Սերժ Սարգսյանը իրավիճակին ամբողջովին չի տիրապետում․ Ստեփան Դանիելյան

Տարատեսակ բանակցությունների, քննարկումների մեջ մտած եւ իրենց քաղաքական ապագայի մասին անորոշ պատկերացումներով կուսակցականներն առայժմ խուսափում են որոշակի պատասխան տալ իրենց պայմանավորվածությունների մասին ԶԼՄ-ների համառ հարցադրումներին։ Ի վերջո, նոր Սահմանադրությունը, ապրիլյան պատերազմն ու դրանից հետո արտաքին քաղաքական ճակատում ստեղծված անորոշ վիճակը անորոշություն է ստեղծել նաեւ ներքաղաքական կյանքում։,Hraparak.am-ի հարցերին պատասխանում է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ ղեկավար Ստեփան Դանիելյանը։

-Պարոն Դանիելյան, ԱԺ ընտրություններին մնացել է 2,5 ամիս ժամանակ, սակայն նկատելի է, որ քաղաքական տարբեր ուժեր՝ մեծ ու փոքր միավորներ, գտնվում են չկողմնորոշված վիճակում, չգիտեն, թե ինչ ձեւաչափով են մասնակցելու ընտրություններին։ Միայն ձեւավորվեց «ԵԼՔ» դաշինքը։ Կարո՞ղ ենք սպասել, որ կլինեն անկանխատեսելի արդյունքներ։
-Չեմ կարող այդ հարցին պատասխանել: Անկանխատեսելի արդյունք լինելու համար պետք է որևէ անկանխատեսելի իրադարձություն լինի: Այս պահին իրավիճակը կանխատեսելի է, հնարավոր է, որ մինչ ընտրությունները որևէ Fors-mazhor լինի, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի ենթադրություններ անել:

-ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը տարեվերջին կայացած համագումարում ձեւակերպեց արտաքին քաղաքականության հայեցակարգը, որում արտահայտված դրույթներն ունեն շուրջ 20-ամյա վաղեմություն։ Կարո՞ղ է այն որոշիչ դառնալ ԱԺ ընտրություններից առաջ հասարակության քվեն ստանալու համար, եւ «Բարիդրացիություն, Հաշտություն, Խաղաղություն» նշանաբանը կրող քաղաքական ուժը պատկառելի ներկայացվածություն ունենա ԱԺ-ում։

  • Հնարավոր է, որ «խաղաղության և զիջումների» տեսլականը որոշ ձայներ ՀԱԿ-ին բերեն, սակայն կարծում եմ, որ դրա դիմաց ավելի շատ ձայներ կկորցնեն: Նախ «փոխզիջում» թեզը ասելուց չի հստակեցվում, թե Ադրբեջանն իր կողմից ինչ է զիջելու: Ադրբեջանի ղեկավարը իր հրապարակային ելույթներում հայտարարում է, որ որևէ զիջման պատրաստ չի, զիջումների պատրաստ չի նաև այդ երկրի ժողովուրդը: Դրա համար պետք է ավելի ազնիվ գտնվել և խոսել ուղղակի զիջումների մասին, որպեսզի այդ ելույթը կարողանանք ավելի լուրջ քննարկել:

-Տարբեր քաղաքական ուժեր, որոնք տարիներ շարունակ ներկայանում էին որպես ռուսամետ կամ արեւմտամետ, այսօր ԱԺ մանդատ ձեռք բերելու եւ քաղաքական դաշտից չանհետանալու համար, ըստ ԶԼՄ-ների, պատրաստ են կազմել անհավանական դաշինքներ, տեղ գտնել հակոտնյա գաղափարախոսություն ունեցող կուսակցական ցուցակներում։ Այս ֆոնին ինչպիսի՞ քաղաքական խճանկար կարող ենք ակնկալել ապագա ԱԺ-ում։

  • Հենց դուք նշեցիք, որ իրականում այդ կազմակերպությունները գաղափարական հենք չունեն: Արտաքին կողմնորոշումների միջոցով նրանք փորձում են խույս տալ երկրում գոյություն ունեցող իրական խնդիրների մասին խոսելուց: Նաև արտաքին կողմնորոշումների մասին խոսելուց անուղղակի կերպով արդարացում են գործող իշխանություններին: Սակայն այդ նոր դաշինքները փորձում են նոր գաղափարներ գեներացնել: Մեկը խաղաղություն է խոստանում, մյուսները սերնդափոխություն, որը ներկայացվում է որպես իրավիճակի փոփոխության դեղամիջոց: Վերջերս նոր գաղափար է առաջ եկել՝ այդ ուժերը ունեն երազանք, մյուսները չունեն և այլ: Այս պահի դրությամբ, իմ կարծիքով, պետք է սպասել մոտավորապես այն դասավորությանը, ինչը կա ներկա խորհրդարանում:

-Ըստ Ձեզ՝ այսօր Սերժ Սարգսյանը տիրապետու՞մ է իրավիճակին եւ քաղաքական դաշտը կմնա՞ վերահսկելի իրավիճակում։ ԱԺ գալիք ընտրություններում հնարավո՞ր կլինի հաղթել փողի եւ վարչական ռեսուրսի կիրառման միջոցով։
-Կարծում եմ, Սերժ Սարգսյանը իրավիճակին ամբողջովին չի տիրապետում և գնալով դա ավելի դժվարությամբ է նրան հաջողվելու: Անկանխատեսելի է տնտեսության վիճակը, կա պատերազմի հավանականություն: Դժգոհություններ կան հենց ՀՀԿ-ում, որտեղ կան հակասություններ տարբեր խմբավորումների միջև, որոնք գնալով ավելի են խորանում: Պարզ չի Սերժ Սարգսյանի ապագան, ինչի հետևանքով կարող է դաշտում բրոունյան շարժում սկսվել: Իսկ ինչ վերաբերվում է փողին և վարչական ռեսուրսներին, ապա դա որոշիչ է լինելու, հատկապես մարզերում:

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X