Ձերբակալությունները դուռ են բացում արմատական փոփոխությունների՞ համար

Ամանորի նախաշեմին ձերբակալվեցին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը եւ նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետը։ Ազգային անվտանգության ծառայության տարածած հայտարարության համաձայն՝ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում ձևավորվել և տևական ժամանակ գործել է կոռուպցիոն սխեմա, որի միջոցով պաշտոնատար անձինք ստացել են կաշառքներ և դրանք փոխանցել իրենց վերադասներին: ԱԱԾ-ն հայտնաբերել է, որ բժշկասոցիալական փորձաքննությունների տարածքային մի շարք հանձնաժողովների անդամներ քաղաքացիներին օրենքով նախատեսված հաշմանդամության խումբ որոշելու դիմաց նրանցից վերցրել են 20-40 հազար ՀՀ դրամի չափով գումարներ: Այնուհետև գոյացած գումարները հանձնաժողովների նախագահները բաժանել են անդամների միջև, իսկ մի մասն էլ՝ թողտվության համար պարբերաբար հանձնել բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետին: Հաջողվել էր պարզել նաեւ, որ վերոնշյալ կոռուպցիոն շղթայում ներգրավված է եղել բժշկասոցիալական փորձաքննական մարզային առնվազն ինը, Երևան քաղաքի երկու հանձնաժողովի նախագահ, ինչպես նաև վերափորձաքննության բաժնի պետը։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալը):
Եվ մինչ իրավապահները կզբաղվեն կոռուպցիոն սխեմայի հետ առնչություն ունեցող այլ անձանց բացահայտելու ուղղությամբ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն էլ իր հերթին տարածեց հայտարարություն, ըստ որի՝ «պայմանավորված բժշկասոցիալական փորձաքննության համակարգում արմատական փոփոխություններ իրականացնելու գործընթացով, փոփոխվել է բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների աշխատանքային ծրագրերի եւ փորձաքննություն անցկացնելու ժամանակացույցը»։ Սա, իհարկե, չի խանգարում, որ քաղաքացիների դիմումները եւ փաստաթղթերը ԲՍՓ տարածքային հանձնաժողովները շարունակեն ընդունել՝ համաձայն գործող կարգի։ Հայտարարությունում նշված է նաեւ, որ փորձաքննություն իրականացնելու ժամկետների մասին քաղաքացիներին կտեղեկացվի լրացուցիչ։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Անուշ Դանիելյանը նախարարության տարածած հայտարարությանը հավելեց միայն, որ լինելու են արմատական փոփոխություններ, եւ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության գործառույթները վերակազմակերպվելու են։ Իսկ դա, ըստ նրա, արմատական փոփոխությունների փուլերից մեկն է։ Հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերակազմակերպվելու գործակալությունը, կվերածվի առանձին վարչությա՞ն, բաժնի՞։
«Դեռ ընթացքի մեջ է, տեսնենք, 10 օրվա ընթացքում պետք է առաջարկ ներկայացվի կառավարությանը»,- արձագանքեց մեր զրուցակիցը։ Այլ հարցերի նա հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ ինքը մասնագիտական հարցերին չի կարող պատասխանել։ Ըստ մեր զրուցակցի՝ այդ հարցերին չեն կարող պատասխանել նաեւ ոլորտի մասնագետները, որոնք սպասում են, թե կառավարությունում ինչ որոշում կկայացնեն։ Հավանաբար նրանք անակնկալի են եկել նախաամանորյա ձերբակալություններից։
«Թե ինչ փոփոխություններ են լինելու, ինչ մոտեցումներ, այդ մասին կտեղեկացվի մի փոքր ուշ»,-ասաց մեր զրուցակիցը։

Հաշմանդամության կարգ ունեցող Լ․ Ս․-ն մտավախություն ունի, որ իրեն կարող են զրկել համապատասխան կարգից։ Լ․ Ս․-ն տարիներ առաջ ենթարկվել է կրծքի վիրահատության, հեռացվել է կուրծքը։ Նա կարծում է, որ նման դեպքերում իրավունք չունեն հիվանդին զրկելու հաշմանդամության կարգից։ «Տենդենց կա, որ 3-4 տարուց հետո, երբ տեսնում են հիվանդը մահացող չէ, լավ է զգում իրեն, չունի մետաստազ, կարող են զրկել այդ կարգից»,- ասաց մեր զրուցակիցը, որն այս օրերին այցելել է բժշկասոցիալական փորձաքննության տարածքային հանձնաժողով։ Հենց տեղում էլ նա պարզել է, որ ձեւավորվելու է նոր հանձնաժողով՝ նոր կազմով, եւ միայն հունվարի 16-ից հետո կգործի այն։ Իսկ հաշմանդամության ցմահ կարգավիճակ չտրամադրելը մշտապես դժգոհությունների պատճառ է դարձել հաշմանդամների համար։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X