Հրանտ, դու ինչո՞ւ «Լրաբեր» չես վարում

Հավանաբար շատերը հիշեցին «Մեր բակը» բազմասերիանոց կատակերգության մեջ Աշոտի (Աշոտ Ղազարյանի) հարցը՝ Հրանտին (Հրանտ Թոխատյանին): «Բախտ չունենք»,- եղավ պատասխանը:

Հրանտ Թոխատյանին այսօր շատ ավելի կարեւոր գործ է հանձնարարվել՝ միավորել արվեստի հայտնիներին՝ ի Հայաստան եւ ի սփյուռս աշխարհի, «Արդարություն Հայաստանում» բավականին տարողունակ շարժման մեջ եւ պայքարել հանուն արդար ընտրությունների, հանուն այն բանի, որ ՀՀ քաղաքացին գիտակցի իր քվեի արժեքը եւ այլն եւ այլն: Սփյուռքահայ մտավորականների (Սերժ Թանկյան, Ատոմ Էգոյան, Արսինե Խանջյան) ներգրավումն այդ շատ կարեւոր շարժման մեջ, ըստ Թոխատյանի մեկ նպատակ ունի՝ Սփյուռքը պետք է մասնակից լինի ներհայաստանյան կյանքին: «Սփյուռքը հո միայն փող տվող չէ՞»:

Հետո իմանում ենք նաեւ, որ այս շարժումը պատրաստվում է գրանցվել որպես դիտորդական կազմակերպություն: Կարելի է ասել՝ բավականին համարձակ գործ են ձեռնարկել, մանավանդ, որ ՀՀ իշխանություններն այնքան էլ ջերմ զգացումներ չեն տածում դիտորդ, վստահված անձ եւ այս կարգի մյուս երեւույթների նկատմամբ: Պատկառանքը Սերժ Թանկյանի, Արսինե Խանջյանի, Ատոմ Էգոյանի, ինչու ոչ՝ Հրանտ Թոխատյանի հանդեպ շատ մեծ է լինելու եւ իշխանությունները, տեսնելով նրանց, խուսափելու են ընտրախախտումներ անելուց: Բայց ես վստահ եմ, որ Հրանտ Թոխատյանն իր դիտորդական շարժումով (առաջին անգամն եմ նման բան լսում) ապահովելու է ընտրական գործընթացի գեղարվեստական մասը՝ յուրահատուկ արդարացիության խաբկանք հաղորդելով ընտրություններին: Ոչ ավելին: Ես չեմ կարծում, որ Հայաստանում այնքան միամիտ մարդ կա, որ հավատում է, թե Հրանտ Թոխատյանը մինչեւ ՄԱԿ-ի ատյաններ բողոքելու է անարդար ընտրություններից, եթե ապրիլի 2-ին խախտումներ հայտնաբերի: Խախտումներ հայտնաբերելուց առաջ Հրանտ Թոխատյանն ու այս աստղաբույլը դեռ պետք է կարդացած լինի Ընտրական նոր օրենսգիրքը, ինչը չի արել, վստահ եմ, եւ չի էլ պատրաստվում անել, որովհետեւ այս շարժման բուն առաքելությունը քաղաքական չէ, թեեւ ծառայեցվելու է քաղաքական նպատակների: Այս խումբը պետք է թատրոն տա, գեղեցիկ ճառեր ասի քվեի կարեւորության մասին, եթե հարկ լինի, նաեւ շոու կազմակերպի: Իսկ դրա վերջը մտավորականների եւ արվեստագետների հերթական արժեզրկումն է լինելու, ոմանց քաղաքական շահերի սպասարկու դառնալը, այլ խոսքով՝ լրացուցիչ կեղտոտվելը: Եվ ուրեմն մեր խնդրանքն է՝ սփյուռքահայ արվեստագետերին չոգեւորել եւ մասնակից չդարձնել իշխանական այս սազանդարությանը:

Մեզ, այո, պետք են արդար ընտրություններ: Բայց այնպիսի քաղաքական գործընթաց, ինչպիսին ընտրությունն է, Հրանտ Թոխատյանին ավելի շատ չի առնչվում, քան, ասենք, իմ հարեւան Շմավոնին, քանզի եւ Հրանտը եւ Շմավոնը ունեն մեկական ձայն: Բայց ի տարբերություն Թոխատյանի, Շմավոնը հասկանալի պատճառներով չի կարող իր մեկ հատիկ ձայնն այնպես ծաղկացնել, ինչպես Հրանտ Թոխատյանը, ով ընդհուպ քարոզչություն կարող է իրականացնել որեւէ քաղաքական ուժի, իսկ ավելի հավանական է հենց իշխանության օգտին: Այս ամենին գումարենք նրա դերասանական տաղանդը, նրա կողքին համախմբված արվեստագետների ներուժն ու կարելի կլինի պատկերացնել, թե ինչ նվեր ունեն իշխանություններն ի դեմս «Արդարություն Հայաստանում» շարժման:
Այս նույն արվեստագետները առանց միավորվելու էլ կարող են նպաստել Հայաստանում արդարության հաստատմանը: Նրանք ամենուր են՝ եթերում, թերթերի էջերում, կայքերում, թատրոններում: Այնպես չէ, որ հատուկ շարժումն է նրանց պակասում արդարություն հաստատելու համար: Բայց հանկարծ հայտարարում են կուռ շարքերով ընտրություններ դիտարկելու մասին եւ ամեն ինչ դարձնում այնքան ծիծաղելի, որ համոզվում ես, որ Սերժ Սարգսյանը ռոճիկ է նշանակել իր թատրոնում ապուշի դեր կատարելու համար: Խոսքը չի վերաբերում Սերժ Թանկյանին, Ատոմ Էգոյանին, Արսինե Խանջյանին եւ էլի մի քանի սփյուռքահայերի, որոնց համար սա, ամենայն հավանականությամբ, հայրենիքին ծառայելու պես բան է: Իսկ մյուսները՝ հարյուրավոր մեծապատիվ մուրացկաններ, որոնց վաղուց գիտենք որպես իշխանական սազանդարներ, ինչո՞վ են զբաղվելու այս թատրոնում: Բնականաբար, գովերգելու են ընտրությունները, երդվելու են՝ հորս արեւ խախտում չի եղել: Ինչ վերաբերում է շարժման ռազմախին, Թոխատյանն ասում է՝ հայահոծ վայրերից են գալու: Եթե Ռուսաստանից եւ Ղազախստանից են գալու մեր խոպանչի արվեստագետները, ավելի լավ է՝ չգան, քանզի ռուսական եւ հատկապես ղազախական արդարություն եւ ժողովրդավարություն մեզ պետք չէ:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X