Մենք թե պատգամավոր ժամանակ ենք ժողովրդի համար աշխատում, թե` ոչ պատգամավոր ժամանակ

Խորհրդարանական ընտրությունների ռեյտինգային համակարգը թեւաթափ է արել բոլոր մականունավոր, գործարար պատգամավորներին, որոնց համար պատգամավորական մանդատը հարգանք-պատվի կարեւորագույն ատրիբուտ է։

Շատերն են հասկանում, որ իրենք առաջիկա ընտրություններում հաջողության հասնելու ոչ մի հնարավորություն չունեն: Եթե համարենք, որ ՀՀԿ-ն իր առջեւ խնդիր է դրել վերցնելու 101 տեղից կազմված խորհրդարանի մեծամասնությունը՝ 52 մանդատ, ապա մյուս ուժերի համար տակը բան չի մնում։ Նույնիսկ ՀՀԿ-ում է շատերի մասնակցությունը լինելու օլիմպիական եւ 13 ընտրատարածքներից յուրաքանչյուրից առավելագույնը երկու թեկնածու է անցնելու, մնացյալները տքնելու են հանուն կուսակցության՝ դրա դիմաց ոչինչ չստանալով։

Պատահական չէ, որ ընտրությունները սարերի ետեւում չեն, իսկ ընտրական ցուցակներն էլ մինչեւ փետրվարի 16-ը պետք է ներկայացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով, բայց խորհրդարանի ներկայիս պատգամավորներից շատերը խարխափում է անորոշության մեջ, նույնիսկ նրանք, որոնք տարիներ շարունակ մանդատը ձեռք են բերել սեփական քրտինքով ու մեծ միջոցներ են ներդրել խորհրդարան գործուղվելու համար։

ԲՀԿ-ական Արշակ Մխիթարյանը՝ Բռլյանտի Արշակը, երրորդ ժամկետն է գլորել ԱԺ-ում, նա մինչ այս պահը առաջադրվելու որոշում չունի․ «Ես ճիշտն ասած հիմա դեռ մտածելու փուլում եմ, փետրվարի սկզբներին նոր կարող եմ ասել։ Այս պահի դրությամբ դեռ ոչ մի քննարկում, ոչ մեկի հետ չեմ ունեցել, ցանկությունս էնպես ա, որ կարող է հաջորդ խորհրդարանում չլինեմ, այնպես չի, որ հստակ բան եմ ասում, բայց միգուցե նման որոշում լինի»- ասաց պատգամավորը, հետաքրքրվեցինք արդյոք ռեյտինգային համակա՞րգն է ազդել նրա ցանկությունների վրա, անհեռանկար դարձրել քաղաքական պայքարը․«Չէ, չէ, դժվարության հարցը չէ, ուղղակի արդեն երեք ժամկետ եղել եմ, հերիք ա էլի, հիմա էլ այլ գործունեություն ծավալենք»։ Մխիթարյանին հիշեցրեցինք, որ պատգամավորական գործունեության ժամանակ մշտապես ինքը եւ գործընկերները պարծեցել են, թե ժողովրդի համար են աշխատում, ինչո՞ւ են որոշել էլ չաշխատել ժողովրդի համար․ «Մենք թե պատգամավոր ժամանակ ենք ժողովրդի համար աշխատում, թե՝ ոչ պատգամավոր ժամանակ եթե հնարավորություն ունենանք նույնպես լավ բաներ կանենք»։ Մխիթարյանն ասաց, որ եթե որոշի շարունակել քաղաքական ուղին, ապա միայն ԲՀԿ-ի հետ։ Նա քչերից էր, որ Ծառուկյանի հեռանալուց հետո մնաց ԲՀԿ-ում, իր վերջնական որոշումն էլ ասաց, որ պայմանավորված չի լինելու Ծառուկյանի վերադարձով․ «Շատ ուրախ եմ, որ Գագիկ Ծառուկյանը վերադառնում է, բայց իմ որոշման հետ կապ չունի, երկու դեպքում էլ ես ԲՀԿ-ի հետ եմ լինելու։

Կամուկացի մեջ է նաեւ Մելիք Մանուկյանը՝ նույն ինքը Շշի Մելոն, չնայած նա առավել քան վստահ է, որ Ծառուկյանը չվերադառնա էլ ԲՀԿ-ն խորհրդարան մտնելու ռեալ շանս ունի, բայց իր հարցում դեռ հստակ չի կողմնորոշվել․ «Տեսնենք, կորոշենք երկուսից մեկը, բայց երեւի փորձեմ մասնակցել», ասաց պատգամավորը։ Նկատեցինք, որ ինքը նույնպես խորհրդարանի հնաբնակներից է, չի՞ ձանձրացել օրենսդիր աշխատանքից, մանավանդ որ ակտիվ չի եղել՝ նրա ձայնը խորհրդարանում չի լսվել, ոչ ելույթ, ոչ հարց, համենայն դեպս խորհրդարանում նրա աշխատանքը նկատելի չի եղել։ Երբեմնի սակավախոս պատգամավորն այնքան նեղսրտեց դառն իրականությունից, որ մի շնչով շարեց․ «Ես ուրիշ տեղ չեմ աշխատել, աշխատել եմ հանձնաժողովներում, մեր ֆրակցիայում, աշխատել եմ տարբեր ձեւով, ինչ կարացել եմ, արել եմ, հիմնականում տնտեսագիտւթյան գծով ու միշտ էլ պատրաստ եմ աշխատելու»։ Մանուկյանն իր վերջնական որոշումը Ծառուկյանի վերադարձով պայմանավորված լինելու մասին մեր հարցը ոչ կոռեկտ համարեց․«Ծառուկյանը պետք է վերադառնա, երեւի կվերադառնա, միասին կորոշենք»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Մեկնաբանություն
X