Իրավունք

Ավետիսյանների սպանության 2 տարվա մղձավանջն ու բացահայտումները (լուսանկարներ)

>

2015թ-ի հունվարի 12-ի առավոտը Գյումրիում արնաշաղախ էր: Մյասնիկյան փողոցը երկկողմանի փակ էր, 188 տունը՝ ոստիկանների կողմից շրջափակված: Լրագրողներին միայն հաջողվեց պարզել՝ դաժանաբար սպանվել էին ընտանիքի 6 անդամները՝ Սերյոժա, Հասմիկ Ավետիսյանները, նրանց դուստրը, որդին ու հարսը, փոքրիկ Հասմիկը, իսկ սրախողող արված 6ամսական Սերյոժային տեղափոխել են հիվանդանոց: Հարևաններն ու բարեկամները, ողջ Գյումրին ցնցված էր: Ո՞վ կարող էր լինել չափազանց համեստ, արդար քրտինքով ապրող Ավետիսյան ընտանիքի արյունարբու թշնամին:

Գյումրեցիներին վախի ու սարսափի զգացումն էր համակել: Շշուկով միմյանց հորդորում էին տանից դուրս չգալ, անծանոթների հետ չշփվել: Դեպքից ժամեր անց անց սպանության կասկածանքով ձերբակալվեց Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի դասալիք ժամկետային զինծառայող 19-ամյա Վալերի Պերմյակովը, ով իր, ինչպես հետագա, այնպես էլ նախաքննական ցուցմունքներում նշեց՝ գիշերը զենքը ձեռքին, ոտքով ռազմաբազայից հասել է Մյասնիկյան փողոց, Ավետիսյանների տուն մուտք է գործել պատահական, ջուր խմելու նպատակով, նրանց երբևէ չի ճանաչել, տան անդամներին՝ բոլորին սպանել է բռնվելու վախից: Վ. Պերմյակովը ձերբակալվեց եւ հանձնվեց ռուսական կողմին:

Ռուս զինծառայողի ձերբակալությանը հաջորդեցին գյումրեցիների բազմահազարանոց բողոքի ակցիաները՝ լի արդար ցասումով:Գյումրեցիները պահանջում էին մարդասպանին հանձնել իրենց, պատրաստ էին հոշոտել:Գյումրի ժամանած երկրի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից ցուցարարները պահանջեցին կապվել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի հետ, իսկ երբ ՀՀ դատախազի համարձակությունը չներեց դա անել, պահանջեցին, որ նա անմիջապես լքի Գյումրին: Շիրակի մարզային դատախազության շենքում ժամեր շարունակ պատսպարված Գևորգ Կոստանյանի հասցեին ամենաթունդ հայհոյանքները տեղացին, իսկ դատախազության շենքի վրա խելագարված ամբոխը քարեր ու ձվեր նետեց:

Հունվարի 15-ին Ավետիսյաններին հուղարկավորեցին: Ավետիսյանների հոգեհանգստի օրը Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցու բակը հիշեցնում էր Ծիծեռնակաբերդի բարձունքը, որտեղ ապրիլի 24-ին հազարավոր մարդիկ իրենց հարգանքի տուրքն են մատուցում անմեղ զոհերի հիշատակին: Բազմաթիվ գյումրեցիներ եւ մայրաքաղաքից ժամանած հյուրեր կանոնավոր շարքով մտնում էին եկեղեցի՝ խաչակնքում եւ վերջին հրաժեշտն էին տալիս նահատակներին:

Չնայած բժիշկների համառ ջանքերին՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում հունվարի 19-ին մահացավ նաև փոքրիկ Սերյոժան, մարեց Ավետիսյանների վերջին հույսը: Փոքրիկ Սերյոժայի մահը գյումրեցիների ցասումը կրկնապատկեց:Օրեր շարունակ ընթացող բողոքի ակցիաներն ավարտվում էին երիտասարդների ձերբակալություններով:

Գյումրի էին ժամանում բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ: Գյումրեցիներին փոքրիշատե հանգստացրեց այն, երբ համոզվեցին, որ մարդասպանին իր հայրենիք չեն տեղափոխել: Համոզվելու համար մի քանի ցուցարարներ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ռուսական 102-րդ ռազմաբազա մեկնեցին՝ անձամբ տեսնելու Վ. Պերմյակովին:

Օրեր ու շաբաթներ տևած մղձավանջն ի վերջո ցրվեց, համառ պայքարի վերջը չերևաց, գյումրեցին անցավ իր առօրյա հոգսերին: Գյումրեցիների անդորրը կրկին խախտվեց փետրվարի 21-ին, երբ լրացավ Ավետիսյանների ընտանիքի մահվան 40 օրը: Օրը համընկավ ռուսական մասլենիցային: Քաղաքում լուրեր էին պտտվում, թե այդ օրը ռուս սպաները մեծ տոնախմբություն են պատրաստելու:

Գյումրու ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր հայր Անդրեյ Վալցը շտապեց հանգստացնել ոտքի ելած գյումրեցիներին՝ տեղեկացնելով , որ դեռևս հունվարի վերջին ուղղափառ եկեղեցին իր օրակարգում առանձնահատուկ է նշել փետրվարի 21-ը՝ այդ օրը պատարագ մատուցելու նպատակով: Իսկ ահա փետրվարի 22-ին ռուսական եկեղեցին միայն պատարագ մատուցեց՝ օրվա խորհրդի հետ կապված: Ըմբոստ գյումրեցիները համոզված էին, որ, եթե չլիներ իրենց ընդվզումը, գուցե հակառակը տեղի ունենար: Նշենք, որ հենց այդ օրերին Գյումրին իրենց ընտանիքներով շտապեցին լքել ռուս շատ սպաներ:

Դեպքից 7 ամիս անց ռուսական կողմը Վալերի Պերմյակովին դասալքության համար դատապարտեց 10տարի ազատազրկման: Հայկական կողմի դատավարությունը, որ սկսվեց 2015թ-ի դեկտեմբերի 18-ին, աղմկահարույց էր: Սպանված Ավետիսյանների երկու դուստրերը, մորաքույրներն ու հարազատները, իրավապաշտպանների հետ պայքարեցին, որ դատական նիստերը ռուսական ռազմաբազայի տարածքից տեղափոխվեն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, մինչդեռ դատավոր Հարություն Մովսիսյանը չընկրկեց: Շուրջ 9 ամիս տևած դատական գործընթացն ավարտվեց կանխատեսելի վերջաբանով: Վ. Պերմյակովը դատապարտվեց ցմահ: Նրանց տան դռները հարազատների առջև բացվեցին դեպքից միայն 1,6 տարի անց: Հարազատների համար այդպես էլ անբացատրելի մնացին սպանության հիմնական դրդապատճառները: Նրանք առ այսօր էլ չեն հավատում, որ հանցագործը միայնակ է գործել: Ի վերջո շատ հարցեր այդպես էլ մնացին անպատասխան: Որտե՞ղ է պատիժը կրելու Պերմյակովը, Ռուսաստանում, թե՞ Հայաստանում, դատարանը մինչ օրս չի տվել այս հարցի պատասխանը:

Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանները վերջերս դիմել էին վերաքննիչ դատարան: Նրանք պահանջում էին ամբողջությամբ բեկանել եւ փոփոխել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Ինչպես նաև պահանջում, որ հայկական կողմը քաղհայց ներկայացնի ռուսական կողմին՝ նյութական վնասի հատուցման պահանջով, սակայն վերաքննիչ դատարանը մերժեց փաստաբանների բողոքը: Այսօր արդեն լրացավ Ավետիսյանների մահվան երկու տարին: Միանգամից երեք սերունդ, գնաց, անհետացավ, իսկ ահասարսուռ ոճիրը մնաց:

Արևիկ Հակոբյան, Գյումրի

Մեկնաբանություն
X