Բորդյուժայից մինչեվ ԵԱՀԿ Մինսկի խումբ

Հայկական հայտնի կատակ կա Հայրապետի ու Կարապետի մասին, թե՝ բաղնիք գնա Հայրապետը, փողը փակվի Կարապետը: Այսօր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին Չինարիի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, տեղավորվում է հենց այս կատակի տրամաբանության մեջ: Ստացվեց, որ Ադրբեջանը սանձազերծում է դիվերսիա, իր դիվերսիոն խմբի միջոցով ցանկանալով մուտք գործել Հայաստանի տարածք, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը միայն արձանագրում է, որ Երեւանն ու Բաքուն շարունակում են դատապարտել մեկմեկու իր հերթական ոչինչ չասող, հերթական «անատամ» հայտարարությամբ: Այստեղ իհարկե անհասկանալի էր հայկական լրատվադաշտի որոշ ներկայացուցիչների վարվելակերպը, որոնք ողջունում էին ԵԱՀԿ ՄԽ կողմից Բաքվին «Չինարիի սադրանքի դատապարտումը»: Եթե դատապարտման խոսք էլ հնչել է, ապա միայն եւ միայն Երեւանի հասցեին, այն պարբերության մեջ, որ Երեւանը պարտավոր է անհապաղ հետ վերադարձնել զոհված ադրբեջանցի զինվորականի մարմինը, քանի որ զոհերի աճյունները պետք է անհապաղ հետ վերադարձվեն, իսկ զոհված ադրբեջանցի զինվորականի մարմինը դեռ գտնվում է ՀՀ ԶՈՒ մոտ: Հայտարարությունն առհասարակ չափազանց տարօրինակ է եւ անհասկանալի: Ի՞նչ կապ ունեն Վիեննայի եւ Պետերբուրգյան հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները ՀՀ-ի՝ ՄԱԿ կողմից ճանաչված, ՄԱԿ, ԵԽ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ եւ այլ միջազգային կառույցների անդամ հանդիսացող միջազգային իրավունքի սուբյեկտ սուվերեն պետության հանդեպ մեկ այլ պետության կողմից իրականացված դիվերսիայի հետ, որը նաեւ կարող է գնահատվել որպես սահմանների անձեռնմխելիության խախտում: Համանախագահները գոնե պատկերացնո՞ւմ են՝ ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղը որտեղ է, իսկ Վիեննայի եւ Պետերբուրգի հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների գործողությունների վայր հանդիսացող ԼՂ հակամարտության գոտին կամ հակամարտության առաջնագիծը որտեղ: Եվ վերջապես, դեռ որքա՞ն է շարունակվելու մի կողմից այս անիմաստ աչքակապությունը, որը արվում է եւ ՄԽ, եւ ՀԱՊԿ, եւ նաեւ հայաստանյան հասարակության կողմից: Ընդամենը շաբաթներ առաջ համանման ուրախություն համակեց հայաստանյան հասարակությանը ՀԱՊԿ արդեն նախկին Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի՝ Չինարիի միջադեպի առնչվող մեկնաբանության համար, որտեղ տեղ էր գտել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձեւակերպումը: Իսկ ի՞նչ տվեց այդ հայտարարությունը շոշափելի կերպով: Բացարձակապես ոչինչ: Թերեւս այն, որ այսօր արդեն անհասանելի է այդ հրապարակումը, իսկ ՀԱՊԿ կայքը գտնվում է տեխնիկական վերազինման մեջ եւ երբեք չպետք է բացառել, որ վերազինումից հետո այդ մեկնաբանությունն իսպառ ջնջված լինի: Իրականությունը սա է, եւ կարիք չկա ցանկալին իրականի տեղ ընդունելով ջայլամի հայտնի կեցվածքով առաջ ընթանալ:

Արման Գրիգորյան

Մեկնաբանություն
X