարդկային կերպարը եւ վարքագիծը մի քանի օր առաջ վերստին հանրային քննարկման դրվեցին: «Արտ-13» ստուդիայի «Մարտիկ» հաղորդաշարի անճաշակ, գռեհկաբանություններով ուղեկցվող հունվարյան թողարկումը բացահայտեց մեր ժամանակի հերոսների ձեւավորման հայկական մտածողության մեխանիզմներն ու առանձնահատկությունները: Ղարաբաղյան առաջնագիծ մեկնած արվեստագետներից Վարդան Պետրոսյանը մեկեն տարբերվեց-առանձնացավ նրանով, որ խրամատի դիտակետից թուրքերենով հերոսաբար…հայհոյում էր ադրբեջանցիներին՝ հավասարվելով նրանց: Նրա կողքին կանգնած էին 18-20 տարեկան տղաներ, որոնք ցրտաշունչ սառնամանիքի, չդադարող հրետակոծությունների պայմաններում, հակառակորդի դիրքերից 50-60 մետր հեռավորության վրա պահպանում են հայկական սահմանը՝ առանց հերոս երեւալու ճիգերի, առանց մեծախոսության եւ հակառակորդի հանդեպ հոխորտանքների: Վարդան Պետրոսյանը ոգեւորված հայհոյում էր ի տես հանրության եւ առաջնագիծը պահող զինվորների: Նա ինքնամեծարեց ինքն իրեն, երբ կրակոցները դադարեցին: Թեպետ հանրության մեծարանքը եւս չուշացավ. «Վարդան Պետրոսյանը դիրքերից գոռաց ադրբեջանցիների վրա»՝ այսեւնման վերնագրերով սոցցանցերում եւ ԶԼՄ-ներում արագորեն տարածվեց այդ հերոսական դրվագի տեսանյութը:
Առաջնագծում, ուր դու մեկնում ես որպես լրագրող, արվեստագետ կամ քաղաքական գործիչ, առաջին զգացողությունը նախ հպարտությունն է այդ զինվորների հանդեպ, ցանկությունը մնալ նրանց կողքին եւ ամոթը, որ նրանց կողքին չես քո կյանքի մնացած բոլոր օրերում: Սական Վարդան Պետրոսյանին միայն մի զգացում էր պատել՝ ինքնահերոսացման անթաքույց ձգտումը: Այնպիսի տպավորությունն էր, որ առաջնագիծը նրա համար բեմի էր վերածվել, որտեղ նա խաղում էր հերթական դերը:
Վարդան Պետրոսյանը մեր ժամանակի հերոսն է՝ ինքնասիրահարված եւ հանրության կողմից սիրված, ինքնամեծարված եւ հանրության կողմից մեծարված, իրական կյանքում խաղալով եւ կեղծ արժեքներ ու գաղափարներ ասպարեզ նետելով:
Վարդան Պետրոսյանը մեր ժամանակի հերոսն է՝ հասարակության հերոսը: Նա ոչ թե կռվում է առաջնագծում, այլ հայհոյում հակառակորդին, նա քննադատում-ծաղրում է իշխանություններին, իսկ կյանքի իրական մասն անցկացնում Փարիզում: Նա վթարի է ենթարկում երկու երիտասարդների եւ ընտրովի արդարադատություն ակնկալում: Նա մեր ժամանակի հայկական միջավայրի հերոսն է, իսկ հերոսներին չեն քննարկում. նրանցով հիանում են: Ինչպես Վարդան Պետրոսյանի դեպքում:

Նարինե ՄԿՐՏՉՅԱՆ

Մեկնաբանություն
X