Վրացիներից սովորեք

Ռուսական «Կոմերսանտը» երեկ ուշագրավ հրապարակում էր արել Վրաստանի զբոսաշրջության մասին։ Պարզվում է՝ անցած տարի մեր հարեւան երկիրը զբոսաշրջության ոլորտում ռեկորդ է արձանագրել․ Վրաստան է այցելել 6 միլիոնից ավելի զբոսաշրջիկ, 2 միլիարդ դոլարից ավելի եկամուտ է այն բերել երկրին։ Իսկ «Վոգ» ամսագիրը Վրաստանը ներառել է ամենապոպուլյար տուրիստական ուղղությունների ցանկում։ Ահա այսպես, դանդաղ քայլերով մեր հարեւան երկիրը շտկում է մեջքը, բարելավում տնտեսական վիճակը։ Իսկ մենք ոչ կարողանում ենք օգտվել մեր առավելություններից, ոչ էլ անգամ օրինակ ենք վերցնում նրանից։ Այդ ինչպե՞ս ստացվեց, որ հարուստ պատմություն եւ ցուցադրելու բան ունեցող Հայաստանը, որը նաեւ գեղեցիկ բնություն ունի, բարեհամբույր ու աշխատասեր բնակչություն, չի կարողանում գրավել էկզոտիկ տուրիզմի սիրահարներին, եվրոպաներից վտարված ռուս զբոսաշրջիկներին, մերձավոր Իրանին, իսկ Վրաստանը կարողանում է։ Ոչ միայն չի կարողանում զբոսաշրջիկներ «խլել» հարեւանից, այլ հենց ինքն է լրացնում Վրաստան մեկնողների շարքերը։ Վերջին տարիներին Վրաստանում շատ ավելի հայ է հանգստանում, քան հայաստանյան հանգստավայրերում։ Ստացվում է, որ մենք անգամ մեր ներքին հանգստացողների պահանջները չենք կարողանում բավարարել՝ ոչ լավ սպասարկում ենք առաջարկում, ոչ բազմազան ծրագրեր, ոչ էժան գներ։ Այնպես որ պատահական չէ, որ զբոսաշրջության գումարները ոչ թե Հայաստան են գալիս, այլ գնում են Վրաստան։ Իսկ աշխարհը փոխվել է։ Նախ, զբոսաշրջությունն աճել է՝ մարդիկ այժմ ավելի շատ են շրջագայում, աշխարհ տեսնում, նոր տպավորություններ փնտրում, քան 10-20 տարի առաջ։ Եվ պետություններն էլ հասկացել են, որ սա շատ եկամտաբեր տնտեսության ճյուղ է եւ դրան չի կարելի մատների արանքով նայել։

Մեկնաբանություն
X