Վայոց Ձորի նախկին մարզպետը կմասնակցի ԱԺ ընտրություններին

Վայոց Ձորի նախկին մարզպետ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Սերգեյ Բագրատյանը պատրաստվում է մասնակցել 2017 թ ապրիլի 2-ին կայանալիք Ազգային Ժողովի ընտրություններին։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Սերգեյ Բագրատյանն ասաց, որ ռեյտինգային կարգով է կառաջադրվի ընտրություններին․ «Մասնակցելու եմ Վայոց Ձոր-Սյունիք ընտրատարածքից․․․: Մեզ համար անհամեմատ գերադասելի է, որ պարոն Գագիկ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն, բնականաբար դրանից «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շատ ավելի մեծ շանս կունենա քանակապես Ազգային Ժողովում ներկայանալու»։

-Դուք պարոն Ծառուկյանի հետ զրույցներ ունեցե՞լ եք այդ թեմայով։
Դե ինքը պետք է նախ հայտարարի քաղաքականություն վերադառնալու մասին, նոր մենք մեզ թույլ տանք նման խոսակցություն ունենալու։

-Առանց Գագիկ Ծառուկյանի՝ ԲՀԿ-ն տեղ կունենա՞ խորհրդարանում։
Կարծում եմ՝ այո, որովհետև վերջին ՏԻՄ ընտրությունները երկու խոշոր քաղաքներում և Վանաձորում, և Գյումրիում ապացուցվեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ունի բավարար ռեսուրս, բայց, բնականաբար, դա կեռապատկվի, կքառապատկվի պարոն Գագիկ Ծառուկյանի վերադարձով։

-Ձեր ընտրատարածքում Ձեզ մրցակից ո՞ւմ եք տեսնում։
Բոլոր թեկնածուներին, ովքեր ներկայացված կլինեն, մրցակից են։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X