Մեր լավ- լավ բաներ խոստացող վարչապետի գործերը լուրջ են

Մի քանի օր առաջ Սյունիքից էին հարայ- հրոցով դիմել՝ հացը մեզ մոտ թանկացել է, Երևանու՞մ ոնց է: Դե Նոր տարի էր, բոլորի փորը կուշտ. ո՞վ էր մտիկ անում: Ոչ մեկն էլ ուշադրություն չդարձրեց, նայեցի, մի անհանգստացող կամ հանգստացնող գրառում չկար:

Հիմա, երբ Ամանորը ետևում է, արդեն Հայաստանի այս ու այն ծերից ձեն են հանում՝ հացը 40-50 դրամով թանկացել է, շաքարավազն էլ մրցույթի մեջ կմտնի, հայտը ներկայացվել է:

Առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը միշտ էլ քաղաքական ենթատեքստ է ունեցել: Դեռ հնուց մեր մեծերը ասում էին՝ եթե հացը թանկանում է, պատերազմ է լինելու: Այն ժամանակ քաղաքականության հոտը այդպես էին զգում:

Հիմա շատ բան է փոխվել: Կոշտ հոտով օդեկելոնին փոխարինել է նուրբ բույրով ֆրանսիական օծանելիքը:

Մեր լավ- լավ բաներ խոստացող վարչապետի գործերը լուրջ են, կարելի է ասել՝ ռազմականորեն լուրջ: Առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը ուղղակի բողոքի ալիք է բարձրացնելու նրա դեմ՝ բա ասում էիր… Լավը չէիր կարողանում անել, գոնե նույնը թողնեիր:

Վարչապետն այնպիսի վիճակում է, որ նստեցրել են գետի ափին ու ասում են՝ առանց կարթի ձուկ բռնիր: Ձեռքերը մեկնում, անգամ փորձում է գետը մտնել, բայց ձկան ետևից չի հասնում: Մեկ- մեկ, անկեղծ եմ ասում, ուզում եմ ասել՝ վարչապետ ջան այդ գետը շնաձկներով լիքն է, գետից դուրս արի ու գնա մոսկովյան ցամաք…

Դառնանք հացի գործին: Հացի գործը, մոնոպոլիան, շաքարի գործը, մոնոպոլիան ու՞մ ձեռքում է: Վարչապետը կարո՞ղ է բռնել, ասենք, Լֆիկի ձեռքն ու ասել՝ բոլ եղավ, հերիք եղավ…

Հենց այդ մոնոպոլ քմահաճ լծակներով էլ վարչապետը ձեռքերը բարձրացնելու է՝ գերի եմ: Այդ օրը չի ուշանալու, եթե հացի ու շաքարավազի գները չկարողանա սանձել:

Հացի թանկացումը, այն էլ միանգամից՝ 40-50 դրամով, հետևանքներ է ունենալու: Ամենաթույլ հետևանքի մասին միայն ասացի:

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X