Մանչեսթեր Յունայթեդի հաղթարշավը

Սուրբ Ծննդյան տոներին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի երկրպագուները ուրախության առիթներ շատ ունեցան։ Վեց անընդմեջ հաղթանակ, կայուն, հետաքրքաշարժ ֆուտբոլ, ինչից հետո կարելի է շնորհավորել պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյին եւ նրա սաներին։ Առաջին հերթին այն բանի համար, որ մարզիչը վերջապես հասկացավ, որ Կարմիր Սատանաների ինտելեկտը, միտքն ու դեպի հակառակորդի դարպասն ուղղված սլաքը, թիմի ողնաշարը՝ Հենրիխ Մխիթարյանն է, ով ցուցադրելով հրաշալի խաղ, դառնալով ֆանտաստիկ գոլի հեղինակ, ոչ միայն վերադարձրեց Յունայթեդի հույսը, այլեւ կիրք ու եռանդ հաղորդեց ողջ թիմին։ «Մանչեսթեր Յունայթեդն» այն պատվավոր, հսկայական ավանդույթներ ունեցող գերակումբներից է, որը միշտ պայքարում է առաջինը լինելու, հաղթական դափնիների արժանանալու համար եւ լրջագույն ձախողումը ոչ մի կերպ չէր ներվելու Մոուրինյոյին։

Այս պահի դրությամբ կարծում եմ ակներեւ է, որ Յունայթեդը դժվար թե կարողանա պայքարել չեմպիոնության համար։ Անտոնիո Կոնտեի «Չելսին» մեծ արագությամբ գնում է դեպի վերջնական հաղթանակը, թեպետ «Տոտտենհեմին» անցյալ տուրում հաջողվեց վերջապես ընդհատել Ազնվականների այդ խելահեղ արշավը։ «Չելսին» այժմ, ինչպես ասում են, պիտի ապացուցի իր բարձր կարգը՝ բացելով երկրորդ շնչառությունը, որպեսզի կարողանա հասնել իր տիտղոսին։ Եվ նույնը վերաբերում է նաեւ «Մանչեսթեր Յունայթեդին»։

Իսկապես հավաստենք, որ վեց անընդմեջ հաղթանակը հրաշալի արդյունք է, սակայն նաեւ անկեղծ լինենք եւ նշենք, որ հակառակորդ թիմերը իրենց կարգով միանշանակ զիջում էին Կարմիր Սատանաներին եւ Մանչեսթերը ուղղակի պարտավոր էր հաջողության հասնել նման թիմերի դեմ մենամարտերում։ Անգլիայի գավաթի խաղարկության հերթական փուլում Յունայթեդը ջախջախիչ՝ 4-0 հաշվով պարտության մատնեց «Ռեդինգին»: Այս խաղում բացակայում էին Մխիթարյանը, Պոգբան, Հերերան, Իբրահիմովիչը: Ժոզե Մոուրինյոն նրանց հանգստանալու հնարավորություն էր տվել:
Հունվարի 10-ին Անգլիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակչի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի «Հալ Սիթիին»: Պատասխան խաղը կկայանա հունվարի 26-ին: Իսկ արդեն հունվարի 15-ին «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտը հյուրընկալելու է ոչ սովորական թիմի։ Այդ օրը «Լիվերպուլը» Յունայթեդի համար կդառնա փորձաքար։ Այդ օրը կորոշվի թե Կարմիր Սատանաների եւ թե Ժոզե Մոուրինյոյի ամրության աստիճանը։

Զավեն ՄԽԻԹԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X