Երթևեկության կարգավորման «ժիվոյն» է լավը

Մեր պետավտոտեսչությունը, պարզվում է, ցանկութան դեպքում, կարողանում է նաև գործով զբաղվել: Ուզում էի ասել՝ իր գործով, այսինքն անվտանգ երթևեկության ապահովմամբ: Բայց դա այնքան հազվադեպ է լինում, որ ամենափոքրիկ բանն էլ իսկույն նկատվոմ է: Մարդիկ՝ վարորդներն ու հետիոտներն անգամ հուզվում են՝ տեսնելով իր գործն անող ոստիկանին:

Երևանի Աբովյան պուրակից Աբովյան փողոց մտնող հատվածում՝ հետիոտնային անցման մոտ, առավոտյան ոստիկան է կանգնում, ով մեկ հետիոտների հոսքն է դադարեցնում, մեկ՝ մեքենաների: Եվ պետք է տեսնել, թե ինչ կարգապահություն են ցուցաբերում երթևեկության բոլոր մասնակցները, ինչպիսի հարգանք ոստիկանի ու նրա աշխատանքի նկատմամբ:

Նույն կարգապահությունն է նաև մի քիչ ներքև՝ Աբովյան-Կորյուն խաչմերուկում: Հետիոտներն անցնում են ստորգետնյա անցումով, իսկ ավտոմեքենաների հոսքը, չնայած լուսացույցի առկայությանը, կարգավորվում է «ժիվոյ» եղանակով, այսինքն՝ ոստիկանների միջոցով: Քեզ համարյա Շվեյցարիայում ես զգում, երբ հայ ոստիկանը ձեռքերի, փայտիկի և մարմնի գեղեցիկ շարժումներով փակում-բացում է խաչմերուկը: Որոշ վարորդներ այնքան հմայված են դիտում այդ տեսարանը, որ երբեմն հապաղում են տեղից շարժվել: Այդ ժամանակ ոստիկանը փայտը թափահարում է նրա վրա՝ հոպար, քշի... քշի... Ճիշտ է, դրանից հետո անմիջապես հայտնվում ես Երևանում, բայց էլի լավ է, որովհետև գիտես՝ ոստիկանը սարի պես կանգնած է թիկունքիդ, և այդ խաչմերուկում անվտանգությունդ ապահովված է:

Արդեն մի քանի օր է՝ առվոտյան ճանապարհային ոստիկանների ոչ մեծ կուտակում է նկատվում Մյասնիկյան պողոտայի, Սարալանջից իջնող ճանապարհի և Հերացու փողոցի հանգույցում, որտեղից կարելի է նաև դեպի աջ՝ Աբովյան պուրակի կողմ երթևեկել: Ի՞նչ են արել ավտոտեսուչները: Չէ, դա պետք է գրանցել Երևանի ճանապարհային ոստիկանության նվաճումների գրքում: Նրանք հոծ գծի վրայով, մոտ մեկ մետր բարձրությամբ, ժապավեն են քաշել՝ Մյասնիկյան պողոտայից իջնող 2-րդ և 3-րդ շարժման գոտիների հոսքն ուղղելով Հերացու փողոց, որպեսզի կարգազանցները հոծ գծի վրայով այդ շաքերից չմտնեն Աբովյան պուրակ և չխոչընդոտեն Սարալանջից իջնող հոսքին: Արդյունքում, ճիշտ է, երթևեկությունը մի քիչ դանդաղում է, բայց կանգ չի առնում, և ավելորդ խճողում չի առաջանում: Ուստի պետք է զարգացնել ճանապարհային ոստիկանության այդ լուսավոր միտքը: Ո՞վ է այն առաջարկել՝ այդ մարդուն պետք է պարգևատրել, իսկ եթե պետք է՝ դատել, որովհետև կարող էր դա ավելի շուտ մտածել ու չի մտածել:

Ոստիկանությունից մեզ հաճախ են մեղադրում, թե իրենց աշխատանքում լավ բաները չենք նկատում: Այդպես չէ, իհարկե: Լավ էլ նկատում ենք, և մեր աչքից, ինչպես արագաչափից կամ տեսախցիկից, ոչինչ չի վրիպում...

Մեքենայիս պատուհանը մեկը թակեց: Ոստիկանն էր՝ հոպար, քշի, քշի...

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X