Թիկունքում հայրենի հողս էր, մայրս, հայրս, եղբայրս ու սիրելի ընկերուհիս

2016-ի ապրիլյան պատերազմն ապացուցեց, որ հայ զինվորը հզոր է, հայրենասեր, խիզախ: Հպարտության ու կսկիծի հակասական զգացողություններ է ունենում յուրաքանչյուրը, երբ ծանոթանում է մեր զոհված տղաների կենսագրությանն ու կատարած սխրանքներին, սակայն հպարտություն և երջանկություն ենք ապրում, երբ մեր հերոսները վերադառնում են տուն՝ հաղթահարած պատերազմի վտանգները:

Ապրիլյան պատերազմի մասնակից Արման Վարդանյանը արդեն վերադարձել է ծառայությունից, մինչդեռ ամիսներ առաջ իր ընկերների հետ պաշտպանում էր հայրենիքը թշնամու հարձակումներից: Այդ օրերին մոտ 20 ամսվա զինվորը ծառայում էր Թալիշում: Իր ծառայության 1-ին 6 ամիսը եղել է Լուսակերտի զորամասում, ապա՝ Մատաղիսում, այնուհետև՝ Թալիշում: Արմանը ծառայության մեջ էր որպես կրտսեր սերժանտ: Երիտասարդը պատմում է, որ իր ընկերների հետ կարողացել են ոչնչացնել հակառակորդի 3 տանկ, թշնամուն պատճառել 300 զոհ և այլն: «Ես հրետանու հետախույզն էի, և իմ հրամանով դիվիզիան կրակում էր»,-ասում է Արման Վարդանյանը:

Նա վստահեցնում է, որ պատերազմական իրավիճակում խուճապն ու տագնապն իրենց դեմ անզոր էին.«Մենք ավտոմատ կռվում էինք. ես այլ բաների մասին չէի մտածում: Կարևորագույն միտքը, որ ես ունեի, ողջ մնալու միտքն էր,-անկեղծանում է Արմանը և հավելում,-իսկ դիրքերը լքելու միտք անգամ չեմ ունեցել: Չէ՞ որ թիկունքում հայրենի հողս էր, մայրս, հայրս, եղբայրս ու սիրելի ընկերուհիս: Նրանք ինձ ուժ էին ներշնչում: Հայտնի մարդիկ իրենց այցով կարծես մեղմում էին պատերազմի շունչը և թեթևացնում իրավիճակը: Բացի այդ՝ նրանց միջոցով ծնողներս տեղեկանում էին իմ
մասին»:

Արմանի հայրը՝ Անդրանիկ Վարդանյանը, hraparak.am-ի հետ զրույցում, խոսելով ապրիլյան օրերին իր ունեցած ապրումների մասին, ասում է.«Աննկարագրելի է իմ հոգեվիճակն այդ օրերին. աղոթում էի, ամեն վայրկյան հետևում համացանցին: Առաջին օրերին Արմանը զանգում էր ամեն օր, միայն ասում էր «լավ եմ» և հեռախոսն անջատում»:

Արմանը կարոտով եւ վշտով հիշում է այդ օրերին կորցրած ընկերների մասին.«Ընկերներ էլ կորցրի. Նարեկը, Ռուբենը: Նրանք զոհվեցին հրետանու հարվածից: Ապրիլյան պատերազմից հետո, թեև զինադադար հաստատվեց, այնուամենայնիվ, մինչև ծառայության ավարտը՝ զորացրվելը, մենք լարված էինք, սթափ, և ես միշտ զգում էի պատերազմի շունչը»,-անկեղծանում է Արմանը:

Այսօր արդեն 21-ամյա Արմանը շատ պլաններ ունի: Ուսումը կիսատ է թողել և գնացել բանակ: Ուսումը շարունակելու համար սպասում է, որ զինվորական գրքույկում նշեն, որ ինքը պատերազմի մասնակից է, որպեսզի ուսման վարձը զեղչվի, և ինքը կարողանա շարունակել ուսումը: Ունի սիրած աղջիկ, որի հետ պատրաստվում է ընտանիք կազմել:

Անահիտ ԳևՈՐԳՅԱՆ

Մեկնաբանություն
X