Օլիգարխներին ընտրությունից առաջ փող է պետք

Ալյուրի թանկացման մասին գույժը առեւտրականներին հասավ դեռ դեկտեմբերի 30-ին։ Մեկ պարկ ալյուրի գինը ալրաղացները բարձրացրեցին 400-600 դրամով։ Էջմիածնի ալրաղացը տոներից առաջ մի պարկ ալյուրը վաճառում էր 10200 դրամով, իսկ այսօրվանից գինը դարձել է 10700 դրամ։ Ընկերությունում պատճառը չեն ասում։ «Չենք իմանում», - պաասխանում են։ «Բաղրամյան ալրաղաց» գործարանում ալյուրի պարկը թանկացրել են մեկ դոլարով։ «21 դոլարով էինք վաճառում, հիմա դարձրել են 22», - ասաց մեզ արտադրության պետ Սայադ Գասպարյանը։ Նա թանկացումը բացատրում է տրանսպորտային բարդություններով․ «Ճանապարհներն են փակ։ Կարսը մեկ բաց է, մեկ փակ է, ավտոները հինգ-վեց օր կանգնում են, ցորենը սառած է գալիս, ջարդում են, որակի հարցեր կան», - ասում է նա։

Նա հերքում է տարածված կարծիքը, թե ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է ալյուրի գինը բարձրացրել․ «Մոնոպոլ բան չկա, 55 կազմակերպություն ցորենի ալյուր է բերում։ Ոնց կարող է մոնոպոլ լինի»։ Հայտնի է սակայն, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող ձեռնարկությունները շուկայում առաջատար դիրք են զբաղեցնում, որ տարբեր մարդկանց անունով գրանցված կազմակերպություններ կան, որոնց հետեւում նույն մարդն է։ Հացի գներն արդեն որոշ տեղերում արձագանքել են ալյուրի թանկացմանը։ Մարզերում՝ Հրազդանում, Գորիսում, այսօր հացի գինը 40 դրամով բարձր է եղել։ Երեւանի խանութներում հացի գներն առայժմ պահպանվում են։ Թանկացել է նաեւ շաքարավազը՝ 30-40 դրամով։ Մեր աղբյուրները վկայում են, որ շաքարավազի գնի թանկացումը վերջնական չի, եւ երկու-երեք ամսում նոր թռիչք է լինելու, մինչեւ 500-600 դրամի։ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դեռ չի ուսումնասիրել հետտոնական շուկան, բայց ակնհայտ է, որ շաքարի եւ հացի գնաճի էական պատճառներ չկան։ Հետեւապես, Սամվել Ալեքսանյանին թույլատրված է գներ բարձրացնել։ Թերեւս, միակ էական պատճառը ԱԺ առաջիկա ընտրություններն են, որոնց ընթացքում օլիգարխներին մեծ գումարներ են անհրաժեշտ լինելու։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X